Հանրապետականները պարտվեցին նաեւ ԱՄՆ-ում

07/11/2008

ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում նույնիսկ այդ երկրի համար աննախադեպ հաղթանակ տարավ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման: Ընտրողների ռեկորդային մասնակցության պայմաններում Օբաման ստացավ ընտրական կոլեգիայի 338 անդամների ձայները` պահանջվող 270 ձայների փոխարեն: Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն ՄըքՔեյնը շտապեց շնորհավորել Օբամային եւ իր թիմակիցներին հայտարարեց, որ դա ոչ թե նրանց, այլ անձամբ իր պարտությունն է: Հայաստանում, իհարկե, շատերը «հինգհազարամյա մշակույթի» բարձունքներից ու մեր «ընտրական մենթալիտետի» դիրքերից ԱՄՆ նախագահի ընտրությունները կհամարեն «լավ բեմականացված ժողովրդավարության իմիտացիա»: Սակայն ակնհայտ է, որ անկախ ամեն ինչից՝ Օբամայի` հատկապես այսպիսի լեգիտիմությունը որոշիչ նշանակություն է ունենալու համաշխարհային գործընթացներում: Հատկապես այդ գործընթացների հիմնական մյուս խաղացողի` Ռուսաստանի նախագահի ոչ ժողովրդավարական լեգիտիմության ֆոնին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրի հետ ամերիկյան ընտրությունները կապ ունեին թերեւս միայն այնքանով, որ, ինչպես Հայաստանի վերջին ՏԻՄ ընտրություններում, ԱՄՆ-ում եւս հանրապետականները պարտություն կրեցին: