Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այնքան էլ լավատես չէ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած դեմոկրատ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցում: Այդ մասին նա հայտարարել է երեկ Երեւանում հրավիրված քննարկման ժամանակ: Ըստ նրա` նախընտրական հռետորությունը եւ հետընտրական քաղաքականությունը տարբեր բաներ են: Ա. Իսկանդարյանն ընդգծել է, որ ԱՄՆ հայ համայնքը կոնսոլիդացված է` ի տարբերություն մի շարք այլ համայնքների, եւ ընտրությունների ժամանակ հանդես է գալիս մեկ միասնական մոտեցմամբ: Այդ տրամաբանությունից ելնելով` ցեղասպանության ճանաչման Բ. Օբամայի հայտարարությունները նախընտրական ռազմավարության մաս կարող էին հանդիսանալ: Ա. Իսկանդարյանի գնահատմամբ` ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության մեջ հազիվ թե կտրուկ փոփոխություններ արձանագրվեն, իսկ «փոքր հարցերի» առումով դժվար է դեռեւս տեսակետ հայտնել: