Վերահսկիչ պալատի նոտ բացահայտումները

07/11/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Իշխան Զաքարյանը չի հեռանում

Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը երեկ հերթական նիստն ու ասուլիսը հրավիրեց` ներկայացնելու տարբեր ոլորտներում հայտնաբերած նոր չարաշահումների փաստերը: Հիշեցնենք, որ Ի. Զաքարյանն իր վերջին ասուլիսը հրավիրել էր սեպտեմբերի 24-ին, երբ ներկայացրեց Սյունիքի մարզում հայտնաբերված չարաշահումները: Դրանից առաջ ՎՊ նախագահը ներկայացրել էր նաեւ ՀՀ Քաղաքաշինության նախարարությունում հայտնաբերած չարաշահումները: Նա իր հայտարարությունները հաստատել էր այդ խախտումների մասին ակտերով, որոնց տակ ստորագրել էին նաեւ մարզպետարանի ու նախարարության ներկայացուցիչները: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին հերքեց, թե մարզպետարանում ու մարզում նման չարաշահումներ են եղել: Իսկ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի փոխարեն պատասխանել էր նրա ներկայացրած կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Այդ փուչիկներն օր օրի տրաքում են»,- ի պատասխան՝ ասել էր Գ. Ծառուկյանը: Ի. Զաքարյանը մինչեւ ՎՊ նախագահ դառնալը նույնպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր: Բացի այդ, Ի. Զաքարյանը հայտարարել էր, թե այսուհետ նման ասուլիսներ հաճախ կհրավիրի ու ամեն անգամ կներկայացնի ՎՊ հերթական ուսումնասիրությունների արդյունքները: Սակայն, ավելի քան մեկ ամիս էր` ՎՊ նախագահը նոր չարաշահումներ չէր ներկայացրել: Այս ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, թե նա շուտով պաշտոնանկ է արվելու, այդ պատճառով էլ ուզում է մեկնել Հայաստանից, իբրեւ թե Ֆրանսիայում տուն է գնել, այդ պատճառով էլ այլեւս չարաշահումներ չի հայտնաբերում: Եվ ահա պարոն Զաքարյանն իր երեկվա ասուլիսը բաժանեց երկու մասի` նախ ներկայացրեց հերթական ուսումնասիրությունների արդյունքները, հետո պատասխանեց Սյունիքի մարզպետի ու Գ. Ծառուկյանի հայտարարություններին, մամուլի հրապարակումներին:

«Ես ասել եմ, որ մարզպետարանի միջոցներով իրագործվող ծրագրերի ժամանակ 94 մլն դրամի վճարում է եղել չկատարած աշխատանքի դիմաց: Դրանից հետո ես լսում եմ հայտարարություններ, թե ոչ մի հավելագրում չկա, դրանք սուտ-մուտ բաներ են: Եվ պետական պաշտոնյան, որը մարզպետ է կոչվում, Վերահսկիչ պալատի նախագահին անվանում է անգրագետ: Եթե իր պատկերացմամբ՝ ես անգրագետ մարդ եմ, ինքն առնվազն Ցիցերոնը կամ Կիրակոս Գանձակեցին է: Ես ցույց եմ տալիս բոլոր փաստաթղթերը` սա մարզպետի պաշտոնական նամակն է, որտեղ գրել է, թե հանձնաժողով է ստեղծել խախտումները հայտնաբերելու ուղղությամբ: Սա նրա տեղեկանքն է ՎՊ-ի հայտնաբերած 84 մլն դրամի թերությունները աշխատանքով վերականգնելու վերաբերյալ: Կան նաեւ դրանց կատարողական ակտերը, որտեղ ստորագրել են մարզպետի ստեղծած հանձնաժողովի անդամները: Իսկ ինչը աշխատանքով չեն կարողացել վերականգնել, 10 մլն դրամ էլ վերադարձրել են, ահա բանկային չեկերը: Ի՞նչն է անհիմն, անհի՞մն է` դատարան դիմեք»,- հայտարարեց Ի. Զաքարյանը:

Ի. Զաքարյանը նաեւ երեկ ասուլիսում հայտարարեց, որ Ֆրանսիայում տուն չի գնել, բայց պատրաստ է այդ տունը նվիրել նրան, ով դա կգտնի: Իսկ ավելի քան մեկ ամիս է ասուլիս չի հրավիրում, որովհետեւ շատ աշխատանք է ունեցել: Քաղաքաշինության նախարարության մասով էլ ներկայացրեց 26 կազմակերպություններում կատարած ստուգումների արձանագրությունները, որտեղ կային նաեւ նախարարության մասնագետների ստորագրությունները: Ասաց, որ պետբյուջե է վերականգնվել 39 մլն դրամ, վերականգնվել է 124 մլն դրամի աշխատանք: Ներկայացրեց հիմնավորումներ նաեւ հայտնաբերած մյուս չարաշահումների մասով ու անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին: «Ես իր ելույթը չեմ մեկնաբանելու, շատ ցավում եմ, ինքը, շատ լավ գիտենք, դուք էլ գիտեք, որ մի քիչ էմոցիոնալ բնավորության տեր մարդ է: Իմիջիայլոց, ես պատրաստվում եմ մոտ օրերս նրա հետ հանդիպել եւ այս բոլոր նյութերը մեկ առ մեկ ավելի խորությամբ ցույց տալ: Մնացած հետեւությունները թող ինքն անի: Ձեզ էլ խնդրում եմ, որ այս թեմայով ինձ այլեւս հարցեր չտաք: Պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւէ անգամ չի քննարկվել ՎՊ նախագահի աթոռը այս կամ այն կուսակցությանը տալու հարցը»,- հայտարարեց Ի. Զաքարյանը:

Ովքե՞ր են կանգնած «Սոկոլ գրուպի» ետեւում

ՎՊ նախագահը երեկ ներկայացրեց չարաշահումներ եւս 4 ոլորտներից: Նախ բավականին հետաքրքիր էր մանկատան սաների համար բնակարաններ գնելու պատմությունը: Կառավարությունը 1,2 մլրդ դրամ է հատկացրել 2003-2008թթ. մանկատան չափահաս սաների համար բնակարաններ գնելու նպատակով: Բնակարանների գնման ծրագիրը վստահվել էր ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը, որն էլ իր հերթին այդ գործը վստահել է ինչ-որ «Սոկոլ գրուպի»: Ընդ որում, բնակարանները գնելու համար հայտարարվել է մրցույթ: Երկու մրցույթների արդյունքում նախարարությունն այդ ծրագիրը որեւէ այլ ընկերության չի տվել, երրորդ մրցույթի ժամանակ տվել է «Սոկոլ գրուպին»: Եվ կարծես թե հատուկ է մրցույթը մի քանի փուլով կազմակերպել, որպեսզի տա հենց «Սոկոլ գրուպին»: 2003թ. հետո ընկերությունը ստացել է մոտ 1 մլրդ 200 մլն դրամի ֆինանսավորում: Այս տարիների ընթացքում 694 մլն դրամով գնել է 227 բնակարան, 92 բնակարանի համար նախատեսված 509 մլն դրամով բնակարան ձեռք չի բերել: Այս տարվա համար նախատեսված 295 մլն դրամը ետ է վերադարձրել բյուջե: Իսկ գնած բնակարաններն էլ հիմնականում չեն համապատասխանել պահանջված տեխնիկական պահանջներին: Ի. Զաքարյանը ներկայացրեց, որ գնված բնակարանները հիմնականում եղել են շենքերի տեխնիկական հատվածներում` նկուղներում կամ մանսարդներում, մինչդեռ պահանջ է եղել, որ դրանք լինեին շենքերի բնակելի հարկերում: Ընկերությունը նկուղներում ու ձեղնահարկերում տարածքներ է գնել, վերանորոգել ու տվել մանկատների սաներին: Բնակարանները պետք է ունենային նվազագույնը 38 քմ մակերես, ջեռուցման համակարգ, առանձին սանհանգույց, սանհանգույցը պետք է սալիկապատված լիներ եւ այլն: ՎՊ-ն պարզել է, որ բնակարաններում համատարած չեն պահպանվել տեխնիկական պայմանները` մակերեսը նախատեսվածից քիչ է եղել, որոշ դեպքերում բետոնե առաստաղին փոխարինել է ինչ-որ կախովի հարմարանք, հիմնականում ջեռուցում չի եղել: Ցույց տրվեցին նկարներ, որտեղ գնված բնակարանների պատերի սվաղը խոնավությունից թափվել է: Իսկ Աջափնյակում էլ մանկատան 6-7 սաներ լքել են բնակարանները, որովհետեւ այնտեղ անհնար է եղել ապրել: «Այս հարցին վերաբերող քննարկումների ժամանակ ոչ մեկիս նյարդերը չէին դիմանում: Այս ծրագրի դեպքում ինչ բառ էլ օգտագործեք` տեղին կլինի»,- ասաց Ի. Զաքարյանը: Նիստի ժամանակ չդիմացան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի նյարդերը: «Այդ քաղաքական ուժը պետք է դրա պատասխանը տա, թե ինչո՞ւ եղավ եւ ինչպե՞ս եղավ: Եթե այս բացահայտումներից հետո այդ կատարողներին չգանահարեն, բարոյապես չոչնչացնեն` ուրեմն ձեզ չեմ հավատա: Ամոթ մեր պետությանը»,- հայտարարեց տիկին Բախշյանն ու դուրս եկավ դահլիճից:

Հիշեցնենք, որ ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը պատկանում է Դաշնակցությանը, եւ Ա. Բախշյանի ակնարկը վերաբերում էր հենց այդ կուսակցությանը: Ի. Զաքարյանն էլ հայտարարեց, թե ծրագրի պատասխանատուն նախարարն էր: Այն ժամանակ նախարարը Աղվան Վարդանյանն էր: Պարզապես ավելացնենք, որ դաշնակցական նախարարները հատուկ վերաբերմունք են ունեցել այս «Սոկոլ գրուպի» նկատմամբ: Առաջին նիստի ժամանակ էլ ՎՊ նախագահը ներկայացրեց, թե գյուղատնտեսական մի ծրագրի դեպքում այս ընկերությունը պետք է սերմեր մատակարարեր, ինչը կրկին մեծ չարաշահումներով է արել: ՎՊ-ն այս ընկերությանը հանդիպել է նաեւ 2 այլ ծրագրերը ուսումնասիրելիս: Իսկ «Սոկոլ գրուպի» կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը զբաղվում է տարատեսակ գործունեությամբ բենզինի, դիզվառելիքի, բիտումի, տեխնիկական յուղերի, շինանյութերի, ցորենի ու այլ ապրանքների մատակարարմամբ, շինարարությամբ, բեռնափոխադրումներով, տուրիզմով ու բազմաթիվ այլ գործերով:

ՀՀ Տրանսպորտի եւ կապի (ՏԿ) նախարարության ծրագրերով իրականացված աշխատանքներն ուսումնասիրելիս ՎՊ-ն հայտնաբերել է 108 մլն դրամի խախտում: ՎՊ աշխատակից Վարդան Առաքելյանը հայտարարեց, թե ՏԿ նախարարության կողմից բավարար ուշադրություն չի դարձվել պետական միջոցների ծախսման ու ծրագրերի թերությունների վերացման վրա: Այս աշխատանքները կատարվել են ՏԿ նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ, ով հիմա ՀՀ նախագահի խորհրդականներից մեկն է: Պետական միջոցներից 439 մլն դրամ է հատկացվել 8 համայնքների գազիֆիկացմանը: Աշխատանքներն իրականացնող «Մանշին», «Մանախ» եւ «Տեդաստ» ընկերությունները նույնիսկ գումարներ են հավաքել գյուղացիներից, բայց գազիֆիկացում չեն իրականացրել: Ի.Զաքարյանն ասաց, որ ընկերություններին մինչեւ փետրվար ժամանակ են տվել գազիֆիկացումն ավարտելու համար: Բավականին հետաքրքիր էր նաեւ Հրազդան գետի հունը մաքրելու եւ ափերն ամրացնելու ծրագիրը: Այստեղ հայտնաբերվել է մոտ 30 մլն դրամի չարաշահում` չկատարած աշխատանքի դիմաց վճարում: Աշխատանքներն իրականացնող «Էջմիածին ջրշին» ընկերության կատարած գործը 1,5 տարվա ընթացքում փուլ է եկել: Մինչդեռ ծրագիրն իրականացնելուց առաջ ընկերությունը խոստացել է 15 տարվա երաշխիք: Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ Հրազդանի ափերն ամրացնելու համար ՀՀ վարչապետի մոտ նոր ծրագիր իրականացնելու առաջարկ է եղել, ինքը, սակայն, առաջարկել է չընդառաջել: Հրազդանի ափերն ամրացնելու ծրագիրն էլ իրականացվել է Դաշնակցության մեկ այլ` Գյուղատնտեսության նախարարության միջոցով: