ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է Չարենցավանի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 26/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Չարենցավանի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Պալյանը, հանդիսանալով Չարենցավանի համայնքի ավագանու թեկնածու, ընտրությունների օրը` 2008թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 12:20-ի սահմաններում, մուտք է գործել նույն համայնքի թիվ 26/10 ընտրատեղամաս եւ վիճաբանել հանձնաժողովի նախագահի տեղակալ Հ.Գալստյանի հետ: Մասնավորապես Ա.Պալյանը Հ. Գալստյանի հետ վիճաբանել է վերջինիս կողմից լրագրողի ինքնությունը հաստատող վկայական պահանջելու, եւ իրեն` որպես ավագանու թեկնածուի, ընտրատեղամասում գտնվելու անթույլատրելիության եւ տեղամասից դուրս հրավիրելու հարցի շուրջ, բռունցքով հարվածել նրա դեմքին` Հ.Գալստյանի առողջությանը պատճառելով թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով: Ա.Պալյանը շուրջ 15 րոպե տեւողությամբ խոչընդոտել ու կազմալուծել է թիվ 26/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներն ու քվեարկության նպատակով ընտրատեղամասում գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքի ազատ իրականացմանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Պալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քր.գործը նոյեմբերի 1-ին ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: