Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային: Նրա շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Օբամա, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները նոր որակ կստանան, մեր երկրների միջեւ կսերտանա տնտեսական ու քաղաքական համագործակցությունը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Ամերիկայի հայկական համայնքի խոշորագույն կառույցներն ինձ բազմիցս իրենց ոգեւորությունն են փոխանցել Ամերիկայի ժողովրդին Ձեր խոստացած փոփոխությունների վերաբերյալ: Բարձր եմ գնահատում հայ ժողովրդի խնդիրների շուրջ Ձեր տեղեկացվածությունն ու մոտեցումները: Հավատում եմ, որ ամերիկահայերը կդառնան մեր երկրները կամրջող ամուր օղակ: Հայ ժողովուրդը երախտապարտ է ԱՄՆ-ին՝ ՀՀ-ին համակողմանի աջակցության համար, որ շարունակական է եղել մեր երկրի անկախացման առաջին տարիներից առ այսօր: Շարունակելու ենք համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի այդ օժանդակությունը նպաստի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական վերելքին: ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դերակատարում ունի նաեւ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։ Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի Նախագահ ընտրվելու առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ի բարօրություն նրա ժողովրդի»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ արդեն նախկին նախագահ Ջորջ Բուշը այդպես էլ չշնորհավորեց Ս. Սարգսյանին: