Երեկ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ-ում էր «հայկական աշխարհի» գիտական-ինտելեկտուալ ողջ սերուցքը:
Այս անգամ վերոնշյալ հանձնաժողովը որոշել էր 60-ն անց գիտնականների հետ քննարկել Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում կրթության եւ գիտության նշանակությունը, սակայն, հասկանալի պատճառներով, այն վերածվեց հերթական լացուկոծի, ինչպես սովորաբար լինում է, ասենք, ԳԱԱ-ում տեղի ունեցող այն միջոցառումների ժամանակ, որոնց մասնակցում են իշխանության ներկայացուցիչները, որոնցից էլ հնարավոր է լինում «գիտության զարգացման» անվան տակ մի քիչ գումար պոկել: Ճիշտ է, երեկ ԱԺ դահլիճում նման մարդիկ չկային, որոնք անմիջապես ձեռքները գրպանները կտանեին ու մի քանի հարյուր հազար դոլար փող կտային գիտնականներից ոմանց, սակայն, դա արդեն նրանց համար նշանակություն չունի, որովհետեւ փող ուզելը եւ ամեն ինչ փողով պայմանավորելը դարձել է հին ու բարի ավանդույթ:
Օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն ամբիոնին մոտեցավ ու այնտեղից հեռացավ փողի մասին խոսելով: Իհարկե, ցանկության դեպքում նրան կարելի է հասկանալ, որովհետեւ գրեթե բոլորի հիշողություններում թարմ է փողի հանդեպ պարոն Մարտիրոսյանի ունեցած մեծ ակնածանքը: Թե՛ ԵՊՀ-ի ռեկտոր եղած տարիներին, թե՛ ԳԱԱ նախագահի պաշտոնում նրան բացառապես գումարային հարցերն են հետաքրքրել, ոչ թե, ասենք, կրթությունը, գիտությունն ու, առավել եւս, այդ երկուսը` ազգային անվտանգության համատեքստում: Ու երբ նա սկսում է նույնիսկ ճշմարտանման բաներից խոսել, այլեւս արժանահավատ չի հնչում, քանի որ բոլորն էլ գիտեն, որ եթե նույնիսկ պետությունը Ռադիկ Մարտիրոսյանին ու նրան նման 60-ն անց այլ գիտնականներին ամիսը 100.000 դոլար տա` գիտությունը «ծաղկեցնելու» համար, միեւնույն է` նա այդ գումարները մսխելու է սեփական ունեցվածքն էլ ավելի մեծացնելու համար: Երեկ նա դժգոհում էր, թե պետության պահանջները` կրթությունն ու գիտությունը եվրոպական չափանիշերին համապատասխանեցնելու մասին, իրար չեն համապատասխանում, քանի որ, օրինակ, եվրոպական կառույցներում մեկ աշխատողին տարեկան հատկացվում է 135.000 դոլար (երեւի նկատի ունի եվրո) աշխատավարձ, իսկ Հայաստանում գիտնականների տարեկան աշխատավարձը կազմում է 3000 դոլար: «Մեկ տարվա ընթացքում 3000 դոլար է հատկացվում մեկ աշխատողին: Հիմա, երբ չափանիշեր եք մշակում, համեմատում եք եվրոպական չափանիշերի հետ, իսկ այդ չափանիշնրի իրագործման համար ապահովումը մի չնչին բան է, որն անհնար է»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը` հավելելով, թե տարիներ առաջ Ակադեմիայի աշխատակիցների թիվը 50 տոկոսով կրճատեցին: Նա նաեւ հեգնեց. «Եկեք, 50 տոկոսով էլ կրճատենք, դարձնենք 2000 աշխատող, իսկ թե այդ դեպքում այն անվտանգության համար ի՞նչ պոտենցիալ կստեղծի` չգիտեմ: Եթե դա էլ անենք, մեկ հոգուն տարեկան կհասնի երկու միլիոն դրամ, բայց այդ դեպքում էլ եվրոպական չափանիշերին համապատասխան գիտություն զարգացնել ի վիճակի չենք»: Այնպես որ` Ռ. Մարտիրոսյանն առաջարկեց՝ շատ արագ, առաջիկայում, քանի դեռ դահլիճում նստած գիտնականները «կենդանի» են, լուրջ ուշադրություն դարձնել գիտությանը, որպեսզի նրանք հասցնեն իրենց փորձը փոխանցել սերունդներին: «Թե չէ նրանք էլ շարքից դուրս կգան»,- իր սերնդակիցների մասին ասաց Ռադիկ Մարտիրոսյանը` հավելելով, թե այսօր պետության մոտեցումը գիտությանը` «այլասերված վերաբերմունք» է: Հետո նա նորից սկսեց խոսել փողից` դժգոհելով, որ պետությունը ԳԱԱ շենքն իրենց տվել է ժամանակավոր, անհատույց եւ անժամկետ, բայց «այդ կառույցների անշարժ գույքի պահպանման համար ոչ մի կոպեկ չի նախատեսում»:
Սակայն հետաքրքիր է, թե գիտնականները, ի դեմս ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, ով երկար տարիներ, ինչպես նշեցինք, եղել է ԵՊՀ ռեկտոր, ի՞նչ են արել եւ անում ապագա սերունդների համար: ԵՊՀ դասախոսները նրան դառնությամբ հիշում են միայն այն դեպքում, երբ պարտադրված են լինում: Ուսանողներն ընդհանրապես չեն ուզում հիշել, քանի որ նրան համարում են «ամենակոռումպացվածն ու կաշառակերը»: ԳԱԱ-ում էլ շատերն են պնդում, որ Ֆադեյ Տաճատիչի անփառունակ պաշտոնավարումից հետո ԳԱԱ նախագահությունը հանձնվեց ավելի անփառունակ Ռ. Մարտիրոսյանին, ով, բացի սրանից-նրանից սեփական կարիքները հոգալու համար փող ուզելուց, ոչինչ չի անում: ԵՊՀ-ում հիշում են, որ Ռ. Մարտիրոսյանի արած միակ լավությունն այդ շենքին եղել է այն, որ նա փոխել է համալսարանի հին ու նոր մասնաշենքերի բոլոր պատուհանները: Սակայն, նրանց ասելով, դա էլ չէր անի, եթե պետբյուջեով ԵՊՀ-ին տրված գումարները «լվանալու» խնդիր չունենար: Բանն այն է, որ Ռ. Մարտիրոսյանը մեծ թափով եվրոպատուհաններ տեղադրեց համալսարանի մասնաշենքերում, քանի որ, ըստ համալսարանականների, դրանք շուկայականից թանկ գներով պատվիրում էր իր որդուն պատկանող արտադրամասին: Նաեւ ասում են, որ հենց ԵՊՀ ռեկտոր եղած տարիներին է նա իր «աշխատավարձով» Աշտարակի Պռոշյան գյուղում առանձնատուն կառուցել:
Իսկ ինտերնետային կայքերում զետեղված ֆորումներում նրա մասին ուսանողներն ու դասախոսներն այնպիսի բաներ են գրում, որ, թերեւս, ավելի լավ է նոր սերունդը մնա առանց փորձի փոխանակման, քան նրանից ինչ-որ բան սովորի: Օրինակ, «persons.am» կայքում նրա մասին, հավանաբար` նրա նախկին ուսանողուհի Մարինա Սանթրոսյանը գրում է. «Անուն, ազգանունս կեղծ չի: Ես եմ, պարոն Մարտիրոսյան: Չե՞ք հիշում: Անիծյալ լինեք էն բոլոր չարիքների ու սարսափի համար, որ ինձ եք պատճառել: Անիծյալ լինեք»: Մեկն էլ, դարձյալ նրա ռեկտոր եղած տարիների մասին գրում է, որ Ռ. Մարտիրոսյանը ԵՊՀ ռեկտոր էր ընտրվել «կեղծիքներով ու ստով». «Բարոյազուրկ ու դոլարասեր մի մարդ, որի համար մարդու ամենակարեւոր արժանիքը հարստությունն է եւ երիտասարդությունը»: Կամ` «Ռ. Մարտիրոսյանը Արսեն Քարամյանի հետ համալսարանը խոպան է դարձրել: Գռփում են` ինչքան կարողանում են: Սկսած արտասահմանից, վերջացրած հայաստանցի գործարարները կլպվում են ու կլպվում: Ոնց են քանդում համալսարանը: Այ ժողովուրդ, մինչեւ երբ պետք է դիմանանք ու լռենք: Մեկ է` էդ մարդն անկուշտ է»: Մի ուսանող էլ գրում է` «Համալսարանը վարկաբեկեցիք, հիմա էլ անցել եք ԳԱԱ-ին»: Ի դեպ, այդ կայքում ԵՊՀ դասախոս ներկայացող մեկն էլ պահանջում է հեռանալ Ռ. Մարտիրոսյանին` նրան խորհուրդ տալով մեկ ամիս ապրել իր տված աշխատավարձով` «Ով չգիտի, որ քեզ դրել ես շինարարի տեղ ու տարբեր պանսիոնատներ ու կենտրոններ ես կառուցում զուտ մեկ պատճառով` շինարարության վրա գռփելն ավելի հեշտ է»:
Այնպես որ` Ռ. Մարտիրոսյանը, որ գիտության մեջ կտրուկ բարեփոխումների կողմնակից չէ (համենայնդեպս, ԳԱԱ նախագահ ընտրվելու ժամանակ ինքն է այդպես ասել), կտրուկ բարեփոխումներ է նախընտրում սեփական գրպանում:
Հ. Գ. Իսկ թե ինչո՞ւ էր ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովը հերթական նման անիմաստ լսումները կազմակերպել` այդպես էլ մնաց անհասկանալի: Չնայած ճոռոմ նախադասությունների ու քծնանքի սիրահարների համար այն հրաշալի առիթ էր, քանի որ եղան նաեւ բազմաթիվ ելույթներ, որտեղ դիֆերամբներ էին հնչում վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հասցեին: