Աշխարհի գրեթե բոլոր հայերն անհամբեր սպասում էին ԱՄՆ նախագահի ընտրություններին: Ընդ որում, տպավորությունն այնպիսին էր, որ այդ ընտրությունների արդյունքներն ավելի շատ էին հետաքրքրում մեզ` հայերիս, քան Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունների արդյունքները միասին:
Իսկ պատճառը մեկն էր` Բարաք Օբաման խոսք է տվել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Ես չափից ավելի լավատես եմ, բայց, այնուամենայնիվ, հիվանդագին ռոմանտիկ չեմ: Օբաման որպես անձ՝ միգուցե եւ ճանաչի ցեղասպանությունը, սակայն որպես ԱՄՆ նախագահ՝ նա երբեք չի ճանաչի ՆԱՏՕ-ի իր գործընկեր Թուրքիայի կողմից 20-րդ դարի սկզբին կատարած ոճրագործության փաստը: Եվ Աստված տա, որ այս հարցում սխալվեմ: Իսկ եթե ոչ՝ ապա կստացվի այնպես, որ հայերը հերթական անգամ «կտեր կերան»: Սակայն այս անգամ այդ «կտեր» տվողը ոչ ֆրանսիացիներն ու գերմանացիներն են, ոչ էլ իռլանդական արմատներ ունեցող Քլինթոնն ու Բուշը, այլ Քենիայից ԱՄՆ ժամանած Բարաք Հուսեյն Օբամա ավագի որդին` Բարաք Հուսեյն Օբամա կրտսերը:
Իսկ հիմա վերադառնանք հայրենիք եւ խոսենք «հայրենական կտերի» մասին: Հենց այստեղ է երեւում, թե որքան «պրիմիտիվ» են ամերիկացիները եւ ինչ անսահման ֆանտազիա ունեն հայերը: Արդեն 40 տարուց ավելի՝ ԱՄՆ նախագահի թեկնածուները ոչ մի նոր «կուտ» չեն կարողանում մտածել, եւ անընդհատ խոսում են միայն ցեղասպանությունը ճանաչելու մասին: Թեեւ, եթե դա, ինչպես փորձն է ցույց տալիս, անխափան անցնում է, ինչո՞ւ պետք է մարդիկ ուղեղներին զոռ տան ու նոր բան մտածեն: Իսկ ահա հայերը ինչեր ասես, որ չեն «մոգոնում»: Սկզբից ասում էին, որ մենակ «Ջերմուկով» ու մոլիբդենով Հայաստանը տնտեսապես ինքն իրեն կարող է պահել: Հետո պարզվեց, որ «Ջերմուկով» ու մոլիբդենով կարելի է ոչ միայն պարզապես պահել, այլեւ չափից ավելի լավ պահել… սակայն ընդամենը մի քանի հայկական ընտանիք: Հետո մենք դարձանք «ժողովրդավարության կղզյակ», որտեղից, չգիտես ինչու, սկսեց մարդկանց մասսայական արտագաղթը: Ավելի ուշ պարզվեց, որ «ժողովրդավարության կղզյակի ժողովրդավար ղեկավարների դեմ խաղ չկա»: Բայց, ինչպես ասում են. «Պրոտիվ լոմա նետ պրիյոմա, եսլի նետ դրուգովա լոմա»: Հետո եկան մարդիկ, որոնց «լոմերն» ավելի մեծ էին: Պարզապես սկզբնական շրջանում այդ «լոմերը թերթիկների մեջ էին փաթաթված եւ չէին երեւում»: Իսկ երբ «թերթիկները ճղվեցին, եւ լոմերը պարզ երեւացին», ինկուբատորի պես բազմացան այն մարդիկ, որոնց տված «կտերն» իրենցից եւ իրենց կուսակցություններից մեծ էին: Միայն հնդկական կինոյի հերոսի նման ավանդները վերադարձնող «տղեն» ինչ ասես, որ արժեր: Համաձայնեք, որ հնդկական կինոներին շատ նման է: Սկզբից «տղեն» հայտնվեց, հետո կորավ, բայց ավելի ուշ, «տոհմական խալի» շնորհիվ՝ նա կրկին գտավ իր «պապային»: Եվ հիմա երջանիկ է` ինչպես երբեք: Ի դեպ, նման մի սցենարով էր աշխատում նաեւ մեկ այլ «կուտ տվող հաճախորդ»: Տարբերությունը մեկն էր` նա ոչ թե հնդկական կինոյի օրինակով էր աշխատում, այլ լատինաամերիկյան սերիալի: Շատ երկար խաղաց ու անընդհատ լացացնում էր: Ավելին` հարստանալուց հետո էլ ինքը սկսեց լացել: Բայց քանի որ սերիալները զզվեցրել են անգամ իշխանություններին, ապա «նավթալինոտ եւ սերիալոտ» կուտ տվողներից կարող են սահուն անցում կատարել ավելի խոշոր գաղափարական «կտերին»: Գաղափարական կտերից ամենահինն իրենց «ազգային սոցիալիստ» համարող դաշնակցականներն են: Դաշնակցականներն այնքան են սոցիալիստ, որքան հանրապետականները` պահպանողական: Թեեւ հանրապետականներն ավելի շատ են պահպանողական, որովհետեւ նրանց մեծ մասն այսօր խնդիր ունի պահպանելու իր սեփականությունը, այլ ոչ թե նժդեհականության գաղափարները: Իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը լիբերալ-սոցիալիստական է: «Ուտելուց»` լիբերալ է, քանզի խտրականություն չի դնում, թե ում «ձեռքից է ուտում», սակայն խոսելիս էլ` սոցիալիստ-պոպուլիստ է: Ի տարբերություն մնացած ուժերի կտերին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «կտերը» բավականին առարկայական եւ նյութականացված են: Ու պատահական չէ, որ ՏԻՄ ընտրություններում այս կուսակցության ներկայացուցիչները հաղթանակ են տոնում, իսկ ՕԵԿ անդամներից ոմանք ողջ համայնքում ընդամենը մեկ ձայն են ունենում: Անցնենք ընդդիմադիր «կտերին»: Անգամ «հաճախորդների» մտքով չէր կարող անցնել, որ նույնիսկ սովորական «ձեռքով բարեւելը» կարող է դառնալ այդքան մեծ կուտ: Դե, իսկ արմատական ընդդիմության կտերն այնքան էլ թարմ չէին: Միջին տարիքի եւ ավելի տարեց ՀՀ քաղաքացիներից շատերի համար այդ կտերը քսան տարվա վաղեմություն ունեին: Պարզապես այս անգամ նրանք համեմված էին ռեփ-ով եւ իշխանությունների հասցեին ուղղված բավականին դիպուկ եւ ճշմարիտ քննադատությամբ:
Դե, իսկ շարքային բժիշկներ կամ ուսուցիչներ բռնելու իշխանական «կտերը», որպես կանոն, կարճատեւ ազդեցություն են ունենում: Նույնիսկ երեխաները գիտեն, որ շարքային բժիշկն իր աշխատավարձը «դա կապեկ» վերադարձնում է հիվանդանոցի տիրոջը կամ գլխավոր բժշկին, իսկ ուսուցիչը հավաքած գումարի մեծ մասը հասցնում է դպրոցի տնօրենին, տնօրենը՝ վարչության պետին, վարչության պետը՝ ավելի բարձր օղակներ: Նույնը կարելի է ասել Պետավտոտեսչության, կադաստրի, ռեգիստրի եւ այլ գերատեսչությունների մասին, որոնց պետերի պաշտոնները, կոալիցիոն համաձայնագրի համաձայն, բաժան-բաժան են արված: Սակայն ոչ ոք դեռ չի լսել, որ պատժվի որեւէ դպրոցի տնօրեն կամ կադաստրի պետ, գլխավոր բժիշկ կամ հարկայինի պետ:
Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, «կտեր» մի կերեք: Որովհետեւ, օրինակ, ինկուբատորի հավերին էլ են շատ կուտ տալիս: Սակայն հետո նրանք հայտնվում են Ձեր իսկ սեղաններին, բայց արդեն՝ «փիդրած» վիճակում: