ԼՂՀ. նախընտրական բացահայտումներ

26/06/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին 10 օր է մնացել: Նախընտրական
քարոզարշավի այս օրերին բնակիչներից շատերն ուշի ուշով են հետեւում
պատգամավորության թեկնածուների ելույթներին, ինչպես նաեւ՝ նրանց
«քայլերին»: Ժողովուրդը զարմանում է, որ որոշ պատգամավորներ այս հինգ
տարիներին լռելով` միայն վերջերս են սկսել հանդես գալ կառավարությանն
ուղղված մեղադրանքներով: Ասվածի վառ ապացույցն օրերս ԱԺ մշտական
հանձնաժողովների համատեղ նիստն էր, որտեղ քննարկվեց ԼՂՀ 2004թ. պետական
բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Քննարկման ընթացքում ԱԺ
պատգամավոր, ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արկադի Սողոմոնյանը բարձրացրեց
Խաչեն-Խրամորթ-Ասկերան ոռոգման ջրանցքի շինարարության հարցը: Ըստ նրա,
ջրագծի կառուցման համար 2001-ից ծախսվել են տասնյակ միլիոններ, սակայն
ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրատարը չի աշխատում: Ի պատասխան՝ ԼՂՀ
քաղաքաշինության նախարար Բորիս Ալավերդյանը նշեց, որ փաստը
համապատասխանում է իրականությանը: Նա միաժամանակ հավաստիացրել է, որ ՀՀ-ից
ակնկալվող լրացուցիչ ներդրումների շնորհիվ այս տարվա վերջին պահանջվող
չափանիշներին համապատասխան նոր ջրագիծը պատրաստ կլինի: Պատգամավորների
մյուս հարցը վերաբերում էր պահուստային ֆոնդից նոր ավտոմեքենաների գնման
համար լրացուցիչ գումարներ տրամադրելուն: ԱԺ պատգամավոր Սուրեն Սարգսյանը
փորձում էր պարզել, թե ինչ սկզբունքներով են նույն ֆոնդից գումարներ
տրամադրվում որոշ մարդկանց` իրենց բնակարանները վերանորոգելու համար:
Հարց է ծագում` արդյոք ուշ չե՞ն հնչում նման հարցերը, առավել եւս, որ
դրանք շտկելն արդեն անհնար է: Ամեն ինչ ժամանակին պետք է արվի, որպեսզի
չընկալվի որպես նախընտրական քարոզչություն:
Օրինակ, ՀՅԴ անդամ Վահան Բադասյանը, որն առաջադրել է իր թեկնածությունը,
Արցախի «Դեմո» հանրային թերթում մի քանի անգամ անդրադարձել է
կառավարության կողմից ստեղծված «Ակադեմիա» ՍՊԸ-ի (փաստացի ղեկավարը`
նախկին գյուղնախարար Բ. Բախշիյան) գործունեությանը:
Տեղեկության կարգով նշենք, որ 2001-ին ստեղծված «Ակադեմիա» ՍՊԸ-ն ստանձնել
է ԼՂՀ Գյուղնախարարության կողմից մշակված երկու ծրագրերի
իրականացում`«Հացահատիկային մշակաբույսերի սերմաբուծության ծրագիր» եւ
«Կարտոֆիլի ապրանքային արտադրության կազմակերպումը հանրապետությունում»:
Վահան Բադասյանը, որը 2002-ից զբաղվում է ցորենի սերմնարտադրությամբ, այն
կարծիքին է, որ Արցախում սերմարտադրողները պետք է կարողանան
վերարտադրությունից անցնել արտադրության եւ ստեղծել
գիտահետազոտական–սերմնաբուծական կենտրոններ, բավարար գիտական ներուժի վրա
հիմնված սելեկցիոն կայաններ: «Պետությունը պետք է աջակցի նշված
գործընթացին, եւ ոչ թե հովանավորի այս գործով զբաղվող առանձին
սուբյեկտների: Գյուղնախարարը, ըստ երեւույթին, կառավարությանն է
ներկայացրել գյուղատնտեսության վարկային հերթական ծրագիր, համաձայն որի՝
կառավարությունը պետք է տրամադրի ֆինանսներ` սերմ գնելու եւ վարկի ձեւով
կարիքավոր հողօգտագործողներին հատկացնելու համար»,- նշել է Վ. Բադասյանը:
Ըստ նրա, կառավարությունը 120 մլն դրամ է տրամադրել «Ակադեմիա» ՍՊԸ-ին`
որպես լիցենզավորված սերմ արտադրողի: Շուկայական գներից անհամեմատ բարձր
գներով (180 դրամով) սերմ գնելը 2004-ին մյուս մրցակիցներին դրել է ոչ
շահեկան վիճակի մեջ: Սրանով գործադիրն արհեստականորեն իր մենաշնորհն է
հաստատում բնագավառում: Վահան Բադասյանի խոսքերով, կառավարությունը խախտել
է գործող օրենքները, որոնց համաձայն` Պետական գնումների գործակալության
կողմից պետք է սերմարտադրողների միջեւ մրցույթ հայտարարվեր` ծրագիրն
իրականացնելու համար: Սակայն «գյուղացու գլխին փաթաթել են միայն մեկ
տեսակի սերմ, որն առաջարկվել է գյուղնախարարի կողմից` առանց հաշվի առնելու
հողային գոտիները եւ այլն»:
Նախկին գյուղնախարար Բենիկ Բախշիյանն ի պատասխան նշել է, որ անցած տարի
գյուղացիներին օգնելու նպատակով որոշվել է 700 տոննա ցորենի սերմ
հատկացնել հողի սեփականատերերին` երկու տարվա ընթացքում նույն ֆիզիկական
քաշով պարենային ցորեն վերադարձնելու պայմանով: Ցանքը չուշացնելու համար
կառավարությունն անհրաժեշտ քանակությամբ ցորենի սերմ է ձեռք բերել
սերմարտադրող երկու կազմակերպությունից` «Ակադեմիա»-ից եւ Հայ
տեխնոլոգիական խմբից, բայց ֆինանսավորման համար կառավարությունը միջոցներ
է հայթայթել ավելի ուշ: «Դրանով է բացատրվում այն, որ ծրագրի իրականացման
համար սերմարտադրողների միջեւ նախապես մրցույթ չի հայտարարվել»,- ասել է
Բ. Բախշիյանը:
Մեր տվյալներով, վերցված վարկերի վերադարձումը դժվար է ընթանում: Եվ,
չգիտես ինչու, ո՛չ կառավարությունը, ո՛չ իրավապահ մարմինները չեն
արձագանքել այդ տվյալներին: