Լոռու մարզում ինֆեկցիոն հիվանդության մասսայական բռնկումը կասեցված է, եւ հիվանդների հոսք չկա: Երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասել է, որ ամեն օր հեռախոսով զրուցում է մարզպետի հետ, որն էլ ներկայացնում է իրավիճակը: «Լոռու մարզի ինֆեկցիոն հիվանդանոցում գրեթե չունենք նոր հիվանդներ, վարակը կանխվել է: Մեր մասնագետները ժամանակին արձագանքել են եւ լուրջ միջոցառումներ են իրականացրել»,- նշել է Հ. Քուշկյանը: Նրա խոսքով, քննարկումներ է տեղի ունեցել Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Գյուղատնտեսության նախարարության ղեկավարության մասնակցությամբ եւ հերքել են սննդից, օդակաթիլային ճանապարհով վարակվելու տարբերակները: Հնարավոր տարբերակը, ըստ նախարարի, ջուրն է: «Երեւի ջրի եւ կոյուղու խողովակների վթար է տեղի ունեցել, որի արդյունքում էլ խառնվել են միմյանց: Լաբորատոր ուսումնասիրությունները դրա մասին են խոսում»,- ասել է Հ. Քուշկյանը: Առողջապահության նախարարության հանձնարարությամբ շարունակվում են մարզում իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ, հիպերքլորացվում է ջուրը, ինչպես նաեւ շարունակվում են ջրի ուսումնասիրման աշխատանքները: