Բարձր տեխնոլոգիական կրծկալներ՝ «Հայկական աշխարհից»

07/11/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վիճակագրությունը բավականին հետաքրքիր բան է, թեեւ մեզանում այն ոչ միանշանակ է ընդունվում։ Հայաստանում ոչ բոլորն են վստահում պաշտոնական վիճակագրությանը՝ այսինքն՝ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող ցուցանիշներին։

Սակայն, անգամ այդ պաշտոնական վիճակագրությամբ ի հայտ են գալիս իրողություններ, որոնք բավական հետաքրքիր են՝ հատկապես, երբ դիտարկում ենք համեմատության մեջ։ Օրինակ, մեր տնտեսական աճով, որով շատ ենք սիրում պարծենալ, շատերին ենք գերազանցում՝ այդ թվում՝ ԱՊՀ-ի մեր հարեւանների մեծ մասին։ Սակայն, երբ ՀՆԱ-ի աճից հետեւում ենք մյուս ցուցանիշներին՝ արդյունաբերություն, արտաքին առեւտուր եւ այլն, շատ պետությունների համեմատ մեր վագրաձեւ թռիչքը, մեղմ ասած, խամրում է։

Համոզվելու համար պետք է ընդամենը աչքի անցկացնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կայքում տեղադրված «ԱՊՀ երկրների շտապ հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները 2008թ. հունվար-օգոստոս» հրապարակումը։ Տվյալները վերցված են ԱՊՀ երկրների վիճակագրության ծառայություններից։ Եվ այսպես, երբ խոսքը վերաբերում է համախառն ներքին արդյունքի ցուցանիշի կամ տնտեսական աճին, մենք, իհարկե, նախանձելի թիվ ունենք։ Հունվար-օգոստոսին ՀՆԱ-ի աճը կազմել է 10.3 տոկոս։ Ավելի բարձր ցուցանիշ ունեն միայն Բելառուսն ու Ադրբեջանը՝ համապատասխանաբար, 10.6% եւ 13.2% (տես աղյուսակը

Սակայն, երբ հետեւում ենք, օրինակ, արդյունաբերական արտադրանքի ծավալների փոփոխությանը, ապա աճի տեմպերով մեզանից ցածր ցուցանիշ է արձանագրել միայն Տաջիկստանը։ Ի դեպ, Տաջիկստանն էլ Հայաստանի նման բուռն շինարարության շնորհիվ է ապահովում ՀՆԱ աճը. շինարարությունը 2008թ. հունվար-օգոստոսին աճել է 103.5%-ով։ Սակայն, արի ու տես, որ տաջիկները, անտեսելով արդյունաբերությունն ու ուշադրությունը կենտրոնացնելով շինարարության վրա, այնուամենայնիվ, հաջողացրել են 6.2 տոկոսով ավելացնել արտահանման ծավալները։

Իսկ մենք այդ ցուցանիշով «պատվավոր առաջին տեղում»` բայց ցուցակի վերջից՝ արձանագրել ենք արտահանման 3.8%-անոց անկում։ Ներմուծման առումով, իհարկե, ԱՊՀ մեր հարեւանները մեզանից ետ չեն մնացել, սակայն նրանց արտահանման ցուցանիշներն աճել են 20-60 տոկոսով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա համեմատությունը, մեղմ ասած, մեր օգտին չէ։ 2008թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ադրբեջանի արտահանումն աճել է ավելի քան 10 անգամ։ Ինչ վերաբերում է հունվար-սեպտեմբերին, ապա մեր արտահանումը չնչին աճ է արձանագրել՝ 0.4 տոկոս, եւ կազմել 832.5 միլիոն դոլար։ Սակայն արտահանման ցուցանիշն ավելի հետաքրքիր է, հատկապես համեմատության մեջ։ Այսպես, ՀՀ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով (որոնք վերցված են www.customs.am) կայքից, Հայաստանի արտահանումը հունվար-սեպտեմբերին կազմել է 835 միլիոն դոլար։ Սակայն էականն այն չէ, որ այս թիվը 2.5 միլիոնով մեծ է ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշից. համաձայնեք, որ հարյուր-միլիոնների մեջ սա ընդամենը մանրուք է։ Մաքսայինի ցուցակն ավելի հետաքրքիր է, քանի որ ներկայացված են արտահանման ծավալներն՝ ըստ տարբեր ապրանքատեսակների, ընդ որում՝ ինչպես բնեղեն արտահայտությամբ, այնպես էլ՝ ըստ մաքսային արժեքի (տես աղյուսակ 2

Նշենք, որ մենք առանձնացրել ենք այն ապրանքները, որոնք մեծ տեսակարար կշիռ ունեն ընդհանուր արտահանման մեջ եւ գերազանցել են 4 միլիոն դոլարը։

Եվ երբ շատ տարածված «excel» ծրագրի միջոցով այդ աղյուսակին ավելացրեցինք եւս 3 քանի սյունակ՝ տեսնելու համար, թե բնեղեն ու ըստ մաքսային արժեքի աճերը միմյանց որքան են համապատասխանում, հետաքրքիր պատկեր ստացվեց։ Պարզվում է՝ արտահանման մեջ ամենից մեծ բաժին ունեցող 25 ապրանքատեսակներից 13-ի արտահանումը բնեղեն արտահայտությամբ նվազել է։ Օրինակ, «երկաթամիահալվածք» բարդ անվանմամբ հոդվածով անցյալ տարի հունվար-սեպտեմբերին արտահանումը կազմել է 176.8 միլիոն դոլար, իսկ այս տարի՝ 180.5 միլիոն։ Աճը կազմել է 2.1 տոկոս։ Սակայն բնեղեն արտահայտությամբ ամենեւին էլ այդպես չէ. անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին արտահանվել է 4575 տոննա երկաթամիահալվածք, իսկ այս տարի՝ 4120 տոննա, 9.9%-ով պակաս։ Կամ, օրինակ, ցեմենտի արտահանումը՝ մաքսային արժեքով աճել է 27.9 տոկոսով՝ կազմելով 32.4 միլիոն դոլար։ Սակայն բնեղեն արտահայտությամբ նվազել է 10.5 տոկոսով։ Փաստորեն, կարելի է պնդել, որ թեեւ զուտ թվային տեսքով կամ դրամական արտահայտությամբ արտահանումն աճել է, սակայն իրականում մեր երկիրը գնալով ավելի ու ավելի քիչ է արտահանում։ Եվ արտահանման աճն էլ գրանցվում է հիմնականում արտահանվող ապրանքների գների աճի հաշվին։

Որպեսզի պատկերն ավելի պարզ դառնա, կատարենք եւս մեկ պարզ հաշվարկ։ Հիմք ընդունելով աղյուսակում նշված չափման միավորներն ու մաքսային արժեքները՝ նշված 25 ապրանքներից ու ապրանքախմբերից յուրաքանչյուրի համար որոշեցինք պայմանական գին։ Օրինակ, սուրճի գինը 2008թ. հունվար-սեպտեմբերի համար կազմել է 2.63 դոլար (10.9 միլիոնը բաժանած 4155 տոննայի), իսկ անցյալ տարի կազմել է 2.19 դոլար։ Եթե սուրճի արտահանումն այս տարվա հունվար-սեպտեմբերին չնվազեր բնեղեն արտահայտությամբ, այլ արտադրվեր գոնե անցյալ տարվա չափ՝ 4893 տոննա, ապա արտահանման արժեքը կկազմեր ոչ թե 10.9 միլիոն, այլ՝ 12.8 միլիոն դոլար։ Նման հաշվարկ կատարելով բոլոր 25 հոդվածների համար, կարելի է ասել, որ եթե բնեղեն արտահայտությամբ արտահանումը չնվազեր, այլ գոնե մնար նախորդ տարվա մակարդակին, ապա 720 միլիոնի փոխարեն՝ արտահանումը կկազմեր 790 միլիոն դոլար։ Համաձայն ենք, որ տնտեսագիտության մեջ նման «բռի» հաշվարկներն ու «եթե»-ներն ընդունված չեն, սակայն սա ոչ թե գիտական աշխատություն է, այլ պարզապես իրերին փոքր-ինչ այլ տեսանկյունից նայելու փորձ։ Ո՞վ ասաց, որ թիվ «կռվացնելը» թույլատրված է միայն պետական մարմիններին։

Արտահանման կառուցվածքի մասին չենք խոսում, դա առանձին հոդվածի նյութ է։ Պարզապես նշենք, որ եթե արտասահմանցի ինչ-որ մեկը կարդա այս աղյուսակը ու հետո իմանա, որ այդ երկրում «տեղեկատվական տեխնոլոգիաները» համարվում են գերակա ճյուղ, հաստատ «տեղեկատվական սթրես» կապրի։ Բարձր տեխնոլոգիաները գերակայություն դարձրած երկիրը արտահանում է հանքանյութեր ուգ կրծկալ՝ 11 միլիոն դոլար ընդհանուր ծավալով։