Համաշխարհային ճգնաժամն ու Հայաստանը

07/11/2008 Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի բավականին ծիծաղելի վիճակում է հայտնվում, երբ երկրի գլխավոր մենեջերի` վարչապետի շուրթերից լսում է կենցաղային հոգեբանության եւ իբր թե տնտեսության խառնուրդ հիշեցնող ինչ-որ անհասկանալի բան: Ինչպես ողջամիտ մարդկանց մեծ մասի, այնպես էլ ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց վարչապետի այն միտքը, թե մի՛ խոսեք ճգնաժամի մասին, եւ այն կանցնի մեր կողքով: Վախենամ, թե վաղը կարգելվի խոսել Լուսնի մասին, եւ ի՞նչ. Լուսինը մեզ համար կդադարի՞ գոյություն ունենալուց:

Առաջին բանը, ինչի մասին արժե մտահոգվել, այն է, որ մենք քվեարկում, ընտրում եւ երկրի ղեկավար պաշտոններում նշանակում ենք մարդկանց, ովքեր ի վիճակի չեն ղեկավարելու երկիրը, իսկ հետո զարմանում ենք, երբ նրանք, մեղմ ասած, ոչ ճիշտ որոշումներ են կայացնում: Ավելին, նրանք, որպես կանոն, կայացնում են հակաժողովրդական որոշումներ, ինչը նշանակում է, որ նրանց կայացրած որոշումները ձեռնտու են միայն ընտրյալների իրենց նեղ շրջանակի մարդկանց: Կարծում եմ` ժողովրդի վստահությունը սպառվել է ինչպես ընդդիմության (նախկին իշխանության եւ ներկայիս իշխանությունների ծնողի), այնպես էլ այսօրվա իշխանությունների նկատմամբ: Բոլոր խոսակցություններն այն մասին, թե մենք բոլորս պետք է տեսնենք նոր իշխանությունը, որն օր ու գիշեր պետք է աշխատի հանուն յուրաքանչյուրիս բարօրության, այդպես էլ լոկ խոսակցություն մնացին: Զարմանալի է, բայց երրորդ նախագահը նույնպես հարկ չի համարում իր երկրի քաղաքացիներին բացատրություն տալ իր կարեւորագույն որոշումների առթիվ: Այդպես եղավ եւ՛ Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երբ հրապարակավ հայտարարվեց, որ Արեւմուտքը, եւ առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, մեր մերձավոր հարեւանին` Վրաստանին, զենք է տրամադրում (եւ ակնհայտաբար շարունակելու է տրամադրել): Նախագահը բացատրություն չտվեց Թուրքիայի նախագահ Գյուլի` Հայաստան այցի եւ նրա արած հայտարարությունների ու մեկնաբանությունների, ինչպես եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի` Հայաստան կատարած պաշտոնական այցի վերաբերյալ: Այս ի՞նչ արհամարհական վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ, որի մեծամասնությունը դժվարանում է հասկանալ, թե ի՞նչ է ուզում երրորդ նախագահը, եւ ո՞ւր է տանում երկիրը: Կարող են ասել, որ մեղավորը հասարակությունն է, եւ ես դրա հետ միանգամայն համամիտ եմ: Միաժամանակ չեմ մոռանում, որ հասարակության ներսում կան ազնիվ, գիտակից, սկզբունքային մարդիկ, որոնց կամ դուրս են նետել իշխանության մեխանիզմից, կամ «կուլ են տվել»: Կան նաեւ տուժածներ, ձերբակալվածներ ու սպանվածներգ

Սակայն ողջ աշխարհում ճգնաժամ է, իսկ յուրաքանչյուր մարդ մի անգամ է ծնվում, եւ բոլորն էլ ուզում են իրենց կյանքն ապրել որքան հնարավոր է լավ, ուզում են իրենց պաշտպանված զգալ: Հենց նման պատմական պահերին է ակտուալ դառնում ծագած խնդիրներին համապատասխան ընդհանուր գաղափարի անհրաժեշտությունը, ոչ թե այն ժամանակ, երբ մեզ դրամաշնորհներ են ուղարկում, կամ երբ Քըրքորյանը փող է տալիս, իսկ մենք բոլորս միասին լուրջ եւ գործնական տեսքով գողանում ենք: Այսօր երկրի առջեւ ծառացել են ֆինանսատնտեսական եւ քաղաքական լուրջ խնդիրներ, բայց ովքե՞ր են դրանք լուծելու:

Ամենահարուստ եւ ամենազարգացած երկրների հսկայական ջանքերը (ի դեպ, որոնք կերակրում են Հայաստանին եւ բախտի քմահաճույքին թողնված նրա քաղաքացիներից շատերին) տագնապահարույց են: Բառացիորեն օրերս երկիրն ականատես կլինի, թե ինչպես կդադարի Հայաստանում ծավալվող շինարարությունը, ինչպես բանկային ոլորտում անկում կգրանցվի: Սակայն հարուստները, որոնք այդ հարստությունը կուտակել են ոչ թե խելքի շնորհիվ, այլ խմբային երաշխավորության, չունեն ոչ խելք, ոչ պրոֆեսիոնալիզմ` հասկանալու, թե ինչպես կարելի է շատ թե քիչ անցավ դուրս գալ այս չափազանց ծանր ճգնաժամից: Այս ճգնաժամը կարելի է դիտարկել իբրեւ ֆինանսատնտեսական հին համակարգի վերագնահատում, որը վերափոխվում է նոր, ավելի գլոբալ, խիստ վերահսկվող համակարգի: Բացառված չէ, որ այս ճգնաժամի դրդապատճառները դարձան վերափոխումների սկիզբը, որ, ինչպես հասկանում եք, չի կարող առանց ցնցումների անցնել: Սակայն դրանից տուժում են նախ եւ առաջ ոչ թե զարգացած, հարուստ երկրները, այլ աղքատները, որոնց կախվածությունը համաշխարհային տնտեսությունից խիստ զգալի է:

Այս պայմաններում մենք պետք է ոչ միայն գոյատեւենք, այլեւ բեռ չդառնանք մեր ազգականների համար, որոնք Հայաստանի իրենց հարազատներին ֆինանսական օգնություն են ուղարկում: Նրանց մեծ մասը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Արգենտինայի, մյուս երկրների առավել անպաշտպան խավին է պատկանումգ Ուշադրություն դարձնենք, որ ամենից շատ տուժած երկրների թվում է Ռուսաստանը, որի տնտեսության առաջատար ճյուղերի արժեթղթերն ընկել են մինչեւ 74%, իսկ ավելի քան 3,5 մլն հայեր բնակվում են հենց Ռուսաստանում (դրանց մեծ մասն այստեղ են տեղափոխվել կա՛մ Հայաստանից, կա՛մ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններից):