Աշխարհի մեծ թվով պետությունների ղեկավարներ երեկ շնորհավորել են Բարաք Օբամային ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, շնորհավորելով Օբամային, նշել է, որ «ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փոխհարաբերությունները կենսական կարեւորություն ունեն մեր բարօրության ու անվտանգության համարգ Բարաք Օբաման ոգեշունչ ընտրարշավ անցկացրեց, նրա եռանդուն քաղաքականությունը հիմնվում է առաջադիմական արժեքների եւ ապագայի տեսլականի վրա»,- ասված է Բրաունի հայտարարության մեջ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Օբամային հղած շնորհավորական նամակում նշել է. «Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ սերտ համագործակցությամբ մենք համախումբ կդիմավորենք նոր վտանգներն ու ռիսկերը եւ կօգտագործենք այն բազմաթիվ հնարավորությունները, որ բացվում են գլոբալ աշխարհի առջեւ»: Մերկելը հաջողություններ է մաղթել ԱՄՆ-ի նորընտիր նախագահին եւ նրան հրավիրել է ըստ կարելվույն շուտ այցելել Գերմանիա: Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոն այսօր Բարաք Օբամային շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման հույս է հայտնել: «Պատմական նոր դարաշրջանում ես անհամբերությամբ եմ սպասում, որ կառուցողական համագործակցության մեր երկկողմ հարաբերությունները հասնեն նոր մակարդակի»,- ասված է ՉԺՀ-ի ղեկավարի գրավոր հայտարարության մեջ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ առավոտյան հեռագիր է ուղարկել Օբամային, որում շնորհավորում է նրան «փայլուն հաղթանակի» առթիվ: «Ընտրելով Ձեզ՝ ամերիկյան ժողովուրդն ընտրել է փոփոխությունները, անկեղծությունն ու լավատեսությունը»,- նշվում է Ֆրանսիայի նախագահի նամակում: «Ձեր ընտրվելը հսկայական հույսեր է առաջացնում Ֆրանսիայում, Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում»,- գրում է Սարկոզին եւ հավելում, որ Օբաման կարող է ակնկալել Ֆրանսիայի եւ իր «անձնական աջակցությունը»: Երեկ Օբամային շնորհավորել է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն, հայտարարելով, որ Օբամայի ընտրվելը համագործակցության նոր հեռանկարներ է բացում Ամերիկայի եւ Եվրամիության միջեւ: «Մեզ հարկավոր է ընթացիկ ճգնաժամը վերածել նոր հնարավորության: Մեզ նոր կարգ է հարկավոր նոր աշխարհի համար: Ես անկեղծորեն հուսով եմ, որ Օբամայի ղեկավարությամբ ԱՄՆ-ը ուժերը կմիավորի Եվրոպայի հետ, որպեսզի հաստատի այդ նոր աշխարհակարգը»,- ասել է Բարոզուն: Նրան շնորհավորել է նաեւ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը եւ հրավիրել է այցելել իր երկիր: «Դեպի Սպիտակ տուն Ձեր անսովոր ուղին մարդկանց կոգեշնչի ոչ միայն Ձեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում»,- նշել է Սինգհը: «Մեր ժողովուրդները սերտորեն կապված են, եւ ես ուրախ կլինեմ Ձեզ հետ աշխատել՝ կենսագործելու համար համագործակցության այն վիթխարի ներուժը, որ կա Հնդկաստանի եւ ԱՄՆ հարաբերություններում»: Իսկ Ճապոնիայի վարչապետ Տարո Ասոն շնորհավորական ուղերձում Օբամային խոստացել է համագործակցել ԱՄՆ-ի ղեկավարի հետ երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու համար: «Ես ցանկանում եմ ջանքեր գործադրել ամերիկաճապոնական դաշինքի հետագա ամրապնդման համար եւ միջազգային հանրակցության տարբեր հիմնախնդիրները լուծել նախագահ Օբամայի հետ համագործակցությամբ»,- ասված է Ճապոնիայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ:
«Պատմական» է համարել Օբամայի հաղթանակը Իրաքի արտգործնախարար Խոշիյար Զիբարին` նշելով, որ ինքը նոր նախագահի օրոք կտրուկ փոփոխություններ չի սպասում ամերիկաիրաքյան հարաբերություններում: Զիբարիի խոսքով՝ Օբամայի ընտրվելը հնարավորություն է «ապագայում հաջող գործընկերություն հաստատելու երկու երկրների միջեւ»: Իսկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Օբամային ուղղված նամակում գրել է. «Խորապես համոզված եմ, որ նախագահի բարձր պաշտոնում Ձեր գտնվելու ընթացքում ամերիկա-ուկրաինական հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման: Հավատում եմ, որ Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերությունն այսուհետեւ էլ նկատելի դեր կխաղա աշխարհում խաղաղության ու կայունության ապահովման գործում»,- նշել է նա: Ի դեպ, Օբամային առանձին շնորհավորել է նաեւ Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որին նրա հաղթանակը ոգեշնչել է: «Այն, ինչ անհնարին էր թվում, դառնում է հնարավոր»,- ասել է նա: