Հավերժ վերադարձի մեխանիկան կամ նույնության օրենքը

07/11/2008 Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ արդեն պարզ էր, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, փորձել էի կանխատեսել հետեւյալ վտանգները.

ա. նրանից խլվում է պատմականությունը, այսինքն՝ նա զոհաբերում է իր պատմականությունը (Երրորդ Հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ), փոխարենը ստանում է չգիտեմ ինչ:

բ. վտանգավոր է այն իմաստով, որ ինչպես Վանո Սիրադեղյանն է գրում, ցավոք, նա այլընտրանք չունի. ուրեմն զոհաբերվում է նաեւ այլընտրանքը: Իսկ նման դեպքերում պետք է միայն հաղթանակ ակնկալել, հակառակ դեպքում, Հայաստանը 10-15 տարի շարունակելու է մնալ այնպիսին, ինչպիսին կա,

գ. այս սպառնալիքն ավելի վտանգավոր է նաեւ այն պատճառով, որ ոչ ոք չի կասկածում հայ ժողովրդի զոհաբերություն կատարելու ընդունակությանը: Ավելին. նա միայն զոհաբերող է եւ չի խնայի իր լավագույն զավակներին հանուն սրիկաների, ինչպես Երրորդ Հանրապետության այս բոլոր տարիներին,

դ. այս ընտրություններն ընտրություն են ներկայի եւ ապագայի միջեւ եւ ոչ թե, ինչպես կարծում են, ներկայի եւ անցյալի միջեւ:

Տարին բոլորեց, եւ մանավանդ աշուն է, ուրեմն՝ ճտերը հաշվելու իսկական ժամանակը: Առաջին կետում ասվածը, մեծ վերապահումներով, իհարկե, կարելի ասել, որ իրագործվել է. մեկ տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանին մեղադրեցին հնարավոր եւ անհնար բոլոր մեղքերում՝ սպառելով այն ողջ կապիտալը, որ առաջին նախագահն ուներ՝ պատմականությունը, իրականում չտալով ոչինչ:

Երկրորդ կետը պնդելու համար առանձնապես խորաթափանցություն հարկավոր չէր. ցավոք թե ափսոս, առաջին նախագահն իսկապես այլընտրանք չուներ քաղաքական դաշտի այն ավերակներից, որ ժառանգելու էր, եթե հաղթեր, որ եւ օժիտ մնաց Սերժ Սարգսյանին, որովհետեւ «պարտվեց»: Ինչպես կանխատեսվում էր՝ զոհաբերվեց նաեւ այլընտրանքը, եւ Հայաստանի 10-15 տարիների ապագան գրեթե այլեւս զրկվեց ընդդիմադիր ներքին ռեսուրսներից այս երկրում որեւէ բան փոխելու գործում, եւ հույսը, որ սովորաբար վերջինն է մեռնում, բայց, ի վերջո, մեռնում է, էլի մնաց Աստված, արդեն 1500 տարի հոգեվարք ապրող այս ժողովրդի մտատեսիլներում:

Երրորդ կետի գնահատությունն ամենաակնհայտն է. այս անգամ էլ մենք զոհաբերեցինք ազգի լավագույն զավակներին:

Չորրորդ կետում ասվածն անհեթեթության աստիճանի բացարձակ իրողություն է՝ մենք այլեւս ընտրություն չունենք ո՛չ անցյալի ու ներկայի, ո՛չ էլ ներկայի ու ապագայի միջեւ:

Ցավոք (այս դեպքում իսկապես՝ ցավոք), Հայաստանի դեպքում ճիշտը Մաքիավելին դուրս եկավ, որ Ալիեւների հետ հանդիպումների ընդմիջումներին սիրում էր կարդալ երկրորդ նախագահը: Մարդ, որի պետության մասին հայացքների համար ամաչում էին անգամ ժամանակակիցները, որովհետեւ դրանք միաժամանակ վարկաբեկում էին քրիստոնեական արշալույսից երեւան եկած հասարակական միանգամից երեք համակարգ՝ բնական, աստվածային եւ մարդկային օրենքները, ու ուղղված էին ոչ թե պետության, այլ իշխողների իշխանությունը ամրապնդելուն: Հիմա, Հայաստանի դեպքում, Մաքիավելու ասածները անմեղ մանկական թոթովանքներ են թվում, քանի որ վերջին տասը տարում երկրում հաստատապես մի բան է ամրապնդվել՝ իշխողների իշխանությունը, իսկ պետությունը նույնքան թուլացել է: «Բանտը չի կարող նույնանալ պետականությանը… գետտոն եւ պետականությունն անհամատեղելի են… գետտոն եւ հայրենասիրությունը անհամատեղելի են», 1998թ. նախագահական ընտրություններից հետո մի շարք հոդվածներում շեշտադրում էր վաղամեռիկ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը: Հավանաբար, պետության եւ պետականության մասին նրա պատկերացումներն էին այդքան տարբերվում ժամանակակից հայ պետականակերտիչների պատկերացումներից, որովհետեւ անցած տասը տարիներն ապացուցեցին միանգամայն հակառակը. գետտոն եւ պետականությունը ոչ միայն համատեղելի են, այլեւ սպառնում են իրականություն դառնալ, եթե արդեն չեն դարձել: Փոքր-ինչ այլ է «գետտո-հայրենասիրության» համատեղելիության պարագան, եւ որքան որ երկուսն էլ հավասար քարոզչություն են պահանջում, սակայն հնարավոր չէ գետտոն հայրենասիրությամբ արդարացնել, ինչպես հնարավոր չէ ազգայնամոլությունն արդարացնել ազգասիրությամբ, քանի որ մեկի հաստատումը մյուսի հերքումն է: Հավանաբար, ճիշտ է այն պնդումը, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ճշմարտության իր ռեժիմը, հետեւաբար՝ ճշմարտության իր քաղաքականությունը, այսինքն՝ դատողությունների այն համակարգը, որ ներկայացվում է որպես ճշմարտություն եւ դրվում քաղաքականության հիմքում: Ինչպես միշտ, մերը պատմական է, ըստ այդմ՝ հետահայաց, որ նշանակում է, թե մեր ճշմարտության պատմությունը ճշմարտության անվերջ ուշացման պատմություն է: «Պատմական իրականության մեջ ոչ մի իդեալ չկա,- գրում է Օսվալդ Շպենգլերը,- կան միայն փաստեր: Չկան ճշմարտություններ, կան միայն փաստեր: Ոչ մի հիմք չկա, ոչ մի արդարություն, ոչ մի համաշխարհային, ոչ մի վերջնական նպատակ, կան միայն փաստեր, եւ նա, ով դա չի հասկանում, թող գրքեր գրի քաղաքականության մասին, սակայն դրանով քաղաքականություն չի ստեղծի»: Ուրեմն՝ ճշմարտության մեր ռեժիմը դեռ շարունակելու է իր ապարդյուն պտույտը, որպեսզի սկսվի այնտեղից, որտեղից ընդհատվել է, մի տեսակ նիցշեական հավերժ վերադարձի օրենքներով հաստատելով միեւնույն բանը. նորից նախագահական ընտրություններ կլինեն, նորից միջազգային դիտորդները դրանք կգնահատեն մի քայլ առաջ նախորդ ընտրություններից, նորից կունենանք այլընտրանք, որ օր առաջ կզոհաբերենք, ես կամ մեկ ուրիշը նորից կանխատեսումներ կանի, սակայն՝ ոչ մի ընտրություն: