«Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»

07/11/2008

Այս խոսքերով կարելի է բնորոշել տարբեր հարաբերություններ, բայց անկեղծ ծիծաղեցի, երբ հասկացա, որ այս զգացմունքային, ինչ-որ չափով ռոմանտիկ միտքը կիրառելի է նաեւ հայ գյուղացու եւ ՀՀ կառավարության հարաբերություններում:

Խոսքն, այսպես ասած, գյուղացուն տրված «մեծ» օժանդակության մասին է, որը մեծ պարծանքով ներկայացվում է ԶԼՄ-ներում, եւ կառավարության անդամները` հերթ չտալով մեկը մյուսին, շտապում էին հայտնել այդ ուրախ լուրը` գյուղացիներին պետք է բաժանվի պարարտանյութ` զեղչված գներով. մոտ 3000 դրամ` մեկ պարկի դիմաց: Առաջին հայացքից թվում է՝ ոչ մի տարօրինակ բան չկա. պետությունը սուբսիդավորում է պարարտանյութի վրա գյուղացու ուղղած ծախսերը, բայց թե՛ նախորդ տարիների, թե՛ այս տարվա փորձը մեզ հուշում է, որ այս գործընթացը շատ հարցականներ է առաջացնում: Փորձենք պարզաբանել, թե ով է շահում եւ ով է վնաս կրում այս «օժանդակությունից»:

Ամեն տարի, երբ պետությունը ֆինանսավորում է պարարտանյութի ձեռք բերումը, ուղիղ մի քանի օր անց այդ պարարտանյութը հայտնվում է շուկայում արդեն համեմատաբար բարձր գնով` մոտ 12.000 դրամ՝ մեկ պարկը:

Օգնության պարարտանյութը վաճառվում է շուկայում, եւ սա փաստ է, որն ապացուցում է՝ օգնությունը մինչեւ վերջ եւ ամբողջովին չի հասել վերջնական սպառողին, այսինքն՝ բյուջեով կատարված ծախսերը չեն հասել իրենց նպատակին. փաստացի վատնվել են կամ, լավագույն դեպքում, վատնվել են մասամբ: Եվ այս նույն պատկերը` ամեն տարի:

Ո՞վ է մեղավոր

Առաջին հարցը, որ տրվում է, այն է, թե ո՞վ է վաճառում պարարտանյութը՝ ներմուծող կազմակերպությո՞ւնը, կոռումպացված չինովնի՞կը, գյուղապետե՞րը: Չեմ ցանկանում քննարկել այս տարբերակները նախ այն պատճառով, որ չունեմ ոչ մի ապացույց: Ավելի քիչ հավանական եմ համարում այն, որ վերոնշյալ աղբյուրներից է օգնությունը վերածվում առեւտրի առարկայի, քանզի ցանկացած տարի համապատասխան մարմինները (Հակամենաշնորհային կոմիտե, ՆԳ մարմիններ եւ այլն) պարտադիր կերպով ուսումնասիրում են այս հարցը եւ փորձում գտնել մեղավորներին: Տեղյակ չեմ, թե շարունակական բնույթ կրող այս հետախուզությունն ինչով է ավարտվում: Թերեւս ոչ մի բանով, բայց պարզ է, որ նման առեւտրի մեջ ընդգրկվելն իրո՛ք լուրջ գլխացավանք է թե՛ ներմուծող կազմակերպության, թե՛ չինովնիկի, թե՛ գյուղապետի համար. դա նրանց պետք չէ:

Եվ այստեղ է ի հայտ գալիս ամենահետաքրքիր փաստը. մեծ մասամբ հենց գյուղացին է վաճառում այդ օգնությունը: Պատճառները բազմաթիվ են. թե՛ օրվա խնդիրները լուծելու կարիքը, թե՛ համապատասխան գիտելիքների պակասը, թե՛ այլ պատճառներ ստիպում են գյուղացուն գնալ այդ քայլին: Անկախ նրանից՝ ով է վաճառում պարարտանյութը, փաստն այն է, որ պետության կազմակերպված ակցիան իր հիմնական նպատակին չի ծառայում: Բայց նույնիսկ բյուջեի գումարների վատնումը չէ հիմնական վնասը, որը տալիս է նման ձեւով օգնության բաժանումը: Եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում երկրորդային շուկայում: Նկատում ենք, որ այս շուկան կարծես թե բացակայում է: Երբ զրուցում ես գործարարների հետ, բոլորը բերում են մի պատճառ՝ եթե պետությունը օգնության տեսքով գյուղացուն պարարտանյութ է վաճառում՝ հաշվի չառնելով հումքի գինը, ապա, համաձայնեք, որ մրցակցել նման գների պայմաններում ուղղակի անհնար է: Հիշեցնեմ, որ 3000 դրամ՝ մեկ պարկի համար գինը կառուցվում է զուտ ճանապարհածախսից եւ այդ գումարում ներառված չէ ապրանքի գինը, որը եւ փաստացի սուբսիդավորվում է պետության կողմից:

Իսկ ամենասարսափելին հիշողությունն է: Նույնիսկ, եթե մեկ տարի սուբսիդավորում չի իրականացվում պետության կողմից, գյուղացին հիշում է նախորդ տարվա սուբսիդավորված պարարտանյութի գինը եւ չի ցանկանում վճարել ավելին. իր մեջ տպավորված է մեկ պարկը՝ 3000 դրամ գինը: Սա լուրջ խնդիր է բիզնեսի համար: Այստեղ է, որ կարող ենք հիշել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի խոսքերը. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»:

Կեղծ գնի պատկերը նույնպես լուրջ հոգեբանական հետք է թողնում սպառողի վրա եւ տալիս է իր վնասները նաեւ ապագա տարիներին: Հատկապես այժմ, երբ գյուղացին լիարժեք չի տիրապետում ժամանակակից աճեցման տեխնոլոգիաներին, նա, անվերջ գանգատվելով աճեցման անարդյունավետությունից, փորձում է լուծումները գտնել էժան սերմացուի, էժան պարարտանյութի կամ, ընդհանրապես, պարարտանյութից հրաժարվելու միջոցով: Մինչդեռ լուծումները լրիվ հակառակ կողմում են:

Սա էլ է հետեւանք ոչ գրագետ կազմակերպված եւ մտածված օգնության: Մենք, այս էլ քանի տարի է` վայելում ենք այդ «օգնության» պտուղները: Այն փաստը որ բիզնեսը չի ներխուժում այդ ասպարեզ, շատ մտահոգիչ պետք է լինի ցանկացած պետության համար, սա աքսիոմա է: Չէ՞ որ ներմուծող կազմակերպությունները նաեւ բերում են իրենց հետ նոր, ավելի ժամանակակից պարարտացման տեխնոլոգիաներ, համապատասխան գրականություն եւ գիտելիքներ: Իսկ մենք շարունակում ենք մնալ «վրացական սելիտրայի» մակարդակին: Կազմակերպել բիզնեսի ներհոսքը ցանկացած ասպարեզ` զգայուն աշխատանք է, եւ այս հարցում մեծ է պետական բարձրաստիճան չինովնիկների դերը, որոնք պետք է աշխատեն այս ուղղությամբ եւ ոչ թե տարիներ շարունակ համառորեն կազմակերպեն սուբսիդավորում, որից հասցեատերը բնավ չի շահում, կամ որը գյուղացուն նպատակային չի ծառայում:

Ո՞ւմ է ձեռնտու

Կան համեմատաբար խոշոր գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնք հաճախ պատկանում են միջին եւ բարձր օղակի չինովնիկներին, եւ որոնք, իհարկե, շահագրգռված են նման կարգի սիբսիդավորման մեջ: Այդ տնտեսություններն ունեն համապատասխան մասնագետներ, ովքեր լավ պատկերացնում են պարարտանյութի իրական գինը, եւ որոնց մտքով էլ նույնիսկ չի անցնի վաճառել մեկ պարկը 12.000 դրամով: Համոզված եմ, որ այդ տնտեսություններն առաջին հերթին են ստանում իրենց հասանելիք օգնությունը: Հենց այս օղակն է, որ ոգեւորված զեկուցում է իր ղեկավարությանը, թե անհրաժեշտ է գյուղատնտեսությունը սուբսիդավորել՝ պարարտանյութ բաժանելու տեսքով, իսկ վերջնական որոշում ընդունող մարմինը պարզապես գործից անտեղյակ է, ինչն էլ ամենավտանգավորն է:

Բայց մի՞թե այս տնտեսություններին էր ուղղված այս օգնությունը. կարծում եմ` ոչ: Նման ձեռնարկությունները կարողանում են արտահանել իրենց բերքը, կարող են ներմուծել ցանկացած տեսակի պարարտանյութ. այդ նպատակով իրենք ունեն թե՛ համապատասխան միջոցներ, թե՛ մասնագետներ, թե՛ պարարտացման անհրաժեշտության գիտակցություն:

Կարծում եմ՝ սուբսիդավորում կազմակերպելուց առաջ նախ պետք է մանրամասն ուսումնասիրել նման ձեւով օգնություն կազմակերպելու հետեւանքները: Պարզվում է՝ երբեմն օգնությունը կարող է ավելի մեծ վնասներ պատճառել, քան անտարբերությունը, ինչին, ի դեպ, սովոր է մեր գյուղացին: Եվ խոսքն այնքան էլ բյուջեի վատնման մասին չէ. դա չարյաց փոքրագույնն է: Ամենամեծ չարիքն այն է, որ վերանում է երկրորդային շուկան, բիզնեսը դուրս է գալիս այս ասպարեզից, դադարում է նոր տեխնոլոգիաների, ժամանակակից պարարտանյութերի ներհոսքը, ստեղծվում է կեղծ գնի պատկեր, որը եւս մի քանի տարով հետաձգում է բիզնեսի ներհոսքը:

Հուսով եմ՝ կառավարությունը կդադարեցնի մատուցել ժողովրդին այս արջի ծառայությունը հետագայում, իսկ առաջացած միջոցները կուղղվեն, օրինակ, Վանաձորի քիմկոմբինատի վերականգնմանը (նախկինում այս գործարանը պարարտանյութ էր արտադրում) կամ, ծայրահեղ դեպքում, կուղղվեն «Արդյունավետ բուսաբուծության հիմքերը» գրականության ձեռքբերմանը եւ տարածմանը Հայաստանում:

Տիգրան ԱԶԻԶԲԵԿՅԱՆ
ֆերմեր