«Փայլուն» բրիտանացի Դեւիդ Դիքինսոնի հայկական արմատները

07/11/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Դեւիդ Դիքինսոնը հայտնի մարդ է Մեծ Բրիտանիայում: Նա ոչ միայն հաջողակ ու պրոֆեսիոնալ անտիկվար` հնաոճ իրերի փորձագետ է, այլեւ` մեծ լսարան ունեցող հաղորդումների հեռուստախոսնակ է, եւ սրամիտ ու հմայիչ տղամարդու համբավ է վայելում: Նա մի քանի գրքերի հեղինակ է եւ մի քանի հեռուստահաղորդումների պրոդյուսեր է:

Անտիկվարիատի ուսումնասիրությամբ ու վաճառքով Դեւիդ Դիքինսոնը սկսել է զբաղվել երիտասարդ ժամանակ, երբ շրջելով Մանչեստերի փողոցներում` ուշադրությամբ ու ոգեւորությամբ նայել է ցուցափեղկերում տեղադրված իրերին: «Որակից ու հնությունից բացի, իրը պետք է հետաքրքիր պատմություն ունենա: Այն ժամանակ, երբ ես զգացի, որ հին իրերի գինը նրանց պատմության մեջ է, ես սկսեցի երազել նրանց գաղտնիքները բացահայտելու մասին»,- ասել է նա իր հարցազրույցներից մեկում: Հետագայում նա սկսել է հավաքել, գնել ու վաճառել 18-րդ եւ 19-րդ դարերի զարդերը, կահույքն ու այլ արժեքավոր իրերը` գլխապտույտ կարիերա անելով, ճանաչված դառնալով ու հարստանալով:

Նրա ստեղծած «Bargain Hunter» («Գործարքի որսորդ») հաղորդաշարը, որը հեռարձակվել է BBC1 ալիքով ու 7 մլն հանդիսատես է հավաքել էկրանների մոտ, յուրահատուկ նշանաբան է ունեցել, որը Դիքինսոնն այսպես է ձեւակերպել. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է իրերի գաղտնիքը բացահայտելու շանս ունենա: Օգտվեք ձեր շանսից, գնեք իրերը` եկամուտ ստանալու կամ էլ պարզապես հաճույքի համար»:

Անտիկվար իրերի շուկայում անառարկելի հեղինակություն վայելող Դեւիդ Դիքինսոնը համոզված է, որ յուրաքանչյուր հաջող գործարքի հիմքում ոչ թե բախտն է դեր խաղում, այլ` սեփական գիտելիքների ու փորձառության օգտագործումը: «Մի վախեցեք ու մի շտապեք, եւ փորձեք գնվող ապրանքի մասին որքան կարելի է շատ հարցեր տալ: Եթե դու հմայիչ ես ու քաղաքավարի ես մոտենում գործարք անող միջնորդներին, ապա հնարավորություն ես ստանում շատ ավելի մանրամասն պատասխաններ ստանալ քո հարցերին»,- այսպիսի խորհրդով է նա սկսում BBC հեռուստաալիքով հեռարձակվող իր «Dickinsonգs Real Deal»` «Իրական գործարք Դիքինսոնի հետ» հաղորդաշարը, որի ընթացքում նա` կիրառելով իր փորձն ու գիտելիքները, ուղիղ եթերում բացատրում է մասնագիտական «հոտառության» կարեւորությունն ու ուղղորդում է անտիկվարիատի շուկայում առաջին քայլերն անող մարդկանց:

Դեւիդ Դիքինսոնի հաղորդումները մեծ հաջողություն ունեն նաեւ հաղորդման հեղինակի կերպարի շնորհիվ: Նրա խնամքով համադրված, էլեգանտ հագուկապը, վարվելակերպն ու խոսելաոճը փայլուն ճաշակի ու փայլուն կարիերայի հոմանիշն են դարձել: Մեծ Բրիտանիայում նրան համարում են ամենալավ հագնված հեռուստատեսային անձը: Նա անթաքույց կրքոտությամբ է պատմում իր մասնագիտության մասին. «Ես ուզում եմ, որ մարդիկ իմ հաղորդումները դիտելով, գնան իրենց սեփական տան նկուղներն ու հանեն արկղներում պահված իրենց տատիկների իրերը, համեմատեն դրանք ու մտածեն` ես էլ կարող եմ արժեքավոր բան ունենալ: Հարկավոր չէ միանգամից փողի մասին մտածել ու երազել իրերը շահույթով վերավաճառելու մասին, մեծ հավաքածուները միշտ էլ սկսվում են փոքր իրերից, որոնք մարդուն առաջին հերթին հաճույք են պարգեւում: Արժեքավոր իրը սիրված իրն է: Սիրեք ձեռք բերված իրերը եւ հույս ունեցեք, որ դրանց գինը ժամանակի ընթացքում աճելու է»:

Դեւիդ Դիքինսոնն անտիկվար իրերի վաճառքով զբաղվող իր առաջին խանութը բացել է Մանչեստեր քաղաքի մոտակայքում: Սակայն հիմա, երբ նրա կարողությունը միլիոնների է հասել, նա այլեւս խանութի կարիք չի զգում, պարզապես տարին մի քանի անգամ անցկացվող անտիկվարիատի մեծ ու հեղինակավոր տոնավաճառների է մասնակցում, հետեւում է այդ տոնավաճառների անցկացման կարգին ու փորձագետ-խորհրդատու է հանդիսանում:

Դեւիդ Դիքինսոնի անձնական կյանքում շատ գաղտնիքներ կան, որոնք նա բացահայտել է վերջերս BBC ալիքով լույս տեսած «Ի՞նչ ես կարծում, ո՞վ ես դու»` «Who do you think you areգ» հեռուստահաղորդման ժամանակ: Հայտնի մարդկանց ազգային ինքնության ու արմատների մասին պատմող այդ հաղորդման մեջ նա պատմել է իր հայկական արմատների մասին` ասելով, որ նույնիսկ այն ժամանակ, երբ չէր իմանում իր հայ լինելու մասին, ինքը ենթագիտակցաբար շարունակել է իր հայ պապի գործը, ով մանածագործության` տեքստիլի արտադրությամբ է զբաղվել: «Վերջապես ես հասկացա նաեւ, թե որտեղի՞ց եմ ժառանգել իմ գեղեցիկ ու արտահայտիչ արտաքինը»,- կատակով ասել է նա: Դեւիդ Դիքինսոնը շատ հուզիչ ուղեւորություն է կատարել դեպի իր նախնիների հայրենիքն ու հասել է Ստամբուլ` գտնելու համար իր պապի` Հրանտ Գյուլեսերյանի կյանքի մասին վկայող էջերը: Դեւիդ Դիքինսոնի հայկական արմատների մասին «Manchester Evening News» ամսագիրը տպագրել է հոդված, որը խմբագրել ու թարգմանել է Ադելինա Կապլանյանը:

Վերադարձ դեպի արմատները

Դեւիդ Դիքինսոնի արցունքները հոսում էին, երբ նա պատմում էր իր տառապալի ու հուզիչ ճանապարհորդության մասին:

«Մարդկանց մեծամասնությունը հայր ու մայր ունեն, ճանաչում են իրենց արմատները: Իսկ իմ դեպքը բոլորովին տարբեր է, ես հոգուս խորքում մշտապես անպատասխան հարցեր եմ ունեցել»,- բացատրել է նա ու իր հարցերի պատասխանները գտնելու համար ուղեւորվել է Թուրքիա:

Դեւիդ Դիքինսոնը ծնվել է 1941 թվականին: Մայրը Օժենի (Եվգենիա) Գյուլեսերյանն է, ով որդուն ունեցել է սիրային պատահական կապի հետեւանքով: Սակայն Անգլիայի տվյալ ժամանակի բարոյական չափանիշները թույլ չեն տվել միայնակ մորը` պահել երեխային: Ուստի նրա որդուն մի քանի ամսական հասակում որդեգրել են Ջիմ եւ Ջոյս Դիքինսոնները: Ջոյս Դիքինսոնը Օժենի Գյուլեսերյանի վարսահարդարն էր, որը համաձայնեց որդեգրել երեխային: Մորը թվում էր, որ նա այլ ելք չունի, քանի որ երեխայի հայրն ամուսնացած էր այլ կնոջ հետ: «Ինչ-որ ներքին անհանգստություն կար մեջս,- պատմում է Դեւիդը,- պապիս արմատները քրքրում էին հոգիս, ես անվերջ զգում էի դրանց ներկայությունը, քանի որ ծնված օրվանից ինձ թվում էր, որ մեջս միաձուլվել են Արեւելքն ու Արեւմուտքը»:

11 տարեկան հասակում Դեւիդը Դիքինսոնների ընտանեկան գզրոցում գտնում է իր ծննդյան ու որդեգրման փաստաթղթերը: «Ահա թե որտեղից առաջացան այն հարցերը, թե որտեղի՞ց եմ ես եկել, ովքե՞ր են իմ ծնողները, եւ ինչո՞ւ են ինձ ուրիշները որդեգրել»,- պատմում էր նա: Երբ Դեւիդը 28 տարեկան էր, նա պարզեց, որ իր իսկական մայրը Օժենին էր, ում Ջեննի էին կոչում, եւ այդ պահից սկսած՝ նա գաղտնի նամակագրություն հաստատեց մոր հետ: Մայրն ու որդին չէին համարձակվում հանդիպել իրար: Եվ Ջեննին վախճանվեց 1989 թվականին` այդպես էլ չտեսնելով իր որդուն: Բանը նրանում է, որ մայրն ամուսնացած էր, ուներ մեկ այլ որդի ու հեռացել էր Դեւիդից, որպեսզի մեկընդմիշտ մոռանա նրան: Սակայն Դեւիդը հոգեպես չէր կարողանում հեռանալ մորից: Նա բազմիցս էր ցանկություն հայտնել նրան տեսնելու, միաժամանակ չուզենալով վշտացնել նրան: Մայրը նամակներով ու հեռախոսազանգերով տղային բացատրում էր, որ իր ամուսինը դժվարահաճ անձնավորություն է եւ կարող է չհասկանալ իրենց: Պատճառը թերեւս միայն դա չէր, միգուցե Ջեննին ներքուստ պատրաստ չէր այդ հանդիպմանը եւ իրեն մեղավոր էր զգում` որդուն լքելու ու դավաճանելու համար: Կար եւս մի ակնհայտ փաստ. մայրն ու որդին արտաքնապես զարմանալիորեն նման էին միմյանց, թերեւս դա կանխազգալով` մայրը մտահոգվում էր:

Եվ միայն նրա մահից հետո է Դեւիդը որոշում կապ հաստատել իր արյունակից եղբոր՝ Քենի, ու նրա կնոջ հետ:

Հեռուստատեսային հաղորդման ընթացքում երկու եղբայրները հանդիպեցին իրար ու արցունքներն աչքերին նկատեցին, որ զուր են կորցրել այդքան տարիներ ու միայն վերջերս են իրար հետ ծանոթացել: Վերհիշելով իրենց առաջին հանդիպումը` Քենը պատմում էր, որ ապշած է մնացել մոր ու Դեւիդի խիստ նման լինելուց:

Իսկ Դեւիդը` շարունակելով իր արմատների փնտրտուքները, պարզում է, որ փոքրաթիվ քրիստոնյա հայերը հասել են Մանչեստեր` փախչելով Թուրքիայում տեղի ունեցող կոտորածներից: Եվ այդ հայերի թվում էր նաեւ իր պապը` Հրանտ Գյուլեսերյանը, ում ընտանիքը Ստամբուլում մանածագործական ֆաբրիկա է ունեցել: Եվ բացի իր պապից՝ ոչ մի մարդ չի փրկվել Թուրքիայում, քանի որ պապի եղբայրները` Ստեփան, Լեւոն ու Պետրոս Գյուլեսերյանները զոհ են դարձել 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Մանչեստերի Գիտության ու արդյունաբերության թանգարանի արխիվներից Դեւիդը տեղեկություններ է ստանում Հրանտ Գյուլեսերյանի կյանքի ու գործի մասին: Պարզվում է, որ իր պապն Անգլիայում հայտնվելով 16 տարեկան հասակում, համարձակորեն շարունակել է ընտանեկան գործը, զարգացրել է այն ու 1920-ական թվականներին դարձել է միլիոնատեր: Եղել է ժամանակ, երբ Հրանտ Գյուլեսերյանը երջանիկ` իսկական անգլիական ջենթլմենի կյանքով է ապրել, ունեցել է կին ու երեք երեխաներ (Ջեննի, Ջոն ու Մարի): Սակայն ավելի ուշ Հրանտ Գյուլեսերյանը կորցրել է իր կարողությունն ու ընտանեկան երջանկությունը: Կինը` Մարի-Ադելաիդը, լքել է նրան` թողնելով երեխաներին ամուսնու խնամքին: Եվ հարուստ ու հաջողակ հայազգի գործարարը դարձել է լքված մի մարդ, որը կորցրել է ամեն ինչ, նաեւ` իր տունը: Իր կյանքի վերջին տարիները նա անցկացրել է հյուրանոցային մի փոքր սենյակում, որտեղ եւ մահացել է 1963 թվականին:

Այդ ամենը պարզելով, Դեւիդ Դիքինսոնը շարունակել է իր որոնումներն ու ուղեւորվել է Ստամբուլ, որտեղ մանրամասներ է իմացել իր ընտանիքի մասին: Տեղի հայկական եկեղեցու ու թերթերի միջոցով նա գտել է իր զարմիկին` Հացիկ Գյուլեսերյանին, ով իր ազգանունը ստիպված թրքացրել էր 1930 թվականին: Դեւիդ Դիքինսոնը վկայություններ է գտել նաեւ իր պապի ծնողների` Պողոս ու Հայկանուշ Գյուլեսերյանների մասին: Սակայն իր նախնիների գերեզմանները գտնել նրան չի հաջողվել, դրանք ոչնչացված են եղել, ինչը Դեւիդ Դիքինսոնը բացատրում է Թուրքիայի կողմից Եղեռնի չընդունման փաստով: Նա խոստովանել է, որ այդ բոլոր փաստերն իմանալուց հետո է միայն իր հոգին վերջնականապես խաղաղվել: Ճակատագրի բերումով անծանոթ լինելով իր ընտանեկան ակունքներին, բնազդաբար նա կարողացել է գտնել իր ընտանիքի հետքերը: Եվ հիմա՝ 66 տարեկան հասակում, հաջողակ, հարուստ ու հայտնի Դեւիդ Դիքինսոնն ասում է, որ իր աշխատասիրությունն ու արեւելյան ջերմությունն ինքը ժառանգել է իր հայ նախնիներից: Իր որոնումների մասին պատմող BBC-ի հաղորդումը նա ավարտել է հետեւյալ բառերով. «Ի վերջո ես կասեի, որ ես ոչ թե Դիքինսոն եմ, այլ` Գյուլեսերյան եմ»: