«Մահացու գեղեցկություն` անորեքսիա»

07/11/2008

Անգլիայում եռապատկվել է անորեքսիայով տառապող կանանց ու աղջիկների քանակը: 2007թ. ընթացքում Սննդային խանգարումների կենտրոն է դիմել մոտ 18 հազար մարդ: Սա արդեն նման է համաճարակի: Բայց իրենց կումիրներին կրկնօրինակողներն այնքան էլ չեն հասկանում, թե քանի հիվանդություն են միանգամից ձեռք բերում: Հոգեբանները շարունակում են պնդել, որ ժամանակակից կանանց համատարած նիհարելու ցանկությունը կապված է առաջին հերթին այն կերպարների հետ, որոնց նրանք տեսնում են հեռուստատեսությամբ ու ամսագրերում: Նրանք սկսում են հետեւել «Ինչքան բարակ, այնքան լավ» նշանաբանին:

Այս հիվանդության առկայության դեպքում ոչ ոք չի մեղադրվում: Այն բնավ չի նշանակում, որ ծնողները ճիշտ չեն դաստիարակել իրենց երեխային: Անորեքսիայի մեջ ոչ մի լավ բան չկա: Շատերը հետեւելով տանջահար դիետաների, հայտարարում են, որ իրենք ուզում են հիվանդանալ այդ հիվանդությամբ: Նրանք տեսնում են այդ հիվանդության միայն ակնհայտ արտահայտությունը` անչափ նիհարությունը, բայց չեն նկատում «մոդայիկ» հիվանդության պատճառած վնասները: Մինչդեռ հոգեկան հիվանդություններից ամենաշատ մահացությունը լինում է անորեքսիայով հիվանդներից: Առհասարակ մարդու նորմալ քաշը պետք է կազմի եղած հասակի 85 տոկոսը:

Անորեքսիայով տառապողները, որպես կանոն, մշտապես վախ ունեն գիրանալուց: Այս միտքը իր զոհին չի լքում նույնիսկ, երբ նա հյուծվածությունից արդեն մահվան շեմին է հասել: Տարբերում են հիվանդության 2 տեսակ` սահմանափակողական եւ մաքրողական: Առաջինի դեպքում հիվանդն ինքնակամ հրաժարվում է սննդից եւ երբեք չի կշտանում, իսկ հետո առաջացնում են արհեստական փսխում: Երկրորդ դեպքում հիվանդը կուշտ ուտում է, հետո արհեստական փսխում առաջացնում ու չարաշահում տարբեր տեսակի լուծողականներ:

Ի տարբերություն դեպրեսիաների ու վախի նոպաների՝ անորեքսիան այնքան էլ հեշտ չէ բուժել: Այս հիվանդության դեմ գոյություն չունեն ունիվերսալ կամ արդյունավետ դեղամիջոցներ: Առաջին հերթին բժիշկները դուրս են գրում դեղամիջոցներ, որոնք ընդհանուր նշանակություն ունեն, այսինքն՝ անորեքսիայի արդյունքում անոմալիայի ենթարկված այս կամ այն օրգանի համար: