Նարնջագույն դժվարություններ

26/06/2005

«Նարնջագույն հեղափոխությունից» կես տարի անց ոգեւորությունն արդեն
հօդս է ցնդել։ Նոր ղեկավարությունը լծվել է կառավարման ամենօրյա
խնդիրներին։ Նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ կառավարության ղեկավար Յուլիա
Տիմոշենկոն վերջերս առաջին անգամ բացահայտ հայտարարեցին իրենց
տարաձայնությունների մասին։ Տիմոշենկոն փորձում էր պետության
միջամտությամբ պահպանել բենզինի եւ մսի գները, ինչը դուր չեկավ ազատական
շուկայական տնտեսության կողմնակից նախագահին։
Հիմա Տիմոշենկոն ուզում է պարզություն եւ կարգուկանոն մտցնել վերջին
ամիսներին ներդրողներին եւ գործարարներին հետաքրքրող գլխավոր հարցերից
մեկում։ Դա Լեոնիդ Կուչմայի օրոք կատարված սեփականաշնորհման գործարքների
հարցն է։
Նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Յուշչենկոն հայտարարել է, որ
պետական ձեռնարկությունների մասնավորեցումը պետք է ամենայն ուշադրությամբ
վերանայվի, քանի որ, հնարավոր է, շատ պետական ձեռնարկություններ վաճառվել
են իրականից ցածր գներով։ Սակայն պարզ չի դառնում, թե այս գործում
ուկրաինական կառավարությունն ինչ չափով է խորանալու։ Այն դեպքում, երբ
նախագահին մոտ կանգնած աղբյուրները նշում են մի քանի տասնյակ այդպիսի
ձեռնարկություն, Տիմոշենկոն խոսում է մի քանի հազարի մասին։
Յուշչենկոն առաջարկում է ստուգումների ենթարկել միայն այն գործարքները,
որոնց մոտ են կանգնած օլիգարխներն ու նախկին նախագահի մերձավորները։
Օրինակ՝ Կուչմայի փեսան՝ Վիկտոր Պինչուկը, ամենահզոր մետաղաձուլական
գործարանի տերն է, իսկ մետաղի արտահանումը երկրի եկամտի ամենամեծ
աղբյուրներից է։ Կասկածելի մյուս դեպքերի համար կհայտարարվի պետական
ամնիստիա։ «Սեւ ցուցակները» չեն հրապարակվի։ «Հուսով եմ, խորհրդարանը
հավանություն կտա այս կուրսին»,- ասել է նախագահի խորհրդական Սոբոլեւը։
Ուկրաինական կառավարությունում առկա որոշ հակասությունները բացատրվում են
երկրում սպասվող ընտրություններով՝ այս անգամ խորհրդարանական։ Տնտեսության
տատանումներն Ուկրաինան տանում է դժվարությամբ։ Բյուջեի գործերն էլ լավ
չեն, քանի որ նախորդ կառավարությունը հեռանալուց առաջ եւս մեկ անգամ
զգալիորեն բարձրացրել է թոշակները։ Բացի այդ, Ռուսաստանը կրճատել է
ներմուծումն Ուկրաինայից։

Տ.Պ.