Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը վերջերս հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր՝ «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է Գյումրիում, որին հաջորդել է երեւանյան պրեմիերան: Պատահական չէ, որ անդրանիկ ցուցադրման իրավունքը պատկանում է Գյումրիին, քանի որ ֆիլմը Գյումրիի ու գյումրեցի մի ընտանիքի ճակատագրի վրա է հիմնված: Գյումրիում ծնված Ալբերտ Մկրտչյանն իր շատ ֆիլմերում` «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուսը», ստեղծել է իր հարազատ ու սիրելի քաղաքի դիմանկարը: Ուշագրավ է, որ նրա նախորդ ֆիլմերում հենց կենսուրախ ու չվհատվող Գյումրին է դարձել գլխավոր հերոսը, եւ կարծես իր մեջ է ներառել իր բնակիչներին, նրանց ցավերն ու նրանց հույսերը: Իսկ նրա վերջին ֆիլմում քաղաքը որպես «կենդանի», «շնչող», հիշողություններ ու էմոցիաներ պարունակող օրգանիզմ չի ներկայացվում: «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմում Գյումրին «սեղմվել» է ու ընդամենը մեկ փողոց ու մեկ տուն է դարձել: Ինքն իրեն զրկելով քաղաքի մթնոլորտն ու կոլորիտը պատկերելու հնարավորությունից (ինչն անկասկած կինեմատոգրաֆիական շատ շահեկան ու գրավիչ հնարք է)՝ Ալբերտ Մկրտչյանն իր ֆիլմի հիմնական գործողությունները սահմանափակել է մեկ տան պատերի մեջ: Ֆիլմում ո՛չ քաղաքի եռուզեռն է պատկերված, ո՛չ էլ նրա բնակիչները, քաղաքի տեսարաններն էլ չկան: Ֆիլմում ընդհանրապես ֆոն չկա, բացակայում են նաեւ այն աննշան մանրուքները, որոնք կարող են հուշել հերոսների բնավորության մասին եւ օգնել դերասաններին` հենարան գտնել իրենց դերի համար: Եվ մանրուքների չմշակված լինելու պատճառով էլ յուրաքանչյուր գործողություն շատ ճակատային է ներկայացված, ինչը բավականին աղքատացնում է ֆիլմը:
1990-ականների Գյումրիում ապրում է, կամ, ավելի ճիշտ կլինի ասել` փորձում է գոյատեւել արվեստով զբաղվող մարդկանցից բաղկացած մի ընտանիք: Մայրը (Անահիտ Քոչարյան) նկարչուհի է, ով ֆիլմի ընթացքում մի քանի անգամ ապարդյուն փորձում է իր կտավները վաճառել, հայրը (Գուժ Մանուկյան) ջութակահար է, ով պարբերաբար պատրաստվում է համերգների մասնակցել: Նրանց ավագ որդին արվեստաբան է, իսկ կրտսերը դեռ որոնումների մեջ է: Բոլորս, իհարկե, հիշում ենք մութ ու ցուրտ 1990-ականների մեր սեփական որոնումները, որոնք հիմնականում հանգում էին գումար, նավթ կամ մթերք որոնելու եւ կենցաղային խնդիրները հոգալու պահանջին: Նույնն անում են ֆիլմի հերոսները, որոնք փորձում են հուսադրել իրար ու ջանում են կենցաղի հորձանուտում չկորցնել ընտանեկան ջերմությունը: Դա է ֆիլմի հիմնական լեյտմոտիվը: Ընտանիքի ջերմությունը պահպանելու առաքելությունն, իհարկե, դրված է մոր ուսերին: Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում կանանց դերերը միշտ շատ ցայտուն ու բազմաշերտ են եղել (հերիք է հիշատակել Գալյա Նովենցի հերոսուհուն): Այս ֆիլմում նույնպես գլխավոր հերոսուհի Սոնան է դառնում տան պատերից դուրս կատարվող իրադարձությունների իմաստավորողը (պետք է նշել նաեւ, որ Գուժ Մանուկյանի պերսոնաժը գրեթե անելու բան չունի ֆիլմում, քանի որ նրա դերը լավ ուրվագծված չէ): Եվ հենց մոր աչքերով էլ ներկայացված է ամենօրյա ծանր կյանքը (մարդիկ իրարից պարտքով փող են վերցնում` հաց գնելու համար), օրեցօր աճող արտագաղթը (մարդիկ վաճառում են տներն ու հեռանում են) ու Արցախյան պատերազմը (բանակ գնալու կամ չգնալու հարցը): Ճանաչելի ու ցավալի հուշերով լի այդ իրավիճակը մեզ լավ ծանոթ է: Եվ այս թեմաներին անդրադարձող ֆիլմից մենք առաջին հերթին հուսադրող տրամադրություն ենք սպասում:
Արվեստի բոլոր գործերում էլ` անհատի խնդիրները ընդհանրացնելու համար՝ հարկավոր է լինում գտնել այն կետը, որտեղ ավարտվում է անհատի խնդիրն ու սկսվում է համամարդկային ցավը, երբ հուսալքության մեջ լույսի հետք է հայտնվում: «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմում լուսավոր կետը պետք է դառնար հենց պատերազմը, քանի որ պատերազմը մոր կյանք է ներխուժում սկզբում՝ որպես վտանգ, որը սպառնում է իր որդիներին (եւ նա աղաղակում է. «Չեմ թողնի բանակ գնաս»), սակայն հետո պետք է դառնա համախմբության ու յուրահատուկ հաշտության մի գործոն, երբ մայրն իր մեջ ուժ է գտնում իր երկրորդ որդուն ասելու համար. «Գնա, որդի ջան»: Եվ հենց այդ պահին է նրա հոգին խաղաղվում, ու նա ապացուցում է հանդիսատեսին, որ զրկանքները եւ նույնիսկ` մահը ապարդյուն չեն եղել: Այս կետում կարող է կատարվել կատարսիսը, այն մաքրագործումը, առանց որի՝ նման թեմայով նկարահանված ֆիլմը չի կարող «դիպչել» հանդիսատեսի սրտերին: Նման փորձեր կան ֆիլմում, կա նաեւ նոր ծնված երեխայի ճիչը, որը պետք է հավասարակշռի կորուստն ու ծնունդը, սակայն զարմանալի է, բայց ֆիլմը հուզական ազդեցություն չի թողնում: Հուզիչ չէ նաեւ բանակ մեկնած որդու սիրային պատմությունը, միգուցե պատճառը հենց սիրային դրվագների ճակատային պատկերման մեջ է (եկեղեցի, լույս, մատանիների փոխանակում, երկար հայացքներ), սիրահարների բնավորությունները, գեղեցիկ մանրուքներն ու նրանց չասված մտքերը հանդիսատեսը հասկանալ չի կարող (հասկանում է միայն, որ աղջիկը սիրում է տղային):
Հուզական կիզակետին հասնելու շատ հետաքրքիր մոդել էր գտնված, օրինակ, «Ուրախ ավտոբուսը» ֆիլմում, որտեղ գլխավոր շեշտը երկու միայնության հանդիպումի մեջ էր: Որբ երեխան ու միայնակ կինը գտնելով իրար` վերագտնում են նաեւ իրենք իրենց: Իսկ «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմում վերագտնման շեշտադրումները չեն կարեւորվում: Մինչդեռ մոր սրտի խաղաղումը կարող էր շատ ազդեցիկ վերագտնում լինել եւ ճանաչելի դառնալ տարբեր ազգերի ու սերունդների հանդիսատեսի համար: Ընդ որում, դերասանուհի Անահիտ Քոչարյանը կարծես ամեն ինչ անում է` իր հերոսուհուն գույներ պարգեւելու համար: Նա շատ հմայիչ դերասանուհի է: Պարզապես սցենարական հետաքրքիր պտույտներն են բացակայում, եւ դերասանների խաղի դաշտն է նեղ:
Եթե ֆիլմի սցենարը կառուցված լիներ ավելի մանրակրկիտ դիմանկարներ ստեղծելու համար, ֆիլմի որակն, անկասկած, շատ ավելի բարձր կլիներ:
Եվ շատ ցավալի է, որ ծիծաղի ու թախիծի զուգորդումներով փայլող Ալբերտ Մկրտչյանի նախորդ ֆիլմերի նման չի փայլում նաեւ այս ֆիլմը: Այս ֆիլմում հանդիսատեսը ժպտալու հնարավորություն չի ստանում, քանի որ բոլոր դրվագները կատակերգական երանգից զուրկ են: Չէ՞ որ, երբ արցունքների միջից ժպիտ է նշմարվում, հանդիսատեսն ավելի զգայուն է դառնում ու ավելի սուր է ընդունում կյանքի ողբերգականությունը: Իսկ դերասաններն էլ ավելի հարուստ ներաշխարհ ունեցող պերսոնաժներ են կարողանում ստեղծել, երբ ծիծաղից դեպի լացն անցում կատարելու հնարավորություն են ունենում: Դժվար է ասել, թե ինչո՞ւ Ալբերտ Մկրտչյանը գյումրեցիներին հատուկ հումորը չի ընդգծել ու տխուր ու մութ տարիները չի համեմել գյումրեցիների` լամպի տակ վարած հանդիպում-զրույցներով: Բոլորս ենք հիշում, որ հենց նման «խոհանոցային» ջերմ շփումներն են մեզ օգնել դիմակայել անհույս տարիներին: Փիլիսոփայական ու միաժամանակ` ծիծաղելի իրադրությունները հաստատ շատ ավելի կգունավորեին այս ֆիլմն ու կընդգծեին «լուսաբացի» գաղափարը: Իսկ այդ գաղափարը բոլոր ժամանակներում էլ հիմնված է մարդ-էակի գոյության շարունակականության վրա:
Ֆիլմի պրեմիերայից առաջ Ալբերտ Մկրտչյանն ասաց, որ նկարահանումները շատ երկար են տեւել` մոտ երկու տարի, եւ ստեղծագործական խումբը բազմաթիվ դժվարությունների է հանդիպել: Միգուցե հենց ֆիլմի ստեղծման պրոցեսի տեւողությունն էլ թույլ չի տվել այնպիսի ֆիլմ նկարահանել, որը մեր բոլորի համար մեծ իրադարձություն կդառնար: Եվ «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը, կարծես, ծնվելու պահից սկսած` արդեն փոքր-ինչ հնացած է ծնվել: