Թեթեւ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոները, որը նախորդ տարի պարտության էր մատնել ներկայիս աշխարհի բացարձակ չեմպիոն հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին, հայտարարել է, որ ինքը պատրաստ է եւս մեկ անգամ հանդիպել հայ բռնցքամարտիկի հետ, որը նախորդ շաբաթ դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն`հաղթելով Քրիստիան Միխարեսին: Այս հաղթանակից հետո հայազգի բռնցքամարտիկը խոստացավ նույն իրավիճակի մեջ գցել նաեւ իրեն միակ պարտությունը հասցրած Ն. Դոներին, այսինքն` նոկաուտի ենթարկել նրան: «Ես կոչնչացնեմ Դոներին, դա ավելի հեշտ կանեմ, քան արեցի Միխարեսի հետ: Ես ասում էի, որ ցույց կտամ իմ հարվածների ուժը եւ նոկաուտի կենթարկեմ Միխարեսին, եւ ապացուցեցի իմ խոսքերը»,- ասել է Վ. Դարչինյանը:
Ն. Դոները, որը նախորդ շաբաթ պաշտպանեց իր չեմպիոնական գոտին` հաղթելով Մորուտի Մտալանեին, նշել է, որ հիացած է Դարչինյանի ելույթով, սակայն դա չի նվազեցրել իր վստահությունը, որ ինքը եւս մեկ անգամ կհաղթի Դարչինյանին: «Պատրաստ եմ վերջինիս ռեւանշի հնարավորություն տալ: Ես կհանդիպեմ նրա հետ, որտեղ պետք է եւ երբ հարմար է»,- Philboxing.com-ին տված հարցազրույցում ասել է ֆիլիպինցին: Նա ընդգծել է, որ իր պրոմոութեր Բոբ Առումն այնքան էլ լավ հարաբերություններ չունի Դարչինյանի պրոմոութեր Գերի Շոուի հետ, եւ դա կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ հայազգի բռնցքամարտիկի հետ ռեւանշի մրցամարտ կազմակերպելու գործում: