645 խախտում

07/11/2008

ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն անցած 10 ամիսներին վերստուգումներ են իրականացրել հանրապետության 845 ձեռնարկություններում` հայտնաբերելով 654 խախտումներ:

Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է տեսչության հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ Ռոզա Ջուլհակյանը, ըստ որի` խախտումներից 116-ն արձանագրվել է՝ ջրային, 301-ը` մթնոլորտային օդի, 58-ը` ընդերքի, եւ 23-ը` հողերի պահպանության ոլորտներում: 12 խախտում է հայտնաբերվել արտադրական սպառման թափոնների սխալ տեղադրման, 144` բնապահպանական փորձաքննություն չունենալու եւ սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու պատճառով: Վերոհիշյալ խախտումները վերացնելու համար բնապահպաններն օրինազանցներին տվել են 420 պարտադիր կատարման հանձնարարականներ: Հունվար-հոկտեմբերին տեսչությունը վերստուգումներ է անցկացրել նաեւ կենդանական աշխարհի պահպանության ոլորտում` հայտնաբերելով 133 խախտում: Ստուգումների ընթացքում կազմվել են նաեւ 341 վարչական տուգանքի՝ 28 մլն դրամ ընդհանուր գումարով ակտեր: Նույն ժամանակահատվածում 108 վարչական տուգանքի արձանագրություն է կազմվել նաեւ բուսական աշխարհի պահպանության ոլորտում եւ գանձվել 5,8 մլն դրամ, որը մուտքագրվել է ՀՀ պետբյուջե: Միաժամանակ կազմվել է 64 մլն 355 հազար դրամի վնասի հատուցման 162 արձանագրություն, որոնցից 35-ը ներկայացվել է իրավապահներին` 9,14 մլն դրամ գանձելու նպատակով, 93-ը հանձնվել է հարկային մարմիններին: Վերոհիշյալ ժամանակահատվածում բնապահպաններն առգրավել են նաեւ 168 քմ երկարությամբ 138 հատ ձկնորսական ցանց, 25 մ ուռկան, 6 որսորդական հրացան, իսկ առգրավված 40 կգ սիգը եւ 11 կգ ծածանը հանձնվել է ծերանոցներին եւ մանկատներին: