Տեղ չկա, տեղ չկա

26/06/2005

«Ես դեռ գործազուրկ չեմ»։ Մի քանի օր առաջ Եվրոպայի ընդլայնման
հարցերով կոմիսար Օլլի Ռենը չափազանցված համարեց եզրակացություններն այն
մասին, թե ֆրանսիական եւ նիդեռլանդական «ոչ»-երից հետո Եվրամիությունը
փակելու է դռները։ Միաժամանակ նա խոստովանեց, որ եվրոպական երկրները
հոգնել են ընդլայնումից։
«Ֆրանսիացիները քվեարկեցին ընդդեմ իրենց նախագահի, հոլանդացիներն՝ ընդդեմ
գաղթականների։ Այս ամենը խոսում է ազգայնական բնազդների վերածննդի
մասին»,- ասել է լեհական սեյմի խոսնակ Վլոձիմեժ Չիմոշեւիչը։ «Նարնջագույն
հեղափոխության» օրերից լեհերը պայքարում են հարեւան Ուկրաինային ԵՄ
ընդունել տալու համար՝ փորձելով նրան վերջնականորեն կապել արեւմտյան
ճամբարին եւ կտրել Ռուսաստանից։ Բայց եւ լեհերը, եւ ուկրաինացիները կարող
են ուժեղ հիասթափվել։
Ընդունելության թեկնածուները ԵՄ ճգնաժամի առաջին զոհերն են։
Եվրամիությունը դեռ չի մարսել վերջին ընդլայնումը եւ քիչ հավանական է, որ
նմանատիպ նոր գործընթաց սկսի։ Դեռ հրավեր չստացած երկրների շանսերը
միանգամից հավասարվել են զրոյի։ Ուկրաինայից բացի, խոսքը գնում է նաեւ
Սերբիայի եւ Չեռնոգորիայի, Բոսնիայի եւ Հերցոգովինայի, ինչպես նաեւ՝
Ալբանիայի մասին։ Բելգրադը, որ վերջին շրջանում ամեն ինչ անում է բարի
կամք դրսեւորելու համար, Հաագայի տրիբունալ է ուղարկում ռազմական
հանցագործությունների մեղավորներին, արդեն արտահայտել է իր
անհանգստությունը։
Որքան էլ տարօրինակ է, ավելի քիչ են հուզվել ծայրամասային երկրները՝
Մոլդովան ու Վրաստանը, քանի որ նրանք բացահայտորեն չէին համապատասխանում
ընդունելության պահանջներին եւ սկզբից էլ գիտեին, որ ճանապարհը երկար է
լինելու։
Իսկ թեկնածու այն երկրները, որոնց ընդունելության հարցը սկզբունքորեն
լուծված էր, նկատելի տագնապ են ապրում։ Իհարկե, հետընթացի մասին խոսք չկա,
բայց Բրյուսելը կխստացնի պահանջները։ Ռումինիային եւ Բուլղարիային արդեն
«դեղին քարտ» են ցույց տվել բարեփոխումների դանդաղության համար։ Նրանց
անդամակցությունը ԵՄ-ին նախատեսվում էր 2007-ին, բայց հնարավոր է, որ մեկ
տարով հետաձգվի։
Խորվաթիան եւս անհանգստանալու առիթ ունի, քանի որ այն երջանիկներից էր,
ում հետ արդեն սկսվելու էին ընդունելության բանակցությունները։ Բայց նա
պետք է հասկանա, որ Բրյուսելը զիջումների չի գնալու եւ Խորվաթիան նախ պետք
է հանձնի Միջազգային քրեական տրիբունալի կողմից հետախուզվող խորվաթ
գեներալ Գոտովինին։
Վերջապես, Թուրքիայի համար, որը հոկտեմբերին սկսելու էր
բանակցությունները, առաջ էլ պարզ էր, որ այս գործընթացը տեւելու է
տարիներ։ Հիմա ավելի երկար կտեւի։ Բացի այդ, ֆրանսիացիներն այս հարցի
մասին իրենց կարծիքը հայտնելու են հանրաքվեով։
Թվում է, ԵՄ-ում տիրող իրավիճակը ձեռնտու է միայն Ռուսաստանին։ «Եվրոպայի
ապագան հիմա ինքնության կորստի հասնող ուռճացումը չէ,- գրում է
«Ռոսիյսկայա գազետան»,- այլ իրար հավասարակշռող եւ բարեկամաբար մրցակցող
երկու՝ արեւմտաեվրոպական եւ արեւելաեվրոպական միությունների ստեղծում»։

Տ.Պ.