Կարեւորել է

05/11/2008

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծվող փաստահավաք խմբում խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան Սեդա Սաֆարյանը «Ազատությանն» ասել է, որ կարեւոր է խմբի աշխատանքներին միջազգային փորձագետների մասնակցությունը: Ըստ նրա` առանց նրանց մասնակցության փաստահավաք խումբն ի վիճակի չի լինի բացահայտել, թե ի՞նչ հանգամանքներում սպանվեցին 10 անձինք, քանի որ անկախ փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտություն կա: Փաստահավաք խմբում «Ժառանգության» ներկայացուցիչը մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու համար շատ կարեւոր է համարում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հանգամանքը` պարզելու համար, թե, ի վերջո, ո՞ւմ հրամանով են ոստիկանները հատուկ գործողություններ կատարել. «Դեպքը եղել է ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի իշխելու տարիներին, եւ կարծում ենք, որ հարկ կլինի` իր հետ էլ այդ հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանանք»: Ս. Սաֆարյանը դրական է համարում այն, որ փաստահավաք խումբը հնարավորություն է ունենալու վկաներից տեղեկություններ ստանալ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ եւ միաժամանակ ապահովել այդ անձանց գաղտնիությունը: Սա, ըստ նրա, մի հանգամանք է, որը կօգնի գործի բացահայտմանը: