Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ քննվող հիմնական գործից անջատված` Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի, Սուրեն Սիրունյանի եւ Սասուն Միքայելյանի գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանական կողմին տրամադրվել է եւս 10 օր` մինչեւ նոյեմբերի 10-ը: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` նախաքննության նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու խնդրանքով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին միջնորդագիր է ներկայացրել 6 պաշտպան: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ պաշտպանները դժգոհել էին, թե հատկացված ժամկետը բավարար չէ բազմահատորանոց նյութերին ամբողջությամբ ծանոթանալու համար: