Բռնակալները միայնակ չեն

26/06/2005

Ալեքսանդր Սակուրովին շատերը համարում են ընդամենը Անդրեյ Տարկովսկու
ժառանգորդ, բայց նա դարձել է կեղծ ու ձանձրալի հանճարներով առատ մեր
ժամանակի ամենաարտասովոր դեմքերից մեկը։ Ապրելով անծայրածիր Ռուսաստանում,
նա չի հավատում մշակութային գլոբալիզացիային։ «Եվրոպան՝ միավորվելով,
դառնում է մեկ տարածք, որտեղ կյանքը, թվում է, բազմախոստում ու գեղեցիկ է
լինելու։ Ռուսաստանն ավելի ու ավելի է առանձնանում, որովհետեւ այդ հսկա
երկիրը, որ մեծ է իր մշակույթով ու պատմական փորձառությամբ, ունեցել է եւ
մեծ հաղթանակներ, եւ առավել մեծ պարտություններ»,- ասում է ռեժիսորը։
Սակուրովին հետաքրքրում են բռնակալները, որոնք կյանքը դժոխքի են վերածում
ու իրենք էլ հետո այնտեղ մեռնում են, սկսած Հիտլերից, Լենինից, Ստալինից՝
մինչեւ Խիրոխիտո։ Ռեժիսորի կարծիքով` բռնակալների երեւույթը շատ բարդ է։
«Եթե մենք կարողանայինք ասել, որ բռնակալներն այլ մոլորակներից են գալիս,
ավելի հեշտ կլիներ։ Բայց դա այդպես չէ։ Նրանք մեզ նման մարդիկ են։ Մենք
կարող ենք խոսել Հիտլերի մասին, բայց կստենք՝ անվանելով նրան իր տեսակով
անկրկնելի, հիմար բացառություն»։
Հիտլերը Սակուրովի համար արտառոց երեւույթ չէ։ «Այն, որ նա հասավ բացարձակ
իշխանության, բացառություն չէ, այլ՝ օրենք։ Նա միլիոնավոր հիտլերներից
մեկն էր, որոնք մինչեւ հիմա էլ կան երկրագնդի վրա։ Այս իմաստով, նացիզմը
երբեք չի վերանա։ Այն կար 20-րդ դարից առաջ էլ։ Դա աստիճանաբար հասունացող
հատիկ է։ Հիտլերի հայտնության եւ իշխանության գալու համար անհրաժեշտ էր,
որ միլիոնավոր մարդիկ վարակվեին դրանով։ Հիտլերի իշխանության գալու պահին
«Mein Kampf»-ն արդեն հրապարակում էր, եւ այդ գրքում ամեն ինչ պարզ ու
հստակ գրված էր։ Նա ոչինչ չէր թաքցնում։ Նա պատրաստ էր միլիոնավոր
մարդկանց ոչնչացնելու, ինչի համար նրան պետք էին իր նման մտածող եւ իր
հետեւից գնալու պատրաստ միլիոնավոր մարդիկ։ Կամ գուցե, եթե ավելի ճշտենք,
այդ նա էր գնում նրանց հետեւից։ Բռնակալները երբեք միայնակ չեն»։
Սակուրովի կարծիքով՝ բռնակալները պատկանում են իրենց ժողովուրդներին,
նրանց մի մասնիկն են։ Նա գտնում է, որ կինոն բժշկության նման է։
Կինոարվեստը դատելու իրավունք չունի. «Մենք կամ պետք է հիվանդին հանձնենք
Աստծուն, կամ պետք է բուժենք»։

Տ.Պ.