Նոյեմբերի 1-ին Երեւանում հանդիսավոր դրամահավաք-ճաշկերույթ կազմակերպվեց` նվիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ին, որը հրավիրվել էր ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Միջոցառման ավարտին գրանցվեց շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Դրամահավաքին մասնակցեցին Հայաստանի եւ Ռուսաստանի շուրջ 120 հայ գործարարներ:
Երեկոյին մասնակցում էին ՀՀ եւ ԼՂ նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, Կենտրոնական բանկի նախագահը եւ այլք: «Ես կոչ եմ անում բոլորին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին, լինել շռայլ, հավատարիմ մնալ հայ բարերարների եւ մեծահարուստների նվիրական ավանդույթներին. ավանդույթներ, որոնց շնորհիվ պահվել են մշակույթ ու կրթություն, եկեղեցի ու մանկատուն, մեծ հաշվով պահվել են երկիր ու ժողովուրդ` նույնիսկ պետականության բացակայության պայմաններում: Այս ավանդույթներն են, որ մենք պետք է լիարժեքորեն վերականգնենք ու զարգացնենք»,- իր խոսքում ասել է Սերժ Սարգսյանը: Գործարարների կողմից արվող նվիրատվության խոստումները պարբերաբար հայտարարվում էին երեկոյի ընթացքում, որը վարում էր Հրանտ Թոխատյանը: Խոշոր նվիրատուների թվում են ՌԴ-ից եւ ՀՀ-ից գործարարներ` Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գագիկ Ծառուկյանը, Սեյրան Կարապետյանը, Գենադի Ստեփանյանը, Աշոտ Խաչատուրյանը, Միխայիլ Բաղդասարովը, Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, Տիգրան Արզաքանցյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Միքայել Վարդանյան» հիմնադրամը, «Էդուարդո Էռնեկյան» խումբը, «ՀայՌուսգազարդը», «Ղարաբաղ Տելեկոմը»: Հիշեցնենք, որ 2007թ. հեռուստամարաթոնի ժամանակ իրականում հավաքվել էր ոչ թե մոտ 15 մլն դոլար, ինչպես ներկայացվել էր պաշտոնապես, այլ՝ 1 մլն դոլարից պակաս գումար: Բազմաթիվ բարերարներ խոշոր գումարներ էին խոստացել, սակայն չէին փոխանցել: Այս խնդիրները քննարկվել էին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, որին ներկա էին եղել սփյուռքահայ մեծահարուստներ: Նիստը վարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը, մեր տեղեկություններով՝ Վ. Օսկանյանին (որն իր ծրագրի ներկայացման ժամանակ երաշխավորել էր, թե մեծ գումարներ կհավաքվեն) մեղադրել էր ծրագրերի տապալման մեջ: