ՌԴ-ն ակտիվացել է

05/11/2008

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն երեկ հայտարարել է, որ կիրակի օրը Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը «ղարաբաղյան հակամարտության կարգավորում է նախատեսում միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում տարածաշրջանի տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար»: «Հանդիպման կարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ կողմերը իրավաբանական պարտավորություններ են ստանձնել հակամարտության լուծման հարցում: Այսինքն՝ ապագայում այդ փաստաթուղթը կարող է այլ փաստաթղթերի ընդունման երաշխիք դառնալ»,- ասել է նա` հավելելով, թե առանց հակամարտության լուծման անհնարին է տարածաշրջանի համակողմանի զարգացումը, ինչը «Ռուսաստանը գիտակցում է»: «Հակամարտությունը խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանային նախագծերին ՌԴ ակտիվ մասնակցության համար, ինչպես նաեւ այն բանի պատճառն է, որ Հայաստանը մի կողմ է մնացել տարածաշրջանում իրագործվող բոլոր նախագծերից: Հակամարտության լուծումն ազդակ կհաղորդի տարածաշրջանի խաղաղության վերականգնմանն ու զարգացմանը: Ամեն դեպքում ՌԴ նախաձեռնությունն ապարդյուն չանցավ: Մենք տեսնում ենք ՌԴ ակտիվությունը տարածաշրջանում, եւ դա շատ կարեւոր է ղարաբաղյան հակամարտության լուծման համար»,- ասել է նա: