Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել իր եւ հանձնաժողովի ՀՅԴ-ական ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի հանդիպումը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, իրավապահ մարմինների նախկին աշխատակից Հովիկ Բաբայանի հետ:
Վերջինս, ըստ Գ. Արսենյանի` ձերբակալվել է այս տարվա հունիս ամսին` դրամաշորթության, խարդախության մեղադրանքով, եւ հանձնաժողովին էր դիմել` պնդելով, թե ինքը փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախընտրական, հետընտրական գործընթացներից մինչեւ մարտի 1-ի գիշերը տեղի ունեցած դեպքերը ականատես է եղել ընդդիմության բոլոր գործողություններին եւ այդ մասին «լուրջ» ասելիք ունի նրանց: Նշենք, որ Բաբայանի տված «վկայություններով» ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ դատապարտվել են ազատազրկման: Բաբայանին լսելու նպատակով քրեակատարողական հիմնարկ են գործուղվել Արսենյանն ու Մինասյանը: Նա հանձնաժողովականներին ասել է, որ ինքն ամբողջ այդ ժամանակահատվածում «գիտակցել է հետընտրական զարգացումների հասարակական վտանգավորությունն ու զղջում է եւ ակտիվորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ»: «Դա էր, որ մեզ ստիպեց նրա հետ հանդիպել երկու անգամ, քանի որ երկրորդ նամակում նա գրել էր, որ ավելի կարեւոր մանրամասներ ունի բացահայտելու»,- ասաց Գ. Արսենյանը: Սակայն Գ. Արսենյանը նշեց, թե իր տպավորությամբ` պետք չէ բացառել նաեւ այն, որ Բաբայանը կարող էր իրավապահների հետ համագործակցել նաեւ նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածում: Նշենք, որ Գ. Արսենյանի այդ ենթադրությունն ապացուցող բազմաթիվ փաստեր հրապարակվեցին մամուլում: Ի դեպ, Բաբայանն ասել է, որ մեկ տարի շարունակ ինքը եղել է ՀՀՇ-ի Արմավիրի տարածքային կառույցի երիտթեւի անդամ, այն էլ՝ ոչ թե շարքային, այլ` «կարեւոր»: Ասենք, այնքան կարեւոր, որ նա եղել է կազմակերպիչների շարքում, եւ ընդդիմության առաջնորդներն իրեն վստահել են իրենց խիստ «գաղտնի» տեղեկությունները: Նա, Արսենյանի ասելով, իսկապես ՀՀՇ-ական է, եւ պետք չէ կասկածել ու նրանից ապացուցող փաստաթուղթ պահանջել: Մի խոսքով, ըստ Արսենյանի` Բաբայանն իրենց անուն առ անուն ասել է, թե ընդդիմության առաջնորդներից ովքեր են զենք կիրառելու հրահանգներ տվել, ովքեր են ֆինանսներ հասցրել իրենց, եւ այլն, սակայն այդ տեղեկություններն, Արսենյանի գնահատմամբ` հանձնաժողովին պիտանի չեն: Նա, իհարկե, այդպես էլ չասաց, թե Բաբայանը կոնկրետ ում անուններն է հնչեցրել:
Ա. Մինասյանն էլ ընդամենը նշեց, որ նա ակտիվ հարաբերությունների մեջ է եղել Հրազդանի ընդդիմադիր ակտիվիստների հետ, ինչից կարելի է ենթադրել, որ Բաբայանի հիմնական թիրախը եղել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Նա ասաց, որ կրակելու հրահանգներ տրվում էին նաեւ եւ առավելապես Հրազդանի կառույցի ներկայացուցիչների կողմից»,- ասաց Ա. Մինասյանը: «Հովիկ Բաբայանը ներկայացրել է այն թեզը, որ ինքը նախընտրական, ընտրական գործընթացներում գիտակցել է, թե ուր է տանում ընդդիմությունը հասարակությանը, եւ մինչեւ նախագահական ընտրությունների օրն ինքը գիտակցել է, թե ինչպիսի վտանգ է սպառնում հասարակությանը»,- Բաբայանի տեսակետը փոխանցեց Գ. Արսենյանը` ավելացնելով, որ իրենք առաջին իսկ հանդիպման ժամանակ Հ. Բաբայանից փորձել են ճշտել, թե ո՞րն է իր ակնկալիքը հանձնաժողովից, քանի որ հանձնաժողովը «որեւէ կերպ չի միջամտելու իր քրեական գործին»:
Բաբայանը, ըստ Արսենյանի` իրենց մանրամասն պատմել է նախընտրական, հետընտրական, այսպես ասած` կազմակերպչական տեխնոլոգիաների մասին, թե ով ինչ գործառույթ էր իրականացնում հանրահավաքների ժամանակ: Նա պատմել է մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում տեղի ունեցած դեպքերից մինչեւ երեկոյան տեղի ունեցած դեպքերի (մինչեւ արտակարգ դրություն հայտարարվելը) մանրամասները: Նախընտրական փուլում ընդդիմության կողմից «հասարակական վտանգավորությունը» գիտակցած Բաբայանն, ըստ Ա. Մինասյանի` իրենց ասել է, որ ինքն այդ օրը գտնվել է դեպքի վայրում զուտ հետաքրքրությունից դրդված: «Ազատության» հրապարակում նա առավոտյան ներկա է եղել 7:20-ի սահմաններից, այսինքն` ականատես չի եղել, թե ինչպես են սկսվել դեպքերը, սակայն իր պնդմամբ` տեսել է, թե ինչպես է Ոստիկանությունն առգրավում մի սպիտակ «ՌԱՖ», որի մեջ ինչ-որ մետաղական ձողեր են եղել: Ինքը եղել է նախկին իրավապահ եւ կարողացել է նաեւ նույնականացնել, որ առգրավման փաստի ականատես է: Տեսել է, թե ինչպես են իրականացվել առգրավման աշխատանքները, եւ թե ինչպես է ինչ-որ մեկը կատարել նախաքննական գործողությունները: Դրանից հետո նա մասնակցություն է ունեցել այդ ամբողջ գործողություններին, նա կա վիդեո նյութերում: Կա նաեւ այն սկավառակում, որը տարածվեց ընդդիմության կողմից: Նրա ներկայացրած գործողությունների նկարագիրը որեւէ նոր բան հանձնաժողովի համար չի պարունակում, որովհետեւ նա նկարագրում է այն, ինչը մենք բազմիցս լսել ենք այլ ականատեսների կողմից,- ասաց Գ. Արսենյանը` հավելելով,- սակայն կա մի առանձնահատկություն, որը կայանում է նրանում, որ նա համագործակցել է իրավապահ մարմինների հետ: Իր իսկ հայտարարությամբ` մարտի 1-2-ի իրադարձություններից հետո, զղջալով, բազմաթիվ վկայություններ է տվել մասնակիցների կողմից իրականացված ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ, եւ կան նաեւ մարդիկ, ովքեր նրա տված ցուցմունքների հիման վրա դատապարտվել են»: Հարցին` եթե գիտակցում էիք, որ ընդդիմության քայլերը հանգեցնելու են «անօրինական գործողությունների», ինչո՞ւ էիք շարունակում մասնակցել հանրահավաքներին, Բաբայանը պատասխանել է, թե ինքը «ցանկանում էր տեղյակ լինել, թե ինչ է լինելու, բայց արդեն գիտակցել էի, որ գործողությունները մեզ բերելու են օրենքի խախտման»: «Այսինքն` գիտակցած եւ զղջացած մարդը գնում-մասնակցում էր ընդդիմության բոլոր գործընթացներին` հասկանալով, որ դրանք ոչ օրինական գործողություններ են: Նպատակն ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Եթե իր զղջումը բերել է նրան, որ ինքը սկսել է ակտիվորեն համագործակցել իրավապահների հետ, ապա դա մեզ կարող է մտորումների տեղիք տալ առ այն, որ բացառված չէ, որ իրավապահների հետ համագործակցությունը եղել է մինչ այդ»,- ասաց Գ. Արսենյանը` հիշեցնելով, որ մամուլում էլ հրապարակումներ են եղել, որ Հ. Բաբայանը հրահանգված գործողություններ է կատարել եւ ընդդիմության մեջ ներկա է եղել նույնպես հանձնարարականով: Բաբայանը նաեւ ասել է, որ այն, ինչ ինքը պատմում է հանձնաժողովին, պատմել է նաեւ իրավապահներին: Գ. Արսենյանի ասելով` Դատախազությունից իրենց ասել են, որ Բաբայանն իրենց հետ որոշակի փոխհարաբերությունների մեջ է, «նա որոշակի վկայություններ է տվել որոշակի անձանց դեմ, եւ նրա տված որոշ վկայություններ չեն ապացուցվել»: (Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Բաբայանը Գլխավոր Դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի համակուրսեցին է եւ կալանավայրում գտնվելու ընթացքում կապի մեջ է եղել նրա հետ): «Ասեմ նաեւ, որ որեւէ ձեւ, որեւէ տեղ Հ. Բաբայանի «գործուն զղջումն» ընդդիմության նկատմամբ քրեական գործերի մեջ օգտագործելու հարմար առիթ չի եղել: Չի՛ եղել նման դեպք»,- ասաց Գ. Արսենյանը, ով մինչ այդ ասում էր, թե նրա վկայություններով մի շարք մարդիկ ձերբակալվել են: Սակայն, ինչպես հայտնի է` բացի ընդդիմության ներկայացուցիչներից, մարտի 1-ի գործով այլ ձերբակալվածներ չկան: «Մենք Հ. Բաբայանին ասացինք, որ հիմնական հետեւությունը, որը մենք կանենք, այն է, որ կա ընդդիմության ակտիվ մասնակից, որը հանդես է գալիս գործուն զղջումով, եւ դա, ասենք, իշխանության ներկայացուցիչների համար որեւէ նշանակություն չունի»,- իր հետեւությունները, ինչպես եւ խոստացել էր, փոխանցեց Գ. Արսենյանը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հարցին, թե ինչո՞ւ իրենք չեն հրապարակում Բաբայանի հնչեցրած անունները, Գ. Արսենյանն պատասխանեց, թե դրա իմաստը չի տեսնում, քանի որ հանձնաժողովը չի զբաղվելու այն հարցերով, թե ընդդիմության որ անդամը կազմակերպչական ինչ գործառույթ էր իրականացնում: «Այդ անունները, թե ով էր տանում, հաց տալիս, ով էր տանում, փող տալիս, ով էր մարդկանց բերում, ինչպիսի մոբիլիզացիա էր անում` իրավապահների մոտ կա»,- պատճառաբանեց Գ. Արսենյանը: Իսկ Ա. Մինասյանն ասաց, որ Բաբայանն ասել է, թե ինքը տեսել է, թե ինչպես են բաժանում ձողերը Մյասնիկյանի արձանի մոտ, ականատես է եղել որոշ կրակոցների, բայց սպանությունների ականատես չի եղել: «Նա ընդդիմության ակտիվիստների անուններ է տվել, թե ով է կրակելու հրահանգներ տվել: Նա ասաց, որ այդ անունները տվել է նախաքննական մարմնին, եւ նրանք զբաղվում են այդ հարցով: Նախաքննական մարմինը ճշգրտումների փուլում է: Հեռախոսազրույց ունեցել ենք նաեւ Հատուկ քննչական խմբի ղեկավարի հետ: Նա ասաց, որ տեղյակ է, նա տվել է ցուցմունքներ, ճշգրտել են, եւ ոչ մի բանը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Ա. Մինասյանը` ասելով, որ նա տվել է նաեւ ՀՀՇ-ի Արմավիրի տարածքային կառույցի ղեկավարի անունը: Բաբայանը հանձնաժողովականներին պատմել է, որ զենք է տեսել նաեւ «Ազատության» հրապարակում այն մարդկանց մոտ, ովքեր կազմակերպում էին այդ «պրոցեսը», սակայն անուններ չի տվել: Ա. Մինասյանի ասելով` այն, ինչ իրենց ասել է Հովիկ Բաբայանը, «կարող է շեղել հանձնաժողովի աշխատանքներն այլ ուղղությամբ, եւ ոչ նպատակային», ուստի պետք չէ Բաբայանի ասածների վրա ուշադրություն դարձնել: Սակայն այն, որ իրավապահների հետ համագործակցող Բաբայանի տված «վկայություններով» այսօր բազմաթիվ ընդդիմադիրներ ձերբակալված են, փաստ է, եւ բացառված չէ, որ հանձնաժողովի ուշադրությանն արժանանալու դեպքում նրա տված «վկայությունները», որոնք «հաճախ» իրականությանը չեն համապատասխանել, էապես փոխեին նրա ցուցմունքներով ազատազրկված ընդդիմության ներկայացուցիչների ճակատագրերը: