Միջազգային լրահոսը երեկ ողողված էր Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մոսկովյան հանդիպման մասին հաղորդագրություններով։ Գրեթե բոլոր ԶԼՄ-ներն այս հանդիպումը ներկայացնում են որպես մեկ քայլ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Ու չնայած տարբեր փորձագետներ դեռ բավական երկար ժամանակ կքննարկեն 5 կետից բաղկացած հռչակագիրը՝ բառ առ բառ, հասարակ մահկանացուներս երեւի երբեք չիմանանք՝ ինչի՞ մասին են իրականում պայմանավորվել նախագահները։
Մեր համաքաղաքացիներին որքանո՞վ է մտահոգում այս հանդիպումը եւ, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Առաջին հայացքից հարցը կարող է անմիտ թվալ՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Երեւանում այս օրերին բոլորը՝ տաքսու վարորդներից, բակում հավաքված ծերունիներից մինչեւ ԱԺ միջանցքներում ծխող գործարար պատգամավորները, բուռն կերպով քննարկում են այս հարցը։ Սակայն, երբ վերհիշում ենք նախագահական ընտրությունների նախաշեմին անցկացված տարբեր հարցումները՝ մի տեսակ անհասկանալի պատկեր է ստացվում։
Եվ այսպես, 2007թ. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը 1200 քաղաքացիների շրջանում հարցում էր անցկացվել International Republican Institute (IRI), Baltic Surveys Ltd. /The Gallup Organization կազմակերպությունների եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից։
«Որո՞նք են ներկայումս Հայաստանի առջեւ ծառացած գլխավոր խնդիրները» հարցին ՀՀ բնակիչների 41%-ը պատասխանել էր՝ գործազրկությունը, 31%-ը՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը՝ որպես գլխավոր խոչընդոտ, նշել էր հարցվածների ընդամենը 19%-ը։ Ընդ որում, առաջին տեղում այս հիմնախնդիրը նշել էր հարցվածների 11%-ը։
Բավական հետաքրքիր էր նաեւ «Ի՞նչն է ամենից շատ անհանգստացնում Հայաստանի բնակչությանը» հարցի պատասխանը։ Առաջին տեղում պատերազմի վտանգն էր (33%), երկրորդ տեղում՝ գործազրկության եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները՝ 13-ական տոկոս։ Փաստորեն, եթե հարցման մեջ պատերազմի վտանգները եւ ԼՂ խնդիրներն առանձնացված են, ապա պատասխաններից ստացվում է, որ բնակչությունն ավելի շատ մտահոգված է ոչ թե ԼՂ ճակատագրով, այլ խաղաղությամբ։
Մեկ այլ հարցով սոցիոլոգները փորձել էին ճշտել, թե ՀՀ իշխանություններն առաջին հերթին ի՞նչ պիտի անեն, որպեսզի վայելեն բնակչության մեծամասնության վստահությունը։ Այստեղ պատկերն ավելի հակասական է՝ աշխատատեղերի ստեղծում՝ 32%, խոստումների կատարում՝ 15%, աշխատավարձերի, թոշակների բարձրացում՝ 22%, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում՝ 20%, կոռուպցիայի դեմ պայքար՝ 12%, եւ այլն։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, որպես բնակչության կողմից վստահության արժանանալու հիմնավոր պատճառ, նշել է հարցվածների ընդամենը 3%-ը։ Հարցմանը նախորդող մեկ տարվա ընթացքում կառավարության բացթողումների շարքում ՀՀ բնակիչները եւ ոչ մի տեղ չեն նշել բանակցային գործընթացի ձախողումները։
Այս ամենի հետ մեկտեղ՝ հարցման մասնակիցների 69 %-ը, գտել է, որ մոտ ապագայում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը «շատ կարեւոր է», 25 %-ը՝ «կարեւոր է», 4 %-ը՝ «այնքան էլ կարեւոր չէ» եւ 1 %-ը՝ «ընդհանրապես կարեւոր չէ»։
Հարցվածների 79%-ը կարծիք է հայտնել, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Իսկ հնարավո՞ր է արդյոք Ադրբեջանի հետ լեզու գտնել այս հարցում՝ առանց ռազմական ուժ կիրառելու։ Հարցվածների 26 %-ը պատասխանել է «միանշանակ այո», 51 %-ը՝ «ավելի շուտ՝ այո»։
Մի քանի տվյալներ մեջբերենք նաեւ նախընտրական մեկ այլ հարցումից, որը ժամանակին մեծ աղմուկ հանեց։ Խոսքը վերաբերում է ComRes ընկերության հարցմանը, որի արդյունքներով Սերժ Սարգսյանը լավագույն թեկնածուն էր համարվում՝ ամենատարբեր խնդիրների լուծման առումով՝ տնտեսության ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքար, Ցեղասպանության ճանաչում, պատերազմի վտանգի կանխում, ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Մասնավորապես, ԼՂ հարցում, հարցման մասնակիցների 45%-ը պատասխանել էին, որ լավագույն թեկնածուն, ով կարող է լուծել այդ հարցը, Սերժ Սարգսյանն է։ Հիշեցնենք, որ երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն էր՝ 11%-ով, հետո՝ Արթուր Բաղդասարյանը՝ 9%-ով։ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին տեղերում էր՝ 5%-ով։
Եթե ի մի բերենք անցյալ տարի կատարված այս հարցման արդյունքները, ապա կարելի է եզրակացնել՝ ՀՀ բնակչությունը ցանկանում է ԼՂ հիմնախնդիրը լուծված տեսնել, հավատում է, որ դրան կարելի է հասնել խաղաղ ճանապարհով, մտահոգված է պատերազմի վերսկսման վտանգով, ԼՂ հարցը առաջնային խնդիրների շարքում չէ, սակայն դրա շուտափույթ լուծումը կարեւոր է, եւ, որ ասպարեզում եղած գործիչներից այդ խնդիրն առաջին հերթին կարող է լուծել Սերժ Սարգսյանը։
Հիմա՝ երբ Ս. Սարգսյանն արդեն նախագահ է, եւ ԶԼՄ-ներն էլ մոսկովյան հանդիպումից հետո փորձում են լավատեսություն ներշնչել, արդյո՞ք ՀՀ բնակչությունը կարող է ուրախ լինել՝ համարելով, որ ամեն ինչ գնում է իր ուզածով։ Այս հարցի պատասխանը պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ հասարակությունը կիմանա՝ կոնկրետ ինչի՞ շուրջ են պայմանավորվել նախագահները։ Եվ, առաջին հերթին՝ ի՞նչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը։ Իսկ այդ մասին, չնայած վերը բերված եւ առաջին հայացքից զիջողաբար տրամադրված կարծիքներին, ՀՀ բնակչությունն ունի ուրույն տեսակետ։ IRI-ի կողմից անցկացված հարցման մեջ կար նաեւ այսպիսի հարց. «Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին խոսելով, ձեր կարծիքով, այն պետք է լինիգ». 49 %-ի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության մարզ, 28%-ի կարծիքով՝ ինքնիշխանություն՝ ՀՀ տարածքում, 23%-ի կարծիքով՝ անկախ պետություն։