Երկար ու տափակ՝ ինչպես Կառլոս Մեծի թուրը

05/11/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Արեւմուտքի մշակութային ագրեսիայով պայմանավորել մեր հասարակության ընդհանուր բարոյական անկումը, այնքան էլ լուրջ չէ: Մեղքը բարդել օտար գաղտնի ծառայությունների վրա, թե միտումնավոր մեր ազգը բթացնում են, մեզ բարոյազրկում եւ դարձնում սպառող հասարակություն, հեշտ է: Սակայն ո՞վ է մեղավոր, որ մշակույթի տեսակներից մեզ համար մատչելին, ընկալելին մնում է պարզունակը, ռաբիսը: Փելեշյանն իր ֆիլմը նկարահանելու համար գումար չունի, իսկ սերիալներ նկարահանելու համար հովանավորներ՝ որքան կամենաս: Սակայն հայկական սերիալներն այդքան տհաճ չէին լինի, եթե դրանց հերոսները գիտակցական ստորին, նախնական փուլում չլինեին եւ չներկայացնեին միայն քաղքենիներին:

ԱԺ Կրթության, գիտության հանձնաժողովի նախաձեռնությունն է, կարծես, պայքարել հայաստանյան սերիալների որակի դեմ: Եվ քանի որ այս թեմայով գրելու գայթակղությունը մեծ էր, ստիպված էինք հետեւել մեր հ/ը-ների ցուցադրած սերիալների բովանդակությանը:

«Արմենիա» հեռուստաընկերությունը (հ/ը) հատկապե՛ս է մասնագիտացած պղպջակային հաղորդաշարերի եւ սերիալների արտադրության գործում: Ինչ խոսք, այս հ/ը-ն մասնավոր է, ունի կոնկրետ ճաշակի հեռուստադիտողին հասցեագրված հաղորդումներ: Սակայն այն մարդիկ, ովքեր պատրաստում են այդ հաղորդումներն ու գրում պրիմիտիվագույն սցենարները, պիտի որ գիտակցեն, որ միամիտ տնային տնտեսուհուն, ընտրության հնարավորություն չունեցող երեխային, շինարարությունից հոգնած բանվորին մատուցել պրիմիտիվ սերիալ՝ վստահ, որ նա հաճույքով կդիտի, ազնիվ չէ: Բացի դա՝ ակնհայտ է, որ սերիալներ ստեղծողները չեն հարգում նաեւ սեփական գործը:

Եվ այսպես, անհայտ է, թե ով է «Արմենիա» հ/ը-ով ցուցադրվող «Դժբախտ երջանկություն» սերիալի սցենարի հեղինակը: Ակնհայտ է, որ նա հայաստանյան իրականությունը լավ չի պատկերացնում, մարդկային նորմալ փոխհարաբերություններից բռնությամբ կտրված եւ տարօրինակ երեւակայությամբ մեկն է: Սերիալի իրադարձությունները զարգանում են Հայաստանում, ավելին՝ երիտասարդ գործարարուհին՝ իր խոհարարով, սպասուհիներով, այգեպանով, բնակվում է, եթե չենք սխալվում, Վահագնի թաղամասում: Հերոսուհին, ի թիվս այլ՝ իրեն անհայտ դժբախտությունների, ունի մեկը եւս՝ փնտրում է իր կորած երեխային: Համաշխարհային իրականության մեջ՝ ընդհանրապես, Հայաստանում՝ մասնավորապես, եթե մայրն իր երեխային ինչ-որ տեղ մոռանում է, անհետ կորցնում, պիտի որ առողջական լուրջ խնդիրներ ունենա: Սակայն ո՛չ մեր հերոսուհու դեպքում. նա հաջողակ գործարար է: Թեեւ ֆիլմի ընթացքում նա ստեպ-ստեպ հիշում է, որ կորած երեխա ունի, որին ստիպված է փնտրել ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ ակնհայտորեն ռեժիսորի պնդմամբ: Սակայն երեխայի մասին նա, բարեբախտաբար, հազվադեպ է հիշում, եւ հասցնում է չմոռանալ տեղը տեղին շպարվել, համեղ ճաշել ռեստորաններում՝ սիրեցյալի հետ, ով կարծես ամուսինը չէ, այլ Տարզանին հիշեցնող քննիչ: Ամեն դեպքում, նման ծուլությամբ երեխային փնտրելու դեպքում, վստահ ենք, անգամ, եթե ֆիլմը շարունակվի մինչեւ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը, այս կինն իր երեխային չի գտնի:

Ավելի ուշ ժամ էր, երբ նույն հ/ը-ն ցուցադրում էր արդեն այլ սերիալ, որի հերոսուհին, պարզվեց, հայտնի դերասանուհի Ալլա Թումանյանն է: Նրա հանդարտ խոսքը, խնամված եւ գեղեցկության սրահից նոր-նոր դուրս եկածի արտաքինը դժվար կարող են մատնել, որ տարաբախտ այդ կինը եւս փնտրում է իրգ վաղուց կորած որդուն: Ֆիլմը դիտել՝ պարզելու որդու կորստյան մանրամասները, անհնար է՝ առանց առողջությանը լուրջ վնասներ հասցնելու:

Կա այլ սերիալ եւս՝ «Հարեւանները», որը քաղքենի կանանց ու տարօրինակ տղամարդկանց փոխհարաբերությունների ինչ-որ պատմություն է: Տպավորությունն այնպիսին է, որ ողջ Հայաստանում բնակվում են բացառապես քաղքենի, թուլամիտ եւ անհասկանալի փիլիսոփայությամբ մարդիկ:

Նույն դատարկաբան սերիալներով աչքի է ընկնում նաեւ Հ1-ը:

«Շանթ» հ/ը-ն՝ իր Զիտայով եւ Կնյազով, ազգային աղետին հավասար երեւույթ է: Նույնը՝ նաեւ դրան հաջորդող ֆիլմը՝ հանցագործների մասին: Երբ «Շանթի» հաղորդավարը պաշտպանում է վերոնշյալ ֆիլմը՝ վկայակոչելով ռուսաստանյան «Բրիգադա» հեռուստասերիալի հաջողությունները, նա մոլորության մեջ է: «Բրիգադայի» հաջողությունը նախեւառաջ այն դերասաններն են, ավելի ստույգ՝ արտիստները, ովքեր խաղում են այս կամ այն դերը եւ ունեն լուրջ կրթություն ու աշխարհայացք: «Բրիգադայի» Բելովի դերասանին՝ Սերգեյ Բեզրուկովին, խոսեցրու ռուսական եւ համաշխարհային մշակույթից, եւ նա անդադար կարտասանի Եսենին, Պուշկին: Նա, ի դեպ, մարմնավորել է նաեւ «Վարպետն ու Մարգարիտան» սերիալում Յեշուայի դերը: Ի դեպ, եթե հիշատակում ենք ռուսական սերիալները, հիշենք դրանց ցանկը՝ Պաստեռնակ. «Դոկտոր Ժիվագո», Դոստոեւսկի. «Ապուշը», Բուլգակով. «Վարպետն ու Մարգարիտան» եւ այլն:

Գուցե նրբանկատ չէ սերիալներում ընդգրկված հայ դերասաններին համեմատել ռուս դերասանների հետ: Պարզապես հիշենք «Վերվարածների» մասնակցությունն ամանորյա «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: Սերիալի սյուժեն կամ գուցե ավելի լուրջ մի բան նրանց թույլ չէր տալիս հիշել հայ գրողների անունները, պատասխանել պարզունակ հարցերին, իսկ «դեկադա» բառը նրանցից լավագույնն առաջին անգամ էր լսում:

Հ.Գ.
Հոդվածը պատրաստ էր, երբ երեկ, ժամը 15:30-ին Հ1-ով եթեր էր հեռարձակվում ինչ-որ սերիալ. այդ պահին հերոսուհին հառաչում էր, որ թեեւ կորցրել է հիշողությունը, սակայն վստահ է, որ ինչ-որ տեղ ունի հայր, մայր: Պարզապես վստահ ենք, որ նա իր ծնողներին կորցրել է «Արմենիա» հ/ը-ի սերիալներից որեւէ մեկում: