Ռոբերտ Ֆիշերը ծնվել է 1943 թվականին Չիկագոյում։ Շախմատ խաղալ սովորել
է վեց տարեկանում, քրոջ օգնությամբ։ 29 տարեկանում դարձել է շախմատի
աշխարհի 11-րդ չեմպիոն։ 1975-ին հրաժարվել է Կարպովի հետ խաղալուց եւ
գրեթե երեսուն տարի ճգնակյացի կյանք վարել։ Ողջունել է 2001 թվականի
սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։ Ասում է, շախմատ չի խաղում եւ չի սիրում
այդ խաղը, բայց իրեն համարում է աշխարհի վերջին եւ ամենամեծ չեմպիոնը։
«1975-ին չեմպիոնի տիտղոսից ինձ զրկելն անօրինական էր։ Այդ ժամանակից,
արդեն երեսուն տարի, հին շախմատը մեռնում է։ Բոլոր խաղերը նախապես
պատրաստված են, բոլոր քայլերն անգիր արված, եւ բոլոր մրցաշարը՝
պայմանավորված»,- ասում է Ֆիշերը։
Թղթակցի ակնարկին, թե Կասպարովը Ֆիշերին համարում է պատմության մեջ
ամենամեծ շախմատիստը, պատասխանում է. «Դա առիթ չէ, որ ես փոխեմ նրա մասին
իմ կարծիքը։ Յուրաքանչյուր ոք, ով նախապես պատրաստվում է խաղին եւ խաղում
պայմանագրային մրցաշարերում, ստախոս է ու վաճառական։ Կասպարովին ես
հանցագործ եմ համարում։ Գիտեմ, հիմա նա փորձում է զբաղվել
քաղաքականությամբ, նախագահ Պուտինին դեմ է գնում։ Եթե Կասպարովը Պուտինին
դեմ է, ես կողմ եմ։ Կասպարովը չարի մարմնացումն է»։
«Ինչո՞վ եք ապրում, եթե չեք մասնակցում մրցաշարերի եւ չեք զբաղվում
բիզնեսով» հարցին Ֆիշերը պատասխանում է. «1992-ին Սպասսկու հետ խաղալուց
հետո շվեյցարական բանկում մոտ երեք միլիոն դոլար ունեմ։ Ի դեպ, ոչ թե
դոլարով, այլ՝ շվեյցարական ֆրանկով եւ ոսկու ձուլակտորներով։ Ես տանել չեմ
կարողանում ամերիկյան որեւէ բան»։
Շախմատիստի կարծիքով, ամերիկացիների մեծամասնությունը բութ, անուղեղ խոզեր
են։ Նա այս եզրակացությանն է եկել այն բանից հետո, երբ ամերիկացիները
երկրորդ անգամ են ընտրել «ծաղրածու Բուշին»։
Ֆիշերը տեղյակ է այն ամենին, ինչ կատարվում է Ռուսաստանում։ Միակ բանը, որ
չի հասկանում, Չեչնիայի իրավիճակն է։ «Ինձ դուր չի գալիս, որ Ռուսաստանը
կռվում է մուսուլմանական աշխարհի դեմ, իսկ մուսուլմաններն ուզում են աղալ
Ռուսաստանին։ Ես ուզում եմ, որ Չեչնիայում վերջապես խաղաղություն
հաստատվի, իսկ արաբական եւ մուսուլմանական աշխարհն էլ Ռուսաստանի հետ
միասին շուռ տան Ամերիկան։ Դա ավելի արդյունավետ կլիներ»։
Ֆիշերը համոզված է, որ միջուկային պատերազմ անպայման լինելու է, եւ այն սկսելու են ամերիկացիները։ «ԱՄՆ-ը չարիք է»,- ասում է նա։
Ճապոնիայում անցկացրած ութամսյա բանտարկությունից ազատվելուց հետո
շախմատիստը տեղափոխվել է Իսլանդիա եւ ընդունել այդ երկրի
քաղաքացիությունը։ «Երբ վերականգնվեմ, կսկսեմ իմ շախմատը խաղալ։ Եթե լավ
փող առաջարկեն, պատրաստ եմ մրցել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Կխաղամ
ում հետ պատահի, նույնիսկ՝ հանցագործների։ Եթե տեսնեք Կարպովին կամ
Կասպարովին, փոխանցեք իմ այս առաջարկը»։
Տ.Պ.