Ոչ թե ֆուտբոլային, այլ պրագմատիզմի քաղաքականություն

05/11/2008

Նոյեմբերի 1-2-ին Ծաղկաձորում՝ Գրողների տանը ծավալվել էր «Հայ-թուրքական հարաբերությունները. զարգացման հեռանկարները եւ քաղաքական կուսակցությունների դերը» թեմայով քննարկում, որն ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ նախաձեռնել էին հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ եւ կուսակցություններ: Ստորեւ տպագրում ենք կոնֆերանսում ներկայացված Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի զեկույցը:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեր տարածաշրջանի կայուն եւ անվտանգ զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկն է: Հնարավոր չէ հավատալ Կովկասում կայունության եւ անվտանգության հաստատման մասին բարի ցանկություններին, եթե դրանք չեն ամրապնդվում կոնկրետ քայլերով, եթե հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդը, որը 20-րդ դարի սկզբին ենթարկվեց ցեղասպանության եւ կորցրեց իր պատմական Հայրենիքի 90 տոկոսը, մեծի մասամբ ցրվեց աշխարհով մեկ եւ մասամբ սեղմվեց իր պատմական կենսական արեալի ընդամենը մեկ տասներորդը կազմող ժամանակակից ՀՀ-ում, այսօր էլ ստիպված է ապրել թշնամիներով պաշարված ամրոցում դիմակայողի գիտակցությամբ: Միջազգային հանրությունը չի կարող չընդունել, որ սա մեր՝ հայերիս ընտրությունը չէ, որ մենք դատապարտված ենք տառապել արգելոցում գոյատեւող եւ միայն ռուսական միջուկային վահանի շնորհիվ պաշտպանված պոպուլյացիայի հոգեբանությամբ այնքան ժամանակ, քանի դեռ ժամանակակից Թուրքիան չի ցանկանում սահմանազատվել մեր ընդհանուր ողբերգական անցյալից եւ փակ սահմաններով ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ յուրաքանչյուր տարի, ամիս, օր հայերի ժամանակակից սերնդին հիշեցնում է մեր ողբերգական անցյալի մասին: Այո, ոչ թե հայերը չեն ցանկանում պատմաբանների գնահատականին հանձնել մեր պատմության դաժան էջերը եւ կերտել դաժանություններից ու մարդատյացությունից զերծ ընդհանուր ապագա, այլ ժամանակակից Թուրքիան կարծես իր առջեւ նպատակ է դրել մեր հիշողության մեջ մշտապես թարմ պահել մեր պապերի ողբերգական ճակատագրի մասին դառը հիշողությունը: Եթե մի գեղեցիկ օր Հայաստանի եւ Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերը՝ դաշնակցականներով եւ գորշ գայլերով հանդերձ, միահամուռ որոշեն, որ անհրաժեշտ է փոխադարձաբար ձերբազատվել բոլոր ֆոբիաներից եւ մեր փոխհարաբերություններում բացել նոր մաքուր էջ, այդ որոշումը կմնա թղթի վրա եւ չի իրականացվի, քանի դեռ երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունի «Բեռլինյան պատը»՝ փակ սահմանը, քանի դեռ հայը իր ազգային ոգին խորհրդանշող սարին ստիպված է նայել փակ սահմանի ետեւից: Սերժ Սարգսյանը կարող է ջնջել Արարատ լեռան պատկերը Հայաստանի ֆուտբոլային հավաքականի մարզազգեստից, սակայն հայ մարդու ոգուց պաշարված գերագույն ազգային արժեքի մշտական ցավը ոչ նա, ոչ էլ հայաստանյան բոլոր կուսակցությունները միասին վերցված՝ չեն կարող ջնջել: Այդ դարավոր ցավը հնարավոր է չեզոքացնել ոչ թե տրագիկոմիկական ֆուտբոլային դիվանագիտության, այլ լրջմիտ եւ գործնական քայլերի՝ սահմանների բացման եւ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով:

Իհարկե, ես ամենեւին էլ հակված չեմ թերագնահատել երկու ժողովուրդների միջեւ շփումների, այդ թվում՝ ֆուտբոլային շփումների, նշանակությունը: Սակայն ոչ ֆուտբոլային, ոչ էլ նույնիսկ հարեւան պետությունների ազդեցիկ դեմքերի միջեւ քաղաքական շփումները չեն կարող օգուտ բերել, եթե դրանք ինքնանպատակ են եւ ընդամենը կոչված են քողարկել ռեալ առաջընթացի՝ գործնական քայլերի բացակայությունը: Այդ դեպքում դրանք կարող են կարճաժամկետ ընթացքում որոշ դիվիդենտներ բերել երկու երկրների իշխող շրջանակներին, սակայն այդ դիվիդենտների գինն է լինելու հարեւան ժողովուրդների աչքերում սեփական փոխհարաբերությունների բարելավման նպատակի արժեզրկումը. գործնական արդյունքների բացակայությունն անխուսափելիորեն կվարկաբեկի նպատակը, ինչը, իր հերթին, ավելի կխորացնի փոխադարձ անվստահությունը: Եթե մենք, ի տարբերություն այլեւայլ պոլիտիկանների, ձգտում ենք ոչ թե դիվիդենտներ քաղելու համար շահարկել հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, այլ այդ կարեւորագույն խնդրի շուրջ երկու հարեւան ժողովուրդների միջեւ ձեւավորել անհրաժեշտ փոխվստահության մթնոլորտ, ապա պետք է այս քննարկումներին մոտենանք ամենայն պատասխանատվությամբ: Քննարկումները, իմ կարծիքով, չպետք է սահմանափակվեն միայն այս միջոցառումով, պետք է կրեն շարունակական բնույթ: Կազմակերպիչները ճիշտ են վարվել այս փուլում ձեռնպահ մնալով երկու երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին քննարկմանը մասնակից դարձնելուց՝ սկզբից հարցերը պետք է ամենայն խորությամբ ուսումնասիրվեն փորձագիտական մակարդակով: Ավելին, ես այն կարծիքին եմ, որ երկու երկրների քաղաքական կուսակցությունները դեռ պատրաստ չեն որեւէ լուրջ դերակատարություն ստանձնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում: Փորձագիտական համքարության նպատակը պետք է լինի հենց դա՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում քաղաքական ուժերին նախապատրաստել դրական դերակատարության, բացահայտել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման առայժմ չօգտագործված հնարավորությունները:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունների բացահայտման համար անհրաժեշտ է կողմերին՝ հայ եւ թուրք քաղաքական ուժերին, առաջարկել այնպիսի մեթոդաբանական սկզբունքներ, որոնք նրանք կարող են ընդունել որպես աքսիոմատիկ ճշմարտություններ եւ որոնցով պետք է առաջնորդվեն երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման գործում: Առաջինը եւ ամենահամապարփակը դրանցից սեփական նպատակներն ու ակնկալիքները քաղաքական պրագմատիզմի չափանիշներին ենթարկելու սկզբունքն է: Պրագմատիզմը, որի մեթոդաբանական հիմնադրույթները մշակել են ամերիկյան մեծ մտածողներ Չարլզ Սանդերս Փիրսը եւ Ջոն Դյուին, անհաշտ մոտեցումները հաշտեցնելու եւ նույնիսկ համադրելու միակ հուսալի հենքն է: Միայն ոչ խորքային, մակերեսային տեսանկյունից է թվում, որ պրագմատիզմը պարտադիր կերպով հանգում է չոր եւ անհոգի հաշվարկին, բացառելով բոլոր կարգի զգացմունքային մոտեցումները: Իրականում քաղաքական պրագմատիզմին բնորոշ է ոչ թե զգացմունքայնության բացառումը, ինչը կլիներ անիրատեսական, քանզի, ինչպես ժամանակին նկատել է Մաքս Վեբերը, քաղաքական գործունեության մեջ կիրքը նույնքան կարեւոր է, որքան կարեւոր է աչքաչափը, այլ բնորոշ է զգացմունքայնության հաշվառման եւ ուղղորդման պրագմատիկական գործելակերպը: Պրագմատիզմի տեսանկյունից սոցիալական զգացմունքները պետք է ոչ թե մերժել կամ անտեսել, այլ, մղելով ռացիոնալ լուծումների դաշտ, նպաստավոր կերպով օգտագործել դրանց հիմքում ընկած հզոր սոցիալական էներգիան: Եթե պրագմատիզմի մեթոդաբանության դրույթները կիրարկենք հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում, ապա կհանգենք երկու կարեւոր եզրակացությունների: Առաջին. հայերը պետք է ընդունեն որպես փաստ այն, որ Թուրքիան այսօր պատրաստ չէ ճանաչել եւ դատապարտել երիտթուրքական իշխանությունների կողմից 1915-1923 թթ. իրականացված հայերի Մեծ եղեռնը, ինչպես դա արեց ժամանակակից Գերմանիան՝ դատապարտելով եւ ապաշխարելով նացիստական Գերմանիայի կողմից հրեաների դեմ կատարված ոճիրը: Երկրորդ. թուրքերը պետք է ընդունեն, որ Հայաստանը չի կարող հենց այնպես հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակելու քաղաքականությունից, որովհետեւ որքան Թուրքիան է զգայուն ադրբեջանցիների պահանջներին արձագանքելու հարցում, նույնքան Հայաստանն է զգայուն Ցեղասպանության ուղղակի արդյունքը հանդիսացող հայկական սփյուռքի պահանջատիրության պաշտպանության հարցում: Ո՞րն է հակասությունների այս «գորդյան հանգույցի» կապալուծման միջոցը: Քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից այդ միջոցը երկու պետությունների համար միեւնույնն է. Հայաստանը եւ Թուրքիան ստեղծված պայմաններում կարող են բարելավել միջպետական հարաբերությունները, եթե երկուստեք հրաժարվեն էթնիկական ազգայնականության չափանիշների վրա հիմնվող մոտեցումներից եւ ապավինեն պետական շահերի պաշտպանության պրագմատիկորեն հաշվարկված հնարավորությունների օգտագործմանը: Գործնականում դա նշանակում է, որ ՀՀ-ն կարող է կառուցել միջպետական հարաբերությունները Թուրքիայի հետ՝ չարձագանքելով Հայ Դատի պաշտպանության հարցում հայկական սփյուռքի միանգամայն արդարացի ակնկալիքներին միայն այն դեպքում, եթե Թուրքիան ՀՀ-ի հետ միջպետական հարաբերությունների բարելավման հարցում նույնպես տեղի չտա Ադրբեջանի ճնշումներին եւ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների զարգացումը չկապի ԼՂՀ ժողովրդի բացառիկ իրավասության ոլորտին պատկանող հարցերի հետ: Սա հստակ պարիտետային մոտեցում է, փոխզիջում, որի արդյունքում երկու հարեւան պետությունները՝ Հայաստանը եւ Թուրքիան, կհամաձայնվեն միջպետական հարաբերություններում առաջնորդվել ոչ թե էթնիկական նացիոնալիզմի, այլ քաղաքական պրագմատիզմի սկզբունքներով՝ սեփական պետությունների շահը գերադասելով «արյան կանչից» բխող պարտավորություններից: Իմ համոզմամբ՝ ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը չեն կարող լիարժեքորեն ինտեգրվել եվրոպական պետությունների ընտանիքին, եթե չգնան այս ճանապարհով, եթե շարունակաբար ապավինեն թուրքիզմի կամ էթնիկական նացիոնալիզմի դոգմաներին, եթե հիմնվեն ոչ թե պետական շահերի կշռադատման, այլ «արյան կանչով» պայմանավորված իռացիոնալ պարտավորությունների վրա: Էթնիկական նացիոնալիզմը՝ լինի դա թուրքիզմ, ցեղակրոնություն կամ դաշնակցական ազգայնականություն, կարող է որպես ազգային կուսակցությունների դավանանք արդյունավետ լինել, սակայն չի կարող գաղափարաբանական հենք հանդիսանալ ԵՄ-ի դուռը թակող ժամանակակից պետությունների համար: Ես համոզված եմ, որ ՀՀ-ն եւ Թուրքիան միայն ձեռք ձեռքի տված կարող են հաղթահարել եվրոպական ընտանիք տանող ճանապարհը, որովհետեւ միայն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման դեպքում է հնարավոր մեր տարածաշրջանում եվրոպական նոր հարեւանության ծրագրի լիակատար իրագործումը, բաժանարար գծերի եւ սառը պատերազմի վերակենդանացման վտանգի կասեցումը: