«Թատրոնը պիտի ճանաչելի լինի»,- ասում է դերասան ու ռեժիսոր Արմեն Էլբակյանը

05/11/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Երբ Մշակույթի նախարարության որոշումով հեռացվեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, շատ թատերասերներ ու թատրոնի մասնագետներ մտածեցին, որ Հայաստանի գլխավոր թատրոնում կատարված այդ լրջագույն քայլը (իսկ դա իրոք լուրջ քայլ էր, քանի որ տպավորություն էր ստեղծվում, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ցմահ է տրվում ու ինքնաբերաբար ճահճացման է հանգեցնում) իր շարունակությունը կստանա։ Սակայն հիմա թատրոնի ճակատագիրը շատ մշուշոտ է, եւ թատրոնի շուրջ ավելի շատ հարցեր կան, քան երբեւէ: Տպավորություն է, որ ոչ ոք չգիտի, թե իրապես ի՞նչ է հարկավոր անել այդ թատրոնի հետ: Այո, հիմա գեղարվեստական ղեկավարի պաշտոնի փոխարեն՝ գեղարվեստական խորհուրդ է գործում, սակայն մշուշոտ դերակատարություն ունեցող այդ խորհուրդը թատրոնի ղեկը լինել չի կարող: Բոլորին է հայտնի, որ նավի վրա միայն մեկ նավապետ եւ մեկ ուղղություն է լինում, հակառակ դեպքում՝ նավը կամ աննպատակ դեգերում է ծովերով, կամ էլ՝ խորտակվում է։

Վահե Շահվերդյանի անփառունակ եւ միապետական գործունեության փուլն ավարտվել է, եւ հիմա հարկ է կողմնորոշվել՝ թե ի՞նչ կառավարման մոդելով պիտի աշխատի մեր Մայր թատրոնը եւ, վերջիվերջո, ո՞վ է այն ղեկավարելու։

Թատրոնի կառավարման սկզբունքների ու ընդհանրապես թատրոնի դերի մասին մենք զրուցեցինք Էդգար Էլբակյանի անվան «Արիոն» թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանի հետ, ով այն ռեժիսորներից է, որը կարծես չի շտապում ամեն պատեհ ու անպատեհ պահին իր կարծիքը հայտնել: Նա իր գործն է անում` փոքր ու անկախ իր բեմում անելով այն, ինչը եւ պետք է անի յուրաքանչյուր ղեկավար: Նա թատրոն է ստեղծում, եւ այն, ինչը կարեւոր է համարում` ներկայացնում է իր բեմադրություններում ու իր դերերում։

– Պարոն Էլբակյան, կառավարման ո՞ր մոդելն է նախընտրելի, եթե խոսքը Մայր թատրոնի մասին է:

– Յուրաքանչյուր ոլորտում էլ հեծանիվ հնարելը լավ բան չէ: Հեծանիվն արդեն վաղուց է հնարված, վաղուց է հնարված նաեւ անիվը: Եվ ինչպիսի թատրոն էլ որ լինի, այն պետք է գեղարվեստական մտածողություն ունեցող մարդ ղեկավարի, այլ ոչ թե մի մարդ, որը կհաշվի փողերը, ավելներն ու այլ տարաբնույթ ծախսերը: Խոսքս տնօրենների մասին է։ Թատրոնի առաջնորդը պետք է խաղացանկային քաղաքականություն ստեղծող մարդ լինի, որը կզբաղվի դերասաններից յուրաքանչյուրի ճակատագրով, այլ ոչ թե նրանց որպես «դիմակներ» կօգտագործի:

– «Դիմակը» վա՞տ բան է:

– Հիմա շատ թատրոններ ներկայացումից ներկայացում են տեղափոխում նույն դերասանական «դիմակը», մինչդեռ լավ թատրոններում դերասանը պետք է բազմերանգ ներկայանալու հնարավորություն ունենա: Երբ դերասանն անընդհատ նույն դերն է խաղում, նա վերածվում է «դիմակի», իսկ դա անկասկած վատ է: Եվ դա նշանակում է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը պիտի ռեժիսոր-պեդագոգ լինի, որը սրտացավ կլինի իր յուրաքանչյուր դերասանի աճի ու ճակատագրի համար: Ընդհանրապես գեղարվեստական ղեկավար դառնալու համար շատ բան պետք չէ, պետք է պարզապես ազնիվ ու արդարամիտ լինել։

– Իհարկե, դա ճիշտ ու գեղեցիկ է հնչում, սակայն միշտ ստացվում է, որ թատրոնի ղեկավարի արդարամտությունը սկսում է արգելակվել, երբ հարցը վերաբերում է նրա բարեկամներին, ընկերներին: Տենդենց է, որ թատրոններում, բացի գլխավորից, բեմադրություններ են անում հիմնականում նրանց զավակները:

– Թատրոնում այդ մոտեցումը բոլոր ժամանակներում էլ եղել է, եւ չեմ կարծում, որ ղեկավարների զավակներն այդ թատրոնում բեմադրություններ չպիտի անեն: Ո՞վ ասաց, որ Վահե Շահվերդյանի տղան չպիտի բեմադրի: Այլ հարց է, թե որքանով են այդ տղայի բեմադրությունները համապատասխանում թատրոնի գեղագիտությանը։

– Իսկ ի՞նչ դեր պիտի խաղա գեղարվեստական խորհուրդը, եւ ինչպիսի՞ խաղացանկային քաղաքականություն այն պիտի վարի։

– Որքան հասկանում եմ, այդ խորհուրդը պիտի փորձի թատրոնը նոր խաղացանկով ներկայացնել ու տարբեր ռեժիսորների հրավիրել: Եվ, ի վերջո, ռեժիսորներից որեւէ մեկը կստանձնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Թերեւս դա է միակ ճանապարհը: Կարծում եմ, որ բոլորս էլ գիտենք, թե Հայաստանում քանի ռեժիսորներ կան եւ ով՝ ի՞նչ կարող է անել: Եվ եթե ունեցած ուժերի մեջ Ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար չեն գտնում, ուրեմն կարող եմ միայն մի բան ասել՝ խեղճ հայ ժողովուրդ… Ուրեմն կամ չեն ուզում տեսնել, կամ տեսնում են, բայց ասում են՝ չկա։ Ամեն դեպքում թատրոնը պիտի ղեկավարի մի մարդ, որն իր ուսերի ետեւում թատերական կենսագրություն ունի։ Իսկ էքսպերիմենտներ անող ռեժիսորների համար կան «ազատ հարթակներ»։ «Փոսի» ու Երաժշտական կամերային թատրոններից բացի՝ այլ հարթակներ ստեղծելու իմաստ չկա։

Ինչ վերաբերում է մարդկային հարաբերություններին, ուզում եմ, որ հիշենք` մենք լուսնի վրա չենք ապրում, բոլորս էլ ունենք բարեկամներ, երեխաներ, թշնամիներ, հավանողներ ու չհավանողներ: Մեր աշխատանքը միատարր լինել չի կարող ու չի կարող բոլորին դուր գալ: Հո բոլորս իրարով հիացած չե՞նք լինելու։ Եթե այդպես լիներ, ոչ մի նոր բան չէր ստեղծվի։ Իսկ խաղացանկ կազմելու պահին շատ կարեւոր է հասկանալ՝ որո՞նք են շարժառիթները, ինչո՞ւ ես այս կամ այն գործն ընտրում։ Քաղաքացիական ու բարոյական դիրքորոշումները շատ կարեւոր հանգամանքներ են։ Հիմա Շեքսպիր բեմադրելու ժամանակները չեն, եւ չի կարելի անհաջողությունները արդարացնել նրանով, որ այս կամ այն ներկայացումը միայն «էլիտան» պիտի հասկանա։ Չեմ ասում, որ թատրոնը պիտի պարզունակ լինի, բայց այն անպայման պիտի ճանաչելի ու ընկալելի լինի։ Արվեստն ընդհանրապես պիտի ճանաչելի լինի, որպեսզի յուրաքանչյուր մարդ «իրենը» տանի ներկայացումներից ու թանգարաններից։

– Որպես հանդիսատես՝ Դուք թատրոններում տեսնո՞ւմ եք «Ձերը»։ Կարո՞ղ եք վերջին տարիներին ստեղծված մի քանի լավ ներկայացում նշել՝ փորձելով հանդիսատեսի համար յուրահատուկ ուղեցույց դառնալ։

– Վերջին երեք տարիների ընթացքում դիտած ներկայացումներից դժվարանում եմ որեւէ մեկն առանձնացնել։ Ընդհանրապես ռեժիսորների համար հեշտ չէ հանդիսատես դառնալը: Ես, օրինակ, գնում եմ թատրոն, երբ զգում եմ, որ ինձ համար հետաքրքիր բան եմ տեսնելու: Բայց շատ բան կա, որն ինձ ի սկզբանե հետաքրքիր չէ, օրինակ՝ Շիրվանզադեի «Պատվի համարը» ես չեմ նայի, քանի որ համարում եմ, որ այդ դրամատուրգիան 21-րդ դարում չի կարող ներկայացնել հայ ազգային գեղագիտությունը: Վերջիվերջո, ես պարտավորված չեմ ամեն բան դիտել։

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ է «կաղում» մեր թատրոնը, ինչո՞ւ չեն ստեղծվում վառ ներկայացումներ։

– Որքան ինձ հիշում եմ, անընդհատ ասում են, որ թատրոնը մահանում է։ Բայց իրականում սա այդպես չէ, թատրոնը երբեք չի մեռնի, քանի որ դա կենդանի արվեստ է։ Պարզապես կան մարդկային շահեր, որոնք կամ համընկնում են, կամ էլ չեն համընկնում։

– Դուք էլ եք Սունդուկյանի թատրոնում բեմադրություն արել, սակայն Ձեր բեմադրած «Սերը ծփիների տակ» ներկայացումը շատ կարճ կյանք ունեցավ: Ինչո՞ւ:

– Մեր համագործակցությունը չստացվեց, կարծում եմ՝ պատճառը դերասանական խմբի սխալ կոմպլեկտավորման մեջ էր: Հիմա պատրաստվում եմ Սունդուկյանի անվան թատրոնի բեմում բեմադրել «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը եւ կասկած չունեմ, որ բացի թատրոնի կազմից՝ այլ դերասանների էլ եմ հրավիրելու։ Փորձելու եմ, իմ կարծիքով, լավագույն ուժերը համախմբել։ Հրավիրելու եմ Աննա Էլբակյանին ու պատրաստվում եմ լսել մեղադրանքներ, որ իմ կնոջն եմ դեր տալիս։ Բայց ես հո մեղավոր չե՞մ, որ Աննան լավ դերասանուհի է (ծիծաղում է.- Ն.Հ.)

– Թատրոնը, բացի գեղագիտությունից, նաեւ հստակ կառավարվող կառույց պիտի լինի։ Միգուցե թատրոնը վախճանվում է՝ վատ կառավարման պատճառով։

– Լինում են շրջաններ, երբ «անկենդան» ներկայացումներ են ծնվում։ Եվ այդ դեպքում այդ «անկենդան» թատրոն-կառույցները մեռնում են։ Եվ դա նորմալ է, քանի որ, եթե կա սկիզբ, ապա պիտի նաեւ վերջ լինի։ Ինչ-որ բան պիտի մեռնի, որպեսզի նորը ծնվի։ Հուսանք, որ Ազգային թատրոնի հետ կապված ծրագրերը նորի սկիզբ կդնեն։ Ցավալի է, իհարկե, որ այդ թատրոնի ճակատագիրն այդպես դասավորվեց։ Ես ինքս 18 տարի աշխատել եմ այդ թատրոնում ու կարծում եմ, որ այդ տարիները համընկան թատրոնի լավ տարիների հետ։ Բայց պետք է հիշել, որ նման ահռելի թատրոններ ղեկավարելը միշտ էլ շատ բարդ է եղել։

– Շատ արդիական հարց եմ ուզում տալ՝ ինչո՞ւ են մեր դերասանները բեմի վրա գոռում։ Այդ շինծու պաթոսը կարծես վանում է հանդիսատեսին, որը միանգամից զգում է կեղծիքը։

– Մեր թատրոնում որոշ արխաիկ երեւույթներ կան։ Դերասանների հիանալի սերունդ կար, որը թատրոն բերեց ճշմարիտ բիոլոգիական հարաբերությունները, բայց հետո, չգիտես՝ ինչո՞ւ, մեր թատրոնն այլ ճանապարհ ընտրեց, գնաց դեպի ռոմանտիկ պաթոսը, ու բեմում անհարիր բղավոցներ հայտնվեցին։ Իսկ հիմա դուք հարցնում եք՝ ինչո՞ւ ես չեմ գնում ներկայացումներ նայելու։ Ախր մեկ կամ երկու անգամ նայելուց հետո այլեւս թատրոն գնալ չես ուզում։

– Արդյոք հարկավո՞ր է շտապել ու թատրոնի ոլորտում ռեֆորմներ անել, թե՞ ավելի լավ է թողնել, որ դաշտն ինքն իրեն մաքրվի։

– Մի շատ լավ արտահայտություն ուներ Գեորգի Տովստոնոգովը, ում հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել, նա ասում էր. «Թատրոնը ստեղծվում է ամենօրյա ծանր աշխատանքով»։ Թատրոն ստեղծելը երկար պրոցես է, քանի որ թատրոնը համախոհների աշխատանք ու համատեղ մտածողություն է։ Մանավանդ հիշելով, որ պրովինցիայում ենք ապրում (իսկ որքան էլ մենք կարծենք, որ գավառական մտածողությունից ազատ ենք, միեւնույն է, մենք շատ գավառական բաներ ենք ժառանգել մեր նախորդներից), պետք է հաշվի առնենք մեր գավառական աստղային հիվանդությունները։ Թատրոնի նկատմամբ ստեղծված մոտեցումն է հարկավոր փոխել։ Վերջիվերջո, որքա՞ն կարելի է տեղում դոփել։ Ես կուզեի մեր ազգային թատրոնն այլ կերպ տեսնել։ Մենք պետք է փորձենք գտնել այն գեղագիտությունը, որը հարազատ է մեր ազգային բնավորությանը։ Մենք ունենք մեր ազգային էմոցիաները, մեր ազգային էներգիան, որոնք պետք է տեղ գտնեն բեմում։

– Մեր էներգիան յուրահատո՞ւկ է։

– Իհարկե։ Այնպես, ինչպես հայն է խաղում «Օթելլո», ռուսը կամ ֆրանսիացին խաղալ չեն կարող։ Դրանք բոլորովին տարբեր էներգիաներ, ներքին էմոցիաներ ու խաղարկման տեսակներ են։ Մենք ոչ թե հարթավայրում, այլ՝ սարերով շրջապատված վայրում ենք ապրում։ Եվ յուրաքանչյուր սարի ետեւում մի գաղտնիք կա։ Ու մեր արվեստն էլ պետք է այդ սարերի ետեւում թաքնված գաղտնիքի նման լինի։ Մի շատ դիպուկ թեւավոր խոսք կա, որը ես շատ եմ սիրում, ասում են՝ ամեն ճշմարտություն չէ, որ արվեստ է դառնում։ Այսինքն, մենք պիտի հասկանանք, որ խաղի տարրը կորցնելով, մենք կորցնում ենք մեր արվեստը։