Վրաստանի «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթի անցկացրած հարցման արդյունքներով` Վրաստանի բնակչությունը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախկին զինակիցներից ամենաշատը վստահում է պաշտպանության նախկին նախարար, «Հանուն միասնական Վրաստանի շարժման» առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլիին, որը քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում: Հարցման արդյունքներով՝ Օքրուաշվիլին առաջին տեղն է գրավել՝ հավաքելով 5,93 միավոր: Հարցվածների 29 տոկոսը նրան առավելագույն միավորներ է տվել: Երկրորդ տեղում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, որը նոյեմբերի 23-ին՝ «վարդերի հեղափոխության» հնգամյա տարեդարձի օրը պատրաստվում է հիմնել նոր ընդդիմադիր կուսակցություն: Բուրջանաձեն հավաքել է 5,78 միավոր:
5,6 միավորով երրորդ տեղում է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին: Հաջորդ տեղերը զբաղեցրել են Պահպանողական կուսակցության ղեկավար Զվիադ Ձիձիգուրին, եւս մեկ ընդդիմադիր՝ Գեորգի Խաինդրավան, խորհրդարանի պատգամավոր Գիա Տորտլաձեն, նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլին: