ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Մոսկվայից Ս. Սարգսյանը մեկնելու է Փարիզ, որտեղ առանձնազրույց է ունենալու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, ինչպես նաեւ հանդիպելու է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Այնուհետեւ Ս. Սարգսյանը մեկնելու է Բրյուսել, որտեղ նախատեսված են հանդիպումներ Բելգիայի վարչապետի, Սենատի եւ խորհրդարանի նախագահների հետ: Նա այնտեղ հանդիպումներ է ունենալու նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերի, ԵԽ նախագահ Հանս-Գերտ Պոտերինգի, ԵՄ արդարադատության, առեւտրի, տրանսպորտի հարցերով հանձնակատարների հետ, աշխատանքային ճաշ կունենա արտաքին կապերի գծով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ: Ի դեպ, երեկ Ս. Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ եւ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: