Որդեգրությունը Հայաստանում

26/06/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Պատահում է՝ որդեգրված երեխան, չհարմարվելով նոր ծնողների եւ հարմարավետ
կյանքով ապրելու փաստի հետ, վերադառնում է մանկատուն իր բախտակիցների մոտ:
2004թ. ընթացքում Հայաստանում գրանցվել է նման 1 դեպք, երբ ապահովված
ընտանիքի կողմից որդեգրված 12-ամյա փոքրիկ աղջնակը չի ապրել նրանց հետ եւ
վերադարձել է «Զատիկ» մանկատուն:
Այսօր Հայաստանի 8 մանկատներում բնակվում է 935 երեխա: Այս մանուկները
ճակատագրի բերումով զրկվել են ծնողական ջերմությունից եւ չեն զգացել
ընտանիքի քաղցրությունը: Այդ են վկայում նրանց թախծոտ աչքերը: Միեւնույն
ժամանակ, այդ աչքերում նկատելի են նրանց՝ զգացումները որեւէ հարազատի հետ
կիսելու անսահման մեծ հույս: Նրանցից ոմանց դա հաջողվում է:
2004-ին Հայաստանում իրականացվել է 173 որդեգրում, իսկ այս տարի արդեն
որդեգրվել է 43 երեխա: Հայաստանում իրականացվող որդեգրությունները 2 տիպի
են՝ տեղային եւ օտարերկրյա: Օտարերկրյա որդեգրողները հիմնականում մեր
սփյուռքահայ հայրենակիցներն են, ովքեր 2003թ. որդեգրել են 68 երեխա, իսկ
այս տարի՝ 17:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, «Որդեգրման կարգի
մասին» որոշումը նոր փոփոխություններով վերջերս ներկայացվել է ՀՀ
կառավարություն: Ըստ կատարված փոփոխության՝ հոգաբարձուների խորհրդի
փոխարեն՝ որդեգրման որոշում կայացնելու են դատարանները:
Ընդհանուր առմամբ, «Որդեգրման կարգի մասին» որոշմամբ մի շարք նպաստավոր
պայմաններ են ստեղծվել Հայաստանի քաղաքացի որդեգրողների համար: Դրանցից
մեկի համաձայն, երեխային հաշվառելուց հետո տվյալները տրամադրվում են ՀՀ
քաղաքացուն եւ, եթե 3 ամսվա ընթացքում նա չի ցանկանում որդեգրել տվյալ
երեխային, նոր միայն տվյալները տրամադրվում են օտարերկրացուն: Մյուսով՝
եթե միեւնույն օրը Հայաստանի եւ օտարերկրյա քաղաքացիները դիմում են նույն
երեխային որդեգրելու կապակցությամբ, առաջնությունը տրվում է Հայաստանի
քաղաքացուն: Այնուամենայնիվ, որդեգրման հետ կապված կա մեկ թերություն.
որդեգրելուց հետո նոր ընտանիքում երեխայի հետագա խնամքի եւ
դաստիարակության հսկողություն չի իրականացվում: Սակայն դրա իրականացմանը,
Լենա Հայրապետյանի խոսքերով, խանգարում է ՀՀ Սահմանադրությունը, որը թույլ
չի տալիս խառնվել ընտանիքի ներքին գործերին: «Անուղղակի ճանապարհներով,
որպես կանոն, թաղապետարաններից եւ համայնքներից տեղեկանում ենք, թե
երեխաներն ինչպես են»,- նկատում է տիկին Հայրապետյանը: Ի դեպ, այս խնդիրը
լուծելու նպատակով նախարարությունը պատրաստվում է ՀՀ կառավարությանը
ներկայացնել նոր որոշման նախագիծ «ՀՀ-ում որդեգրողների ընտանիքում
որդեգրված երեխայի ապրելու եւ նրա դաստիարակության նկատմամբ հսկողության
իրականացման մասին»:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ մեր երկրում, որդեգրություններն
իրականացվում են բացառապես գաղտնի: Հայաստանում դրանք կատարվում են
մանկատներից, ծննդատներից եւ ընտանիքներից, որոնց ծնողները համաձայն են
որդեգրության տալ իրենց երեխաներին:
1998թ. ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Ֆրանսիայի
Քրեթել քաղաքի քաղաքապետարանի միջեւ կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝
մանկատան 20 երեխա պետք է խնամվեին Հայաստանի մարզերի հայկական
ընտանիքներում: Նրանց խնամքի համար ֆինանսավորումն իրականացնելու էր
Քրեթելի քաղաքապետարանը՝ ամսական հատկացնելով 65 ԱՄՆ դոլար: Այժմ, սակայն
Երեւանի, Արտաշատի, Արագածոտնի եւ Շիրակի մարզերի որոշ ընտանիքներում
խնամվում է ընդամենը 8 երեխա: Պայմանագրով նախատեսված քանակը չի լրացվել՝
«Խնամատար ընտանիքի մասին» կանոնադրության բացակայության պատճառով:
Որդեգրման համար եւ օտարերկրյա, եւ ՀՀ քաղաքացիները ներկայացնում են
դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք մշտական բնակության վայրից եւ
աշխատավայրից, ամուսնության վկայական, ինչպես նաեւ՝ տեղեկանք դատվածության
մասին:
Որդեգրման հետ կապված՝ պետք է նշել ուրախալի մի փաստ. հաճախ են պատահել
դեպքեր, երբ ընտանիքը որդեգրել է նաեւ 2-րդ երեխային: Սա, իհարկե
ողջունելի է, քանի որ երեխան գտնում է եւ հարազատ ընտանիք, եւ ճակատագիրը
կիսող քույր կամ եղբայր: