«Անընդունելի» է

02/11/2008

«Նոյյան Տապան» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի բողոքը հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ամբողջովին ճանաչվել է անընդունելի: Հիշեցնենք, որ «Նոյյան Տապանը» 2002թ. ընդդեմ ՀՀ-ի գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պնդելով, որ խախտվել են իր` արդար դատաքննության, արտահայտվելու ազատության եւ այլ իրավունքները: Նաեւ նշել էր, որ նշված հոդվածներով երաշխավորված իր իրավունքների խախտման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ընկերությունը մասնակցել է հեռուստահեռարձակման համար մի շարք հաճախականությունների մրցույթների, որոնցից ոչ մեկում հաղթող չի ճանաչվել:

Հոկտեմբերի 7-ին Եվրոպական դատարանը միաձայն որոշում է կայացրել, որով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասով դիմումատու ընկերության գանգատը ճանաչել է «ակնհայտորեն անհիմն»՝ համաձայն կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի, իսկ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մասով դիմումատուի գանգատը ճանաչել է «անընդունելի»: