Ահագին ժամանակ է` դաշնակցականները մոռացել էին «ծովից ծով Հայաստանի» ու «երեք ճակատների» տեսլականների մասին: Սակայն, քանի որ հիմա հարմար ժամանակներ են «հայրենասիրության» համար, նրանք վերադարձել են իրենց ծիրին մեջ: «Վաղը եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ոչ միայն խնդիր կունենա ազատագրված 7 տարածքների հետ, այլեւ խնդիր կունենա ընդհանրապես իր տարածքային ամբողջականության հետ: Խնդիր կունենա այնպիսի հարցերի հետ, որոնք երազում էլ չի տեսել: Միգուցե նաեւ վաղը խնդիր ունենա նրա հետ, որ Հայաստանը վերջապես ցամաքային սահման կունենա հյուսիսային հարեւանի հետ, կամ ծովային սահման»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել ՀՅԴ անդամ, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը: Տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան Հ. Կարապետյանի հայտարարությունն է (դաշնակցականներին բնորոշ է Հայաստանի համար վտանգավոր ժամանակաշրջանում հիշել «ճակատների» մասին), այլ այն, որ նման հայտարարության հեղինակը զբաղեցնում է ՀՀ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը: Իհարկե, զուտ «ազգային-հայրենասիրական» տեսանկյունից Հ. Կարապետյանին հակադրվելու համար պետք է լինել առնվազն «ապազգային տարր»: Իսկ թե ի՞նչ է պետք լինել՝ չհասկանալու համար, թե ինչպես կարող է ընդունվել պետության չորրորդ դեմքի կողմից պատերազմի ակնհայտ կոչը (խոսքն այն երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգության մասին է, որը պաշտպանելու վերաբերյալ օրումեջ հայտարարում են աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր պետությունները եւ միջազգային կառույցները), երեւի հայտնի է միայն դաշնակցականներին: Հիշեցնենք միայն, որ նախօրեին սփյուռքահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը հայտարարել էր, թե այս օրերին քննարկվում է ԼՂ հակամարտության կարգավորման երեք տարբերակ, ինչի կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը մեկ շաբաթ առաջ կանչվել է Իրան` այդ երկրի Հատուկ ծառայությունների կողմից: Իսկ երեկվա ասուլիսում Հ. Կարապետյանն այս տեղեկությունը չի հերքել: