ՀՀ Սփյուռքի նախարարության եւ սփյուռքի լրատվամիջոցների միջեւ երեկ տեղի է ունեցել առաջին տեսակոնֆերանսը, որտեղ նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, թե նախարարության առջեւ դրված 3 հիմնական խնդիրներից մեկը հայապահպանությունը, որն էլ այսօր սփյուռքահայության առջեւ ծառացած գերխնդիր է: «Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ բնակվելիս լինի, մտածում է՝ ի՞նչ անել, որ իր երեխան հայ դաստիարակվի: Հայության տունը կանգուն է շնորհիվ չորս սյուների` հայոց լեզվի, հայ ընտանիքի, մշակույթի եւ հավատի»,- ասել է նա: 2-րդ խնդիրն, ըստ նրա` հայ ժողովրդի ներուժի հայտնաբերումն է եւ դրա օգտագործումն ի նպաստ ՀՀ հզորացման, քանի որ, որքան հզոր է պետությունն, այնքան հզոր է սփյուռքը: «Եթե Հայաստանը համայն հայության հայրենիքն է, ապա նրա հոգսերն էլ համայն հայությանն են: Հետեւաբար՝ մեր պարտքն է հզորացնել, ուժեղացնել Հայաստանը, ԼՂՀ-ն եւ ստեղծել բոլորիս երազների հայրենիքը»,- ասել է Հ. Հակոբյանը: Իսկ 3-րդ խնդիրը, Հ. Հակոբյանի դասակարգմամբ` հայրենադարձությունն է` ոչ միայն ֆիզիկական, այլեւ սրտի, մտքի, հոգու: «Պետք է պետականորեն ներողություն խնդրել այն հայրենադարձներից, ովքեր եկան հայրենիք եւ զգացին, որ չեն ստանում այն ընդունելությունը, ինչին սպասում էին»,- ասել է նա` տեղեկացնելով, որ դեկտեմբերին նախատեսվում է կազմակերպել գիտաժողով` նվիրված 1946-1947թթ. հայրենադարձությանն ու նրա դասերին: