«Որեւէ փոխզիջման տարբերակ ազատագրված տարածքների հետ կապված չենք ընդունում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը` վստահեցնելով, որ «այսօր որեւէ խոսք չի գնում այս կամ այն տարածքի փոխզիջման մասին, ադրբեջանցիներն ընդհանրապես այս մասին չեն խոսում»: Նման վստահություն Ռ. Առաքելյանն ուներ ոչ թե բանակցային գործընթացին տիրապետելու, այլ ադրբեջանական մամուլի վերլուծության պատճառով (՞): Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խիստ մտահոգված էր նրանով, որ «հնարավոր է, որ ԼՂ հիմնախնդիրը շատ շուտով լուծում ստանա»: «Մեր հասարակությունը հստակ պետք է պատկերացնի, թե ինչ զիջումների են այսօր պատրաստ մեր իշխանությունները, եւ որն է ԼՂ հարցում մեր առավելագույն զիջումը»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը` պարզաբանելով, որ խոսքն այն առավելագույն սահմանի մասին է, որից այն կողմ իշխանությունները պատրաստ չեն լինի որեւէ զիջման: Սրան ի պատասխան՝ տիկին Առաքելյանն ասաց, թե տարածքների վերադարձման մասին խոսակցություններն ընդամենը մամուլային են, իսկ դրա հետ կապված մտահոգությունները հռետորական հարցերի պես են հնչում: Երբ տիկին Փոստանջյանը նրան հիշեցրեց, որ այդ մասին բազմիցս հայտարարել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, կամ տարածքներն ազատագրողները գիտեին, որ դրանք հետո հանձնելու ենք ԼՂ կարգավիճակի դիմաց, տիկին Առաքելյանն ասաց. «Առանց հանրության, քաղաքական ուժերի քննարկման մեկ անձը չի կարող միանշանակ որոշում կայացնել»: Ռ. Առաքելյանը նշեց, թե իր հիշելով՝ այդ մասին հայտարարել է նաեւ Սերժ Սարգսյանը: «Որեւէ հայ պաշտոնյա չի համարձակվի մեր արյան գնով ձեռք բերված տարածքները հանձնել,- հանգստացրեց ՀՅԴ-ական պատգամավորը՝ ավելացնելով,- Մի կարծեք, որ իշխանության մեջ պիտի բոլորը ծափահարելով ընդունեն ցանկացած որոշում, եթե դա կարող է վնասել Հայաստանի շահերին կամ մեր պետականության շահերինգԴուք անպայման ուզում եք իմանալ՝ մենք կոալիցիայից դուրս կգա՞նք, թե՞ չէ. իհարկե, դուրս կգանք, եթե դա մեր սկզբունքներին չհամապատասխանի»: Իսկ տարածքների հանձնումը, ըստ նրա, վտանգում է Արցախի անվտանգությունը եւ դեմ է իրենց սկզբունքներին: «Ես չեմ ասում, թե պիտի բացառենք փոխզիջումների վերաբերյալ խոսակցությունները, բանակցությունները. դա անխուսափելի պիտի լինի մի օր»,- ասաց Ռ. Առաքելյանը՝ այդպես էլ, սակայն, չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի՝ փոխզիջում ասելով: Ադրբեջանական մամուլը ընթերցելիս տիկին Առաքելյանն այնքան էր հանգստացել, որ հստակ չկարողացավ ասել, թե ինչին կարող են վերաբերվել «մադրիդյան սկզբունքները»: Ըստ նրա, նման սկզբունքներ ընդհանրապես չկան: «Եթե դեռեւս Ադրբեջանը, այսինքն՝ բանակցային սեղանի շուրջ մեր կողքը նստողը դեռ չկա, մենք չգիտենք՝ ինքը երբ որ գա, ինչի մասին պիտի խոսի»: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ «մադրիդյան սկզբունքների» մասին հերթական անգամ հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Իսկ Զ.Փոստանջյանը մտահոգիչ է համարում նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները։ «Շատ կարեւոր է, որ հայ հանրությունը եւ յուրաքանչյուր Արցախի բնակիչ դա պատկերացնի»,- նշեց նա: Տիկին Փոստանջյանը գտնում է, որ ժամանակն է նաեւ իրավական առումով կարգավորելու Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ հարաբերությունները` սկսելով ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից: Նշենք, որ Զ. Փոստանջյանը, Հայաստանի եւ ԼՂ-ի միավորման նպատակով օրերս ձեւավորված «Միացում» շարժման նախաձեռնող խմբի անդամ է: