Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ԸԸՀ-ներում ամփոփվել են հոկտեմբերի 26-ին մարզի 53 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրատարածքի 14 համայնքներում թե՛ համայնքի ղեկավարի, թե՛ ավագանու ընտրությունները համարվել են կայացած: Միայն համայնքի ղեկավարի վերաքվեարկություն տեղի կունենա Վարդաձորում` թեկնածուների նույն կազմով: Թիվ 23 ԸԸՀ նախագահ Ասատուր Սերոյանի հավաստմամբ` իրենց ընտրատարածքում համայնքի ղեկավարի վերաքվեարկություն տեղի կունենա Ճամբարակ քաղաքում ու Գեղամավան գյուղում: Ավագանու թեկնածուներից մեկի բողոքի հիման վրա ավագանու ձայների վերահաշվարկ է ընթանում Սեւան քաղաքում: Մնացած համայնքներում ընտրությունները համարվում են կայացած: Իսկ թիվ 24 ԸԸՀ-ում համայնքի ղեկավարի թեկնածու, Արծվանիստի համայնքի նախկին ղեկավար Բորիս Համբարձումյանի բողոքի հիման վրա ԸԸՀ-ում կատարվել է վերահաշվարկ, ինչի արդյունքում անփոփոխ է թողնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի` Արծվանիստում համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Օհանյանը: Ճամբարակում, Վարդաձոր եւ Գեղամավան գյուղերում համայնքի ղեկավարի վերաքվեարկությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին: