Կմասնակցեն կարեւոր օրինագծերի քննարկումներին

02/11/2008

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է «Միջկուսակցական խորհրդակցությունների» մասնակից կուսակցությունների ներկայացուցիչների` Հայկ Բաբուխանյանի (ՍԻՄ), Պարույր Հայրիկյանի (ԱԻՄ), Արամ Գասպարի Սարգսյանի (ՀԴԿ), Սուրեն Գրիգորյանի (ՔԴԿ), Յուրի Մանուկյանի (Միավորված Կոմկուս), Վահան Բաբայանի (ՀԵԿ) հետ: «Միջկուսակցական խորհրդակցությունների» մասնակից 6 կուսակցությունները դիմել էին ԱԺ նախագահին` համատեղ քննարկելու օրենսդրությանն ու ներքաղաքական կյանքին առնչվող մի շարք խնդիրներ: ԱԺ նախագահն առաջարկել է ոչ միայն հաճախակի քննարկումներ ունենալ, այլեւ մասնակցել կարեւոր օրինագծերի քննարկմանը ԱԺ մշտական հանձնաժողովներում ու խորհրդարանական լսումներում, որպեսզի տեղյակ լինեն եւ ներկայացնեն իրենց մտահոգություններն ու առաջարկները:

Քննարկվել են նաեւ Երեւանի մասին օրինագծին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: