«Եթե Ադրբեջանը որոշի ԼՂՀ հարցը կարգավորել ռազմական ճանապարհով, ապա խնդիր կունենա ոչ միայն ազատագրված 7 տարածքների, այլեւ իր «ամբողջ տարածքային ամբողջականության հետ»:
Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Հրայր Կարապետյանը, որի հարազատ կուսակցությունը կոալիցիոն դառնալուց հետո չէր հիշում «ծովից ծով» Հայաստանի տեսլականը: «Այնպիսի հարցերի հետ խնդիր կունենա, որոնք երազում էլ չի տեսել (Ադրբեջանը): Միգուցե վաղը խնդիրներ ունենա նրա հետ, որ Հայաստանը վերջապես ցամաքային սահման կունենա Հյուսիսային հարեւանի հետ, կամ ծովային սահման կունենա, եթե պատերազմ սկսի»: Ինչպես ասում են` հասանք: Բայց Հ. Կարապետյանի երեկվա հայտարարությունների առթիվ միայն լավ «ազգային-հայրենասիրական» կենացներ կարելի է խմել: Սակայն, նա, բացի ՀՅԴ-ական լինելուց, նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահն է եւ, այդ հայտարարությունները կարող են որպես պետության կողմից պատերազմական կոչեր ընկալվել: Հ. Կարապետյանն ասում է, որ, քանի որ 15 տարի Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, իրավունք ունի լուծել ոչ միայն իր ռազմական, այլեւ տնտեսական անվտանգության խնդիրը: «Այսինքն` ծով դուրս գալու, սահմաններ ձեռք բերելու եւ այլն, եւ այս առումով ամեն ինչ արդարացվելու է: Որովհետեւ մենք թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին տվեցինք շանսը: Իհարկե, շանսը դեռ կորսված չէ, այն ֆուտբոլային դիվանագիտությունը, որն իսկապես շանս էր տրված Թուրքիային, դեռ չի օգտագործվել: Թուրքիան դեռ որեւէ ձեւով իր դիրքորոշումները չի փոխել Հայաստանի նկատմամբ: Թուրքիան նորից իր հարաբերությունները մեզ հետ պայմանավորում է երրորդ երկրի հետ կապված հարաբերություններով, որը բոլոր միջազգային նորմերին հակասում է: Որեւէ առաջխաղացում չկա: Գյուլն ի՞նչ հիմք ուներ, որ ասաց, թե Հայաստանի հետ հարաբերությունները պետք է ջերմանան: Ի՞նչ է արել, որ ջերմանան: Միակ քայլը, որ արել է, արել է Սերժ Սարգսյանը` նրան հրավիրելով այստեղ խաղի: Ինքն ի՞նչ է արել ի պատասխան: Ոչինչ»,- ասաց նա:
Հ. Կարապետյանը կարծում է, թե այսօր մեր քաղաքական մթնոլորտը ԼՂՀ հիմնահարցի կարգավորման առնչությամբ հագեցված է արհեստական խուճապային տրամադրություններով, որոնք ժողովրդի մոտ առաջացնում են հաշտվողական, պարտվողական տրամադրություններ: Ըստ նրա, սակայն` դեռեւս լավատեսության հիմքեր կան: «Գաղտնիք չէ, որ տնտեսական, սոցիալական ծանր իրավիճակների բերումով այսօր այնպես չէ, ինչպես 1988թ. էր: Այսօր մեր ժողովրդի համար թիվ մեկ հարցը, ցավոք, այնուամենայնիվ, ԼՂ հարցը չէ: Այսինքն` ազգային այս մտածելակերպն այսօր համեմատած այն ժամանակվա, բացակայում է: Կարծում եմ` այսօր որեւէ հիմք չունենք այդ խուճապային տրամադրությունները տարածելու, դրանց մասին խոսելու համար: Մենք դեռեւս ունենք լավատեսական հիմքեր: Իհարկե, համեմատած Ադրբեջանի նախագահին՝ մեր նախագահը մի քիչ ավելի համեստ, պարկեշտ մարդ է եւ նմանատիպ հայտարարություններ չի անում` մտածելով, որ դրանք կխանգարեն խնդրի խաղաղ կարգավորմանը: Բայց դա չի նշանակում, որ եթե Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ է անում, ապա մենք վաղը հայտնվելու ենք մի իրավիճակում, երբ Ադրբեջանն ունի հզոր բանակ, նա կարող է ռազմական ճանապարհով արագ լուծել հարցը, եւ սրանից ելնելով, մենք այսօր պատրաստ ենք գնալ զիջումների: Ես նման որեւէ հիմք չեմ տեսնում, սակայն տեսնում եմ այդպիսի միտումներ, մոտեցումներ մեր ԶԼՄ-ներում, որը նույնիսկ կարդալը սարսափելի է»,- ասում է Հ.Կարապետյանը: Մամուլի վերլուծություններից սարսափած ԱԺ փոխնախագահը գտնում է, որ այսօր Հայաստանը մտահոգվելու առիթ չունի, որովհետեւ «Ղարաբաղը մերն է, կենսական տարածքները կան, կապերը կան: Չկա միայն միջազգային ճանաչումը»: Հարցին` եթե, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները զիջեն ազատագրված տարածքները, ՀՅԴ-ն դուրս կգա՞ կոալիցիայից, Հ. Կարապետյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն մեկ անգամ չէ, որ հայտարարել է` եթե բարձր իշխանության քայլերը կլինեն հակասող մեր սկզբունքներին, նկատի ունենք ազգային, պետական շահերը, իսկ այստեղ թիվ մեկ խնդիրը եղել եւ մնում է ԼՂՀ հարցը, ապա, իհարկե, մենք ճանապարհ չունենք այդ իշխանավորների եւ իշխանության հետ: Սակայն այսօր մենք նման հիմք չունենք հայտարարելու, որովհետեւ, կարծում ենք, որ ոչ միայն ՀՅԴ-ն, այլեւ մարդիկ, որոնց այսօր վստահված է երկրի ղեկավարումը, եւ մանավանդ մարդիկ են, որոնք ժամանակին էլ իրենց լուման ունեցել են այս հաղթանակի եւ ԼՂՀ կայացման մեջ, չեմ կարծում, որ նրանք այսօր պակաս մտահոգ են այս խնդրով»: Ըստ Հ. Կարապետյանի` այսօր երկու հիմնական խնդիր կա. մեկը` ԼՂՀ անվտանգության խնդիրն է, մյուսը` ԼՂՀ կարգավիճակի: «Եթե այս երկու խնդիրը չլուծվի, խնդիրը չի կարող լուծվել, նույնիսկ, եթե հանկարծ որոշի (իշխանությունը.- Լ.Ս.) վատ տրամադրության տակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Չի կարող լուծվել, որովհետեւ, եթե անվտանգության խնդրի լուծումը պատկերացնում ենք տարածքները հանձնելու միջոցով, ապա դա թյուր պատկերացում է,- ասաց նա` հավելելով,- Անվտանգության խնդիրը հենց ԼՂՀ հայերն են լուծել` ազատագրելով կենսական տարածքները: Միայն այս ձեւով կարելի է լուծել անվտանգության հարցը: Կարգավիճակի հարցն էլ են իրենք լուծել եւ լուծել են ինքնորոշման իրենց իրավունքն օգտագործելու ձեւով: Միակ խնդիրը, որ այսօր առաջանում է, այն է, որ` լավ, այս վիճակը մեզ ձեռնտու է: Իսկապես ձեռնտու է, չէ՞: Ղարաբաղը մերն է, կենսական տարածքները կան, կապերը կան, եւ այլն: Չկա միայն միջազգային ճանաչումը: Հիմա միակ մտահոգությունն այն է, որ եթե այսպես շարունակվի, եւ այն չճանաչվի Ադրբեջանի կողմից, վաղը կարող է նորից պատերազմ սկսվել, չէ՞: Մենք բոլորս ունենք այդ մտահոգությունը, բայց ինչո՞ւ եք կարծում, թե այդ մտահոգությունը չպետք է ունենա Ադրբեջանը: Ինչո՞ւ եք մտածում, որ եթե վաղն Ադրբեջանն այս պատերազմը սանձազերծի՝ ոչ միայն խնդիր կունենա ազատագրված 7 տարածքների հետ, այլեւ խնդիր կունենա ընդհանրապես իր ամբողջ տարածքային ամբողջականության հետ: Համոզված եմ, որ եթե պատերազմ սկսի, խնդիր է ունենալու ոչ թե 7 տարածքների հետ վերադարձման հետ, այլ այն, ինչ ասացի: Եվ սրա մասին մենք պետք է մեր ժողովրդին էլ ասենք, որ ինչքան էլ 5 տարում իրենք իրենց պաշտպանության բյուջեն 10 անգամ կրկնապատկեն, նրանք չկարողացան անցնել Հայաստանից: ԱՊՀ երկրներում մեր հանդիպումների ժամանակ բոլորը գեներալներ են, ու նրանք բոլորն էլ գիտեն այս մասին, բայց չգիտեմ ինչո՞ւ` մենք չենք ասում սա։ Հասկացանք` լավ, համեստ ենք, բայց սա առնվազն մյուսներս կարող ենք ասել»,- ասաց նա: Ըստ Հ. Կարապետյանի` Հայաստանի բանակն ավելի մարտունակ է, քան Ադրբեջանինը, եւ նրանց` բյուջեի ծավալների մասին հայտարարություններն էլ միֆ են:
«Օրինակ, գրում են ինչ-որ ջրագիծ սարքելու բյուջե, բայց վերջում պարզվում է` ջրագիծը սարքած չէ, գումարը տվել են, լենտը կտրել են, բայց ջուրը միացրել են ջրի մեքենայից (տեղին է հիշել, թե ինչպես մի քանի տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի կողմից մարզերից մեկում գազամուղի բացումից հետո պարզվեց, որ գազը միացված էր «բալոնից».- Լ.Ս.): Ադրբեջանի բանակի վիճակը մոտավորապես այս վիճակում է…»,- ասում է ՀՅԴ-ական Հ.Կարապետյանը:
Դիտարկմանը, թե Հայաստանն ո՞ւմ է սպասում իր այդ «մեծ»` Ռուսաստանի հետ ցամաքային սահման եւ ծովային ելք ունենալու խնդիրները լուծելու համար, եւ ինչպե՞ս պետք է դրանք լուծի, եթե որեւէ մեկը մեր դեմ պատերազմ չսկսի, Հ. Կարապետյանը պատասխանեց. «Չէ, բայց կատակ չեմ անում: Եկեք հիմա հիշենք, մինչեւ Արցախի ազատագրական պայքարը ո՞ւմ մտքով կանցներ, որ Արցախն իր շրջակա ազատագրված տարածքներով պետք է լինի հայկական: Մենակ դաշնակցականների եւ նրա համակիրների, կամ ազգային մտածելակերպ ունեցող մարդկանց: Իսկ ո՞վ կարող է ձեզանից երաշխավորել, որ սրանից 5-10 տարի հետո, ենթադրենք, իմ ասածը եւ գումարած՝ միացյալ Հայաստանը չեն լինի»: Իսկ հետո բացատրեց, թե ինչո՞ւ Հայաստանը չի սկսում այդ պատերազմը: «Արցախի պատերազմը մենք չենք սկսել: Մենք պաշտպանվել ենք, մենք մղել ենք ազգային ազատագրական պայքար: Հարձակվել է Ադրբեջանը: Մենք չենք կարող ագրեսորի դերում լինել, որովհետեւ այս վիճակը մեզ ձեռ է տալիս: Եթե միջազգայնորեն ամրապնդվի, ամրագրվի այս վիճակը, մեզ լիովին ձեռնտու է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իմաստով: Մենք իսկապես ի վիճակի ենք ավելի առաջ գնալու, եթե դիմացինը փորձի նորից Հայաստանում, ինչպես ոմանք ասում են, հայության բնաջնջում կատարել»: Թե ՀՀ ԱԺ փոխնախագահի նման հայտարարություններին ինչպես կվերաբերվեն արդեն մի քանի տարի շարունակ տարբեր փաստաթղթերում Հայաստանին «ագրեսոր ու օկուպանտ» համարող միջազգային կազմակերպությունները, ավելի լավ է չմտածել` լավատեսական տրամադրությունը չփչացնելու համար: