Տեղեկատվական փաթեթ են ձեւավորելու

02/11/2008

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հեռուստառադիո կազմակերպությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է միջպետական տեղեկատվական կենտրոնի ստեղծման հարցը: ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ` նիստում քննարկվել են միջպետական տեղեկատվական կենտրոնին վերաբերող փաստաթղթերը՝ դրա ստեղծման մասին համաձայնագիրը, կանոնակարգը եւ ստանդարտները: Ըստ հաղորդագրության` միջպետական տեղեկատվական կենտրոնը թույլ կտա առավել ամբողջական, համակողմանիորեն ու օբյեկտիվորեն լուսաբանել Համագործակցության երկրների կյանքը: Հիշեցնենք, որ կենտրոնը նախատեսվում է ստեղծել հեռուստատեսային փոխանակման սկզբունքի վրա, որի մասնակիցները հաղորդումներ են ներկայացնելու իրենց պետություններում տեղի ունեցող իրադարձությունների ու փաստերի վերաբերյալ, ձեւավորելու են տեղեկատվական փաթեթ, որը կկարողանան ստանալ մյուս երկրների հեռուստառադիոընկերությունները: Բացի այդ, ԱՊՀ երկրների հեռուստառադիո կազմակերպությունների ղեկավարները քննարկել են համատեղ հեռուստատեսային արտադրանքի իրացման մեխանիզմները եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարության հարցերը: