Ողջունելու է Հայաստանին

02/11/2008

«Ռոյթերզը»` վկայակոչելով Եվրահանձնաժողովի զեկույցի նախագիծը, տեղեկացնում է, որ Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ առաջին անգամ հայտարարելու է, որ Խորվաթիան հաջողությամբ ընթանում է Եվրամիությանը անդամակցության ճանապարհով: Համաձայն փաստաթղթի` «ակնկալվում է, որ Խորվաթիան անդամակցության բանակցությունների վերջնական փուլին կհասնի մինչեւ 2009թ. վերջը, եթե ձեռնարկի անհրաժեշտ նախապատրաստական քայլերը»: Եվրամիության աղբյուրների վկայությամբ` անդամակցության բանակցություններն ավարտին հասցնելու համար 4,4 միլիոն բնակչություն ունեցող Խորվաթիան պետք է արդյունավետ պայքար մղի կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ եւ մի շարք բարեփոխումներ իրականացնի տնտեսական ոլորտում: Զեկույցի նախագծում ասված է նաեւ, որ Մակեդոնիան չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցության քաղաքական չափանիշներին, Թուրքիան պետք է արագացնի բարեփոխումները, իսկ Սերբիան հաջորդ տարի կարող է դառնալ ԵՄ անդամի թեկնածու, եթե թափ հաղորդի բարեփոխումներին եւ լիարժեք համագործակցի նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային դատարանի հետ: «Ռոյթերզի» վկայությամբ` Եվրահանձնաժողովն իր զեկույցում ողջունելու է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ Կովկասում կայունություն հաստատելու ուղղությամբ Թուրքիայի գործադրած ջանքերը, ինչպես նաեւ՝ այդ երկրում իրականացված որոշ տնտեսական բարեփոխումներ: Նշենք, որ մինչեւ նոյեմբերի 5-ին Եվրահանձնաժողովի կողմից վերջնական ընդունումը փաստաթուղթը կարող է փոփոխվել: