«Եթե հնարավորություն ունենայի, ամեն օր նախագահին կհիշեցնեի, որ նա համայն հայության նախագահն է»

02/11/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

Մխիթարյան միաբանության վարդապետ հայր Հարություն Պզտիկյանը մեկ ամսով վերադարձել էր հայրենիք՝ կազմակերպելու համար արդեն ավանդույթ դարձած իր նկարների ցուցահանդեսը:

– Հետեւո՞ւմ եք Հայաստանի ներքաղաքական կյանքին:

– Ես ընդհանրապես քաղաքականացված չեմ, ես սփյուռքահայ գործիչ եմ, որ կապ չունեմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական շարժումների հետ: Երբեմն ինտերնետով ծանոթանում եմ հայկական մամուլին: Ես պատմագետ եմ, նյութեր, երկար ուսումնասիրություններ եմ արել մեր անցյալի մասին, եւ այդ ամենը դասախոսության տեսքով տարածում եմ Եվրոպայի տարածքում: Ես պարզապես չեմ կարող հանդուրժել, որ նման հարուստ մշակույթի տեր ժողովուրդը, այդքան խելացի ազգի զավակները դժբախտ ապրեն: Այս է իմ ընդդիմությունը, ուրիշ` ոչինչ: Այսինքն` սա ոչ այնքան քաղաքական ընդդիմություն է, որքան զգացական ու ազգային:

– Իսկ քաղաքական կողմնորոշում ունե՞ք:

– Ես ընդդիմադիր չեմ, ոչ էլ իշխանամետ, պարզապես հայ եմ, որ երկրիս բարիքն է ուզում` չհանդուրժելով զեղծարարությունները, հայհոյանքները, որ կողմից էլ այն լինի: Միայն մի բան հաստատ գիտեմ, որ խնդիր չկա ճակատներ կազմելու, ուղղակի հարկ է պայքարել հանուն բարoրության: Լեւոն Տեր-Պետրոսյանը մտերիմ ընկերս է, բայց իր քաղաքական պայքարին չեմ խառնվում, Վարդան Օսկանյանն իմ ուսանողն է եղել երկար տարիներ, բայց մոտեցումներս հայկական խնդիրներին զուտ հայկական են, ինչպես ճշմարիտ հայ մտավորական: Ես չեմ կարող ընդունել նաեւ այն մտավորականներին, որոնք հանուն նյութական բարիքների օրական մտածելակերպ ունեն: Մեր մտավորականներն իրենց բարձրության վրա չեն:

– Ձեր կարծիքով` ո՞րն է իսկական մտավորականը:

– Մտավորականը շատ ցրիվ մի բառ է, որ կարող է ամեն մի գրիչ շարժողի համար ասեն: Մտավորականին բնութագրել հնարավոր չէ, եւ որեւէ կատեգորիայի չի պատկանում: Ճշմարիտ մտավորականը ազատության, իրավունքի եւ արդարության երգիչն է: Ով պաշտպանում է մարդկությունն ու ազատությունը, նա է իսկական մտավորականը: Հիմա հնարավոր է առավոտյան արթնանալ արդեն մտավորական, քանի որ մտավորականի թուղթ ունես, եւ կարող ես օգտվել դրա համար նախատեսված բոլոր բարիքներից: Սա մտավորականության աղավաղումն է, քանի որ այդ թուղթը եւ նմանատիպ բաները կաշառքներ են ղեկավարների քմահաճույքներին ենթարկվելու համար: Կարծում եմ, որ գրողը, նկարիչը եւ ցանկացած ճշմարիտ մտավորական պետք է պայքարի հանուն ժողովրդի գաղափարական ազատության: Մտավորականը հոգու ազատության համար պայքարող անձ է, որը ժողովրդին պետք է ուղղություն տա:

– Այսինքն` ոչ բոլոր վաստակավոր կամ ժողովրդական գործիչներն են իսկական մտավորականներ:

– Ինձ մի քանի անգամ առաջարկեցին մեդալ տալ, բայց ես ասացի, որ շնորհակալ եմ, շուկայում լիքը մեդալներ կան, ես կարող եմ ինքս գնել այն: Ցորենի հատիկի նման բաժանեցին 20.000 հատ մեդալներ, եւ այնքան հասարակ մի բան դարձրեցին, որ գնահատանքի արտահայտումը դարձավ առեւտրի առարկա: Իսկ այդ մեդալը ստացողն իրեն նվաստացնելու գրեթե բոլոր ճամփաներն անցնում է, քանի որ, ըստ իրեն, հասարակության մեջ այդ մեդալով իր դիրքը կբարձրանա: Ճիշտ այսօրվա օլիգարխների նման, որոնք որքան շատ ավտոմեքենա են գնում, կարծում են, թե այնչափ հզոր են, բայց չեն մտածում, որ դրանով իրենց ուղեղի փոքրությունն են ցույց տալիս: Այս ամենն ահավոր է, իսկ այսօրվա կարծելիք շատ մտավորականներ սրա դեմ չեն պայքարում, քանի որ իրենք այդ օլիգարխների մարդիկ են եւ նրանց գովելու համար փոխհատուցվում են: Սա մեզանում տարածված լուրջ խնդիրներից մեկն է, որը երկիրը կործանման է տանում: Ես չեմ կարծում, որ այսօր մեր երկրում ինձ նման մտածող մարդիկ չկան, պարզապես շատերը իրենց պատյանի մեջ ներքաշված` սրտի ցավով ապրում են այս օրերը, իսկ շատ պայքարողներ էլ հուսահատ հեռացել են երկրից: Ահավասիկ սա է մեր իրական նկարագիրը, եւ սրա դեմ, եթե մարդիկ այսօրվանից չպայքարեն, երկիրը կկործանվի:

– Ո՞ւմ եք այսօր համարում ճշմարիտ մտավորական:

– Բնականաբար, շատ տաղանդավոր մարդիկ կան եւ՛ կինոյի, եւ՛ գրական աշխարհի մեջ, ովքեր իսկապես զգում են ցավը եւ պայքարում են՝ առանց բառերը ծամելու, եւ խոսում են՝ առանց վիրավորելու: Նույնիսկ ծերունի Օհան Դուրյանն է զգում այս ցավը, կոմպոզիտոր Տ. Մանսուրյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ովքեր առողջ մարդիկ են, բայց, ցավոք, նրանց ասպարեզ չի տրվում, կամ էլ փորձում են հեռացնել ասպարեզից: Շատերն էլ ասում են, որ այս ամեն ինչը լավ է, եւ խառնվել պետք չէ: Սակայն լավ չէ, երբ կովբոյական երկիր է դարձել Հայաստանը, եւ ամեն օր մարդիկ են սպանվում: Իսկ այս ամենն անընդունելի է մեր երկրի համար, որովհետեւ Հայաստանը մշակութային, տաղանդավոր երիտասարդների երկիր է: Այսօր երիտասարդներն ավարտում են համալսարանը եւ ասպարեզ մտնելու համար՝ մտածում են որեւէ երկիր գնալ ազատ ստեղծագործելու եւ հաջողությունների հասնելու համար: Իսկ ազատ մամուլի գաղափարը կա միայն տիտղոսավոր կերպով, իրականում հալածված մամուլ է: Իսկ տասնհինգ հեռուստաընկերությունները մեկ անունով կարելի է կոչել, ու այս ամենին անդրադառնալու համար հանճար լինել պետք չէ:

– Լավ, այդ դեպքում այս ամենից ելք կա՞, երբ մտավորականությանն, ինչպես ինքներդ ասացիք, ասպարեզ չեն տալիս: Երբ, օրինակ, Տ. Խզմալյանին պարզապես թույլ չեն տալիս Պետական համալսարանում դասավանդել:

– Այո, ելք կա: Նախ՝ պետք է օրինավոր իշխանություն ստեղծել: Եկեղեցին եւս պետք է ժողովրդի կողքին լինի: Բայց մեր կաթողիկոսները, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ պատրիարքությունները պետք է թելադրեն իշխանություններին վերջ տալ հալածանքներին: Վազգեն կաթողիկոսը ծոմապահություն էր անում քաղբանտարկյալներին ազատելու համար: Հոգեւորականը պետք է ժողովրդի առաջնորդը լինի: Մեր եկեղեցին տառապած եկեղեցի է եւ նոր է ոտքի կանգնում: Եկեղեցին պետք է ժողովրդի պաշտպանը լինի Աստծո կողմից, բայց այս պատկերը մի քիչ խաթարված է վերջին ժամանակներում: Բայցեւ պետք է ոչ թե քննադատել եկեղեցականին, այլ աջակցել նրանց: Եթե ամբողջ լուսավորությունը սպասենք եկեղեցականից, ապա խավարի մեջ կմնանք, քանի որ այնտեղ բավարար լույս չկա: Այսօր մեր կուսակցությունները միայն քաղաքական են, եւ հոգեւորական կուսակցություններ չկան, որոնք խորհրդարան կմտնեն: Այս մեկ ամսվա ընթացքում հայկական համալսարաններում դասավանդելով` հասկացա, որ մենք շատ պատրաստված, հասուն ու խելացի երիտասարդներ ունենք: Մեր երիտասարդների մեջ մտած է երկիրը բարեփոխելու գաղափարը: Ես չեմ խոսում բազեական կամ այլ ֆաշիստական բաների մասին, այս ամենը բռնազբոսիկ բաներ են: Կան նաեւ լուռ մնացած երիտասարդներ, որոնք տարբեր պատճառներով չեն ուզում խնդիրների մեջ խորանալ, բայց մտահոգ են երկրի ներկա վիճակով:

– Ինչպե՞ս դա անել, եթե շատ-շատերը վախենում են բարձրաձայնել երկրում տիրող մթնոլորտի մասին եւ գերադասում են լռել:

– Վախին հաղթել հնարավոր է միայն պայքարելով: Վախը մեր, մարդկանց մեջ մտցված բռնություն է: Իսկ մենք միշտ ենք վախեցել, վախից մենք, ցեղասպանության ժամանակ, տասը տղամարդով չենք կարողացել պայքարել երկու կամ երեք ասկյարի դեմ: Հիմա եւս բռնություններն այնքան շատ են, հատկապես հոկտեմբերի 27-ից հետո, որ մեր մեջ հակազդեցության ուժ այլեւս չի մնացել: Բայց երբ հարյուր հազար հոգի փողոց է դուրս գալիս՝ անտեսելով ամեն ինչ, հսկայական բան է նշանակում: Ֆրանսիայում ամեն օր երկու հարյուրից ավելի ցույցեր են լինում, բայց ոչ մեկին դրա համար չեն սպանում: Մարդիկ հարկ եղած դեպքում նախարար կամ կառավարություն են փոխում: Ես ինձ բոլոր ծանոթ հայ նախարարներին, ովքեր գալիս են Ֆրանսիա, ասում եմ, որ` դուք եք լարվածություն ստեղծում: Իմաստություն է պետք, որպեսզի երկրի վերանորոգումը սկսվի վերեւից: Եթե շարժումը ներքեւից է գալիս` հեղափոխություն է լինում: Ցավալին այն է, որ օլիգարխները, չգիտես ինչու, իրավունք ունեն զինյալ մարդիկ ունենալու, բայց երբ ազգային հերոսի տանը զենք են գտնում` բանտ են նետում: Մեր նախագահը շատ իմաստուն մի բան ասաց, որ ինքը համայն հայության նախագահն է, բայց, ցավոք, դեռեւս այդպես չէ: Նա դեռեւս մի մասին է միայն թեւ տալիս, իսկ մի մասին նեղում է: Ամեն 6 ամիս 100.000-ից ավելի մարդ է գաղթում Հայաստանից, սա իսկապես աղետ է: Եթե ես հնարավորություն ունենայի, ամեն օր նախագահին կհիշեցնեի, որ նա համայն հայության նախագահն է: Ես նրան խորհուրդ կտայի մոռանալ իրեն խանգարող խլուրդներին: Նա չպետք է որեւէ կուսակցության մեջ լինի, ոչ թե Հանրապետական կուսակցության աջակիցը պետք է լինել, այլ հասարակ ժողովրդի: Այս ամենն իմ քաղաքական վերլուծությունն է, եւ ես նորից եմ ասում, որ ոչ մի քաղաքական թեւի չեմ պատկանում: Մեր երկրի կացությունը ցավալի է, ես ինքս տեսնում եմ այդ ամենը: Խնդիրն այն է, որ 15 տարի անդադար կրկնեցին, թե ընդդիմությունը պետք է Ղարաբաղը տա, բայց ներկա իշխանությունն է այն ետ հանձնում: Տասը տարի առաջ, երբ մեր դիրքերն ավելի ամուր էին, երբ մենք էինք կանոններ թելադրում, մենք կարող էինք մի քանի փոխզիջումներով Արցախին անկախություն առնեինք: Մենք մեր ուժերից վեր մի քանի բան էլ ավել գրավեցինք, որպեսզի կարողանայինք թելադրել, բայց այս տարիների ընթացքում մեր դիրքերը թուլացան: Հիմա կանգնել ենք չարիքներից փոքրագույնն ընտրելու առջեւ: Եվ այն, որ պետք է ընտրել եւ այլեւս սպասելու ժամանակ չկա` այլեւս փաստ է: