Նորից է առաջարկել

02/11/2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդդիմությանը պաշտոններ է առաջարկել կառավարությունում, եթե նրանք նման ցանկություն ունեն: Նշենք, որ նա առաջին անգամ նման առաջարկով հանդես էր եկել հունվարին` երկրորդ ժամկետով նախագահ ընտրվելուց հետո, բայց ընդդիմադիր քաղաքական ուժերից ոչ մեկը չընդունեց այն: «Այդ առաջարկն ուժի մեջ է մնում նաեւ այսօր, եւ եթե ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեն, որ իրենք պատրաստ են միանալու կառավարությանը, մենք կվերանայենք կառավարության կազմը եւ դրանում կընդգրկենք նրանց ներկայացուցիչներին»,- Ստոկհոլմում հայտարարել է Սահակաշվիլին: Ի դեպ, Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղար Գիա Խուրոշվիլին երեկ հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում հաստատելու է Նախարարների կաբինետի նոր կազմը եւ կառավարության նորացված ծրագիրը: Ներկայացված է կառավարության նոր կազմը եւ կառավարական ծրագիրը, որոնք այս շաբաթ քննարկվել են կոմիտեներում ու խմբակցություններում:

Խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն պաշտպանելու Նախարարների կաբինետի նոր կազմը, քանի որ, նրանց համոզմամբ, կադրային փոփոխությունները պետք է իրականացվեին միայն օգոստոսյան իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանքի արդյունքների ամփոփումից հետո: