Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 20 մլն ԱՄՆ դոլար վարկի` Հայաստանի համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումը: ՀԲ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` լրացուցիչ ֆինանսավորումը կօժանդակի ՀՀ կառավարության ջանքերին` ուղղված ջրամատակարարման համակարգի վերականգնման եւ բարելավման ընթացիկ ծրագրի միջոցառումների ընդարձակմանը, ներառյալ` ծրագրի համար պատասխանատու «Հայաստանի ջրմուղկոյուղի» ընկերության ու ջրամատակարարման համակարգի միջազգային օպերատորի միջեւ կնքված «Կառավարման պայմանագրի» երկարացումը: «Հայաստանի քաղաքացիները երկար են սպասել բարելավումների ջրամատակարարման ոլորտում: «Հայջրմուղկոյուղու» ջրամատակարարման համակարգերի վերանորոգման ու վերականգնման ծրագրի արդյունքում արդեն լավացել է ջրի որակը, ավելացել մաքուր եւ ապահով ջրամատակարարման առկայությունը ծրագրում ներառված տարածքներում: Ծրագրի իրականացման արդյունքում զգալիորեն լավացել է նաեւ «Հայջրմուղկոյուղու» կառուցվածքային եւ ֆինանսական աշխատանքը: Սակայն ոլորտում դեռ կա էական ներդրումների կարիք: Այդ պատճառով Համաշխարհային բանկը կշարունակի օժանդակել կառավարությանը ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների բարեփոխման գործում»,- ասել է ծրագիրը նախագծող Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Ջոնաթան Կամկվալալան:
Լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ակնկալվում է «Հայջրմուղկոյուղու» կառավարման ուժեղացում` «Կառավարման պայմանագրի» շարունակությունը լրացուցիչ երկու տարվա ընթացքում ֆինանսավորման միջոցով, ներդրումներ` կառուցվածքային ու ֆինանսական կարողությունների զարգացման, «Հայջրմուղկոյուղու» աշխատանքը բարելավելու նպատակով սարքավորումների եւ մեխանիզմների գնման, քիմիական ու կենսաբանական լաբորատորիաների վերականգնման, ինչպես նաեւ՝ «Հայջրմուղկոյուղու» վերապատրաստման/ուսուցման միջոցառումների օժանդակության ֆինանսավորման միջոցով: Կիրականացվեն նաեւ ներդրումներ մասնաճյուղերի համակարգերում մաքրման եւ քլորացման քայքայված սարքավորումների փոխարինման, ցանցի վերականգնման նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորման միջոցով: Նշենք, որ ՀՋԿ ընկերության սպասարկման տարածքը ներառում է Հայաստանի բնակչության մոտ 33 տոկոսը, որոնք բնակվում են ավելի քան 300 համայնքներում, այդ թվում՝ 54 տոկոս քաղաքային, իսկ 46 տոկոս` գյուղական: Աշխարհագրական առումով առաջին ՀՋՋԾ ծրագիրն ընդգրկում է «Հայջրմուղկոյուղու» ջրամատակարարման եւ ջրահեռացման սպասարկման բոլոր տարածքները` Գեղարքունիք, Տավուշ, Կոտայք, Արագածոտն, Արարատ, Սյունիք, Վայոց Ձոր մարզերը, ընդհանուր առմամբ, 37 քաղաք, 269 գյուղ: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, ներառյալ` արտոնյալ 10 տարի: