Արտահանելու են

02/11/2008

«Ջերմատնային ասոցիացիա» կազմակերպության օժանդակությամբ վերականգնվել ու առաջիկայում կսկսի գործել Կոտայքի մարզի շուրջ 2,5-3 հա ջերմոցային տնտեսություն:

Կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ այսօր Հայաստանում կա ավելի քան 82 հեկտար ջերմոցային տնտեսություն, որից 50 տոկոսը` Արարատյան դաշտի համայնքներում: Այդ ջերմատներում մեծ մասամբ (70 տոկոս) աճեցվում են տարբեր տեսակի ծաղիկներ, նաեւ` բանջարանոցային մշակաբույսեր (վարունգ, պոմիդոր, պղպեղ): Ստացված 750-800 տոննա բանջարեղենն ընդամենը 55-60 տոկոսով է ապահովում ձմռանը հանրապետության բնակչության թարմ բանջարեղենի պահանջարկը: Նոր ջերմատների գործարկման շնորհիվ եւս 5 տոկոսով կավելանա վերոհիշյալ մթերքի ծավալը: Կազմակերպությունը, որի գործունեության նպատակը հանրապետության ջերմոցային տնտեսություն վարողներին համախմբելն ու օժանդակելն է, ԱՄՆ-ից ներկրել եւ ֆերմերներին է տրամադրել կաթիլային ոռոգման ավելի քան 50 նոր համակարգեր: Դրա շնորհիվ` ձմռանն ավելի արդյունավետ կոռոգվեն շուրջ 25-30 հա ջերմատնային ցանքեր: Ոռոգման համակարգը, որի սնուցման խողովակները տեղադրվում են բույսի արմատի մոտ, լիարժեք սնուցելուց բացի, 5-6 անգամ կրճատում է ջրի կորուստը` արդյունավետ դարձնելով նաեւ պարարտացումը: Մեխանիզմի շնորհիվ չոր են մնում նաեւ բույսի տերեւները, որով եւ կանխվում է հիվանդությունների տարածումը: Բացի ջերմատներից, համակարգը կարելի է օգտագործել նաեւ բացօթյա ցանքատարածքներում: Ըստ Պ. Գեւորգյանի` ներկայումս բանակցություններ են տարվում Իսրայելից, Հոլանդիայից եւ Չինաստանից հանրապետություն ներկրելու նաեւ հովացման նոր սարքավորումներ ու համակարգեր, որոնք ողջ տարին կայուն հիմքերի վրա կպահեն փակ գրունտների ապակյա պատերի ներսում ընկած ջերմաստիճանը: Վերոհիշյալ երկրներից ներկրվելու են նաեւ հեշտությամբ ջրալուծվող ֆոսֆորական, կալիումական եւ ազոտական պարարտանյութեր: Կազմակերպության աջակցությամբ այս տարի Ռուսաստանի Դաշնություն կարտահանվի որոշ քանակով հայկական ջերմատնային բանջարեղեն, ինչի նպատակով արդեն պատրաստվել են փաթեթավորման համապատասխան պարագաներ: Պ. Գեւորգյանի խոսքով, ներկայումս ներդրումների կարիք ունեն Գեղարքունիքի մարզի Դդմաշենի ավելի քան 6 հա ջերմատները, որոնց գործարկման արդյունքում եւս 10 տոկոսով կավելանա ձմռան ամիսներին աճեցվող բանջարեղենի քանակը: Նշենք, որ միայն 2007թ. ներկրվել եւ հանրապետությունում իրացվել է ավելի քան 700 տոննա բանջարեղեն: