Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը ցնցումների մեջ է: Դպրոցում առկա խնդիրների կծիկն այնքան մեծ է, խճճված ու խիստ անձնավորված, որ թվում է` դպրոցի վերջը եկել է: Դպրոցը երկու բանակի է բաժանվել. կան դժգոհող ու այդ պատճառով էլ՝ աշխատանքից ազատված ուսուցիչներ, եւ կան դպրոցի ներկա տնօրեն Տիգրան Հեքեքյանին սատարող մարդիկ, ովքեր ամեն ինչից գոհ են: Գոհ է նաեւ ինքը՝ Տ. Հեքեքյանը, ում համար այս ամբողջ աղմուկը ոչ մի նշանակություն չունի: Նա ասում է. «Դպրոցում ամեն ինչ հրաշալի է»: Դա պարադոքս է, եթե հաշվի առնենք, որ կան անպատասխան հարցադրումներ ու մարդիկ, ովքեր նրան մեղադրում են հետապնդման ու կողմնակալ լինելու մեջ:
Դպրոցում աշխատող ուսուցչական կազմի մի մասը, գրեթե բոլոր աշակերտներն ու նրանց ծնողները դժգոհ են դպրոցում տիրող մթնոլորտից: Դժգոհողներից շատերը վերջերս որոշել են ոչ թե լուռ կամ կիսաձայն դժգոհել (ինչպես պահանջում է մեր որդեգրած՝ «աղբը տնից դուրս չհանելու» լավ սերտած ավանդույթը), այլ` դատարան դիմել: Իսկ հիմա նաեւ ասուլիս են կազմակերպել, քանի որ իրենց պահանջները հնչեցնելու այլ միջոց չեն տեսնում, քան աղմուկ բարձրացնելը: Առանց պատշաճ բացատրության դպրոցից հեռացված ուսուցիչները Երեւանի քաղաքապետին, վարչապետին ու օմբուդսմենին նամակ են գրել, որտեղ ասում են, որ «երաժշտական կրթօջախը վեր է ածվել տխուր ավերակի, որտեղ ստեղծվել է անառողջ, լարված մթնոլորտ»: Շատ ուսուցիչներ կարծում են, որ դպրոցում տնօրենի կողմից «վհուկների որս» է սկսվել: Տնօրենն այդ մեղադրանքներին քամահրական է պատասխանում` մատնանշելով, որ իր տնօրինության տարիների ընթացքում նոր երգչախմբեր ու նոր նվագախմբեր են ստեղծվել: Սաքսոֆոնահար ու փաստաբան Մանուչարյանն ասում է, որ տնօրենը տարաբնույթ երգչախմբեր ու նվագախմբեր է ստեղծում, որպեսզի քողարկի այն խորը ճգնաժամը, որը կա դպրոցում, եւ արդարացնի մարդկանց անհիմն աշխատանքից ազատելու իր որոշումները:
Աշխատանքից հեռացված ուսուցիչները նշում էին, որ հեռացման պատճառները զուտ անձնական են, եւ մասնագիտական որակավորման չափանիշները հաշվի չեն առնվել: Նրանք ասում էին. «Իր ղեկավարման առաջին իսկ օրից տնօրենը գիտակցաբար ու հետեւողական իրականացնում է քայքայիչ, անմարդկային եւ հակամանկավարժական գործողություններ»: Ուսուցչուհիներից մեկն էլ նկատեց, որ դպրոցում յուրաքանչյուր հարց միայն տնօրենն է լուծում, որը հազվադեպ է իր աշխատասենյակում լինում: «Նրա մոտ մտնելն ավելի դժվար գործ է, քան մեր հանրապետության նախագահի մոտ մտնելը»,- ասում էին նրանք ու դպրոցը համեմատում գործարանի հետ, որտեղ հակաստեղծագործական պահանջներ են դրվում, որտեղ չի կարելի դասից մի քանի րոպե ավելի մնալ դասասենյակում, քանի որ դասը պետք է տեւի 45 րոպե, եւ ոչ ավելի: Հիշատակվեց նաեւ դասասենյակների առջեւ հերթեր գոյանալու մասին, երբ երեխան սպասում է՝ մինչ վարձակալության տված սենյակը կազատվի, որպեսզի կարողանա իր վճարած դասն անցկացնել: Տ. Հեքեքյանն այդ մեղադրանքին պատասխանելիս շատ կտրուկ էր. «Պետք է սովորենք կարգուկանոնով աշխատել»:
Այժմ գործազուրկ ուսուցչուհի Սուսաննա Արմենակյանը (ով անցյալ տարի լավագույն ուսուցիչ է ճանաչվել) նեղսրտում է, որ խափանվել է ուսումնական պրոցեսը, քանի որ ուսուցիչների հեռացման հետ մեկտեղ՝ հեռանում են նաեւ շնորհալի երեխաները, որոնք ուղղակի վախենում են դպրոց հաճախել:
Ըստ Տիգրան Հեքեքյանի` Սուսաննա Արմենակյանն ազատվել է աշխատանքից, քանի որ երեխաների թվի կրճատման պատճառով կրճատվել են նաեւ նրա դասաժամերը, իսկ այն ուսուցիչը, որը ծանրաբեռնված չի աշխատում` պետք է հեռանա: Ս. Արմենակյանը նշեց, որ ինքը 11 աշակերտ է ունեցել, ու իր դասաժամերը համապատասխանել են օրենքին, իսկ աշխատանքից ազատվել ու տնօրենի դժգոհությունն է առաջացրել այն պատճառով, որ պահանջել է ոչ թե մեկ տարով՝ այլ` անժամկետ աշխատանքային պայմանագիր կնքել: Օրենքի համաձայն` նա ուներ այդ իրավունքը, քանի որ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքն ամրագրում է անընդմեջ ստաժի իրավունքը: Եվ Ս. Արմենակյանը (նաեւ՝ մի քանի տասնյակ այլ ուսուցիչներ) ցանկանալով իրենք իրավունքների խախտումները շտկել` դատարան են դիմել: «Դուք ինձ ասացիք` ես քեզ կհեռացնեմ աշխատանքից, քանի որ ինձ դատի ես տվել»,- ասաց Ս. Արմենակյանը` դիմելով Տ. Հեքեքյանին, ով հակադարձեց. «Ես իրավունք ունեմ հեռացնել այն ուսուցչին, որը վարկաբեկում է դպրոցի վարկանիշը»:
Սահմռկեցուցիչ մանրամասներ բացեց հենց դպրոցի տնօրենը, ով գեղեցիկ դերասանական շեշտադրումներով ու խորհրդավոր դադարներով նկատեց, որ ազատել է ոչ թե 60 (ինչպես հայտնում են ազատված ուսուցիչները), այլ` ընդամենը 38 մարդու, այն էլ՝ իրենց ինքնակամ դիմումի համաձայն ու լրջագույն հիմնավորմամբ` մեղադրելով նրանց դրամաշորթության ու երեխաներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Մենք հարցրեցինք` երեխաներին ծեծո՞ւմ էին: Նա պատասխանեց. «Կմճտում էին: Շատ ծնողներ երեխային լողացնելիս նկատում էին, որ նրանց մարմիններին կապտուկներ կային: Իսկ ի՞նչ է, դուք չգիտեի՞ք, որ բոլոր դպրոցներում է այդպես»: Ոչ, մենք չգիտեինք: Չգիտեինք նաեւ, որ դա նորմալ երեւույթ է համարվում:
Իսկ թե ինչո՞ւ քրեական հանցագործություն կատարած ուսուցիչներին քրեական մեղադրանք չի ներկայացրել. մեր այս հարցին տնօրենը պատասխանեց. «Ես նրանց աշխատանքից ազատել եմ: Ազատել եմ նաեւ նրանց, ովքեր կաշառք էին վերցնում: Եվ եթե հիմա բոլոր դպրոցները նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով սկսել են պայքարել դրամահավաքության դեմ, ապա ես այդ նույն գործը սկսել եմ դեռ 2002 թվականից»:
Տնօրենին ընդդիմացող ուսուցիչները պնդում էին, որ նա սեփականաշնորհել է դպրոցի համերգային դահլիճն ու շրջանավարտների համերգները հրաժարվում է անվճար կազմակերպել:
Ասուլիսին ներկա էր նաեւ աշակերտներից մեկի մայրը, ըստ որի` իր որդու ավարտական համերգը դպրոցում կազմակերպելու համար տնօրենը գումար է պահանջել: Նույն մեղադրանքը հաստատում էր նաեւ այդ երեխայի ուսուցիչը: Մայրն ասում էր. «Պարոն Հեքեքյան, թատրոն մի սարքեք, դուք ինձնից 100 դոլար վերցրեցիք ու որպես նվիրատվություն ձեւակերպեցիք»: Տ. Հեքեքյանը զարմացավ. «Ես ձեզ հետ ընդհանրապես չեմ հանդիպել, ես միայն ձեր տղայի հետ եմ խոսել»: Մայրն ասաց. «Այո, բայց դուք նրան ասացիք` իսկ դու ի՞նչ ես արել դպրոցի համար, որ հիմա քո համերգը կազմակերպենք»: Տ. Հեքեքյանն ասաց. «Ես որեւէ մեկից գումար չեմ վերցրել: Մարդը կամ վերցնում է կաշառք, կամ չի վերցնում: Ես չեմ վերցրել: Իսկ ինձ ուղղված բոլոր մեղադրանքները հիմնված են շուռ տված դեպքերի վրա»:
Ո՞վ է իրավացի, իսկ ո՞վ է լկտիորեն ստում՝ թերեւս, պիտի պարզեն դատական հետաքննությունը կամ էլ ստուգումներ անցկացնողները, քանի որ կողմերից մեկը հաստատ զրպարտում ու վրեժխնդիր է լինում: Այստեղ երկու ճշմարտություն լինել չի կարող:
Դպրոցի տնօրենն ասում է. «Թող աղմկեն, թող իրենց երեխաներն ու թոռներն էլ աղմկեն, ես ինքս չեմ իջնի նրանց մակարդակին: Կրկնում եմ, դպրոցում ամեն ինչ կարգին ու հրաշալի է»:
Միգուցե այդպիսի արնախում մթնոլորտում դասեր վարելն ու տնօրինելը նորմալ ու հրաշալի է, սակայն դա ավելի շուտ՝ մարգինալ մարդու, այլ` ոչ թե ուսումնական պրոցեսի համար պատասխանատու մարդու կեցվածք է:
Դպրոցի հրաշալի կամ նողկալի լինելը մի հարց է, որը չի կարող ինքնահոսի թողնվել: Եվ եթե կան ծնողներ, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխան երաժշտական կրթություն ստանա, ապա հաստատ այս տգեղ դեպքերից հետո պետք է մի լավ մտածեն` արժե՞ արդյոք վտանգել երեխայի հոգեբանությունն ու ֆիզիկական առողջությունը: Եթե տնօրենն այդ մասին իրապես մտահոգվում է, ապա նա պարտավոր է իրեն վստահված ուսումնական հաստատությունում ոչ թե որպես տիրակալ երեւալ, այլ` հաշտության եզրեր գտնել այն մասնագետների հետ, ում մենք վստահում ենք մեր երեխաներին: