Մեծ թվեր

02/11/2008

ՀՀ պետբյուջեի միջոցներով այս տարվա անցած 9 ամիսներին կատարվել են պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ 10,1 մլրդ դրամի շրջանակներում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` արդեն ավարտվել են 150 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման եւ 20 կմ մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքները: Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով այս տարի պետբյուջեի միջոցներով նախատեսված է իրականացնել ընդհանուր առմամբ 11,4 մլրդ դրամի աշխատանքներ: Մասնավորապես` նշված գումարն ուղղվելու է շուրջ 164,8 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու 24 կմ մետաղական արգելափակոցների տեղադրմանը: Պետբյուջեի (476,7 մլն դրամ) միջոցներով արդեն նորոգվել է 18 կամուրջ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների շահագործման ու պահպանման նպատակով կատարվել է՝ 4 մլրդ 425,8 մլն, իսկ թունելների եւ կամուրջների պահպանման համար` 204,2 մլն դրամի աշխատանք:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով առաջիկա մեկ ամսում շահագործման կհանձնվի Արմավիր-Գյումրի-Իսահակյան ճանապարհի 24,5 կլիոմետրանոց հատվածը: Այդ աշխատանքների իրականացման համար ծախսվել է շուրջ 1,5 մլրդ դրամ: